Twitter-ի ձեռքբերումը բացասաբար է ազդել Tesla-ի գործերի և Իլոն Մասկի կարողության վրա. սոցիալական ցանցի ձեռքբերման մասին առաջին լուրերի ի հայտ գալուն պես Tesla-ի բաժնետոմսերի գինն սկսել է նվազել և այսօր հասել է երկու տարվա նվազագույնին, իսկ Մասկը դրա հետևանքով 70 միլիարդ դոլար է կորցրել։ Մասկի կարողությունը ներկայումս գնահատվում է 194,8 մլրդ դոլար։
Ինչպես հայտնում է Reuters-ը, ներդրողները մտավախություն ունեն, որ Մասկն հիմա իր գրեթե ողջ ուշադրությունը կենտրոնացնում է Twitter-ի վրա և անտեսում էլեկտրական ավտոմեքենաների իր բիզնեսը։ Իսկ քանի որ այս ոլորտում մրցակցությունը մեծանում է, սեփական բիզնեսն այս աստիճան անտեսելը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։
Եթե 2021 թ․ նոյեմբերին Tesla-ի մեկ բաժնետոմսը վաճառվում էր 400 դոլար և ավելի, իսկ 2022 թ․ ապրիլին ավելի քան 350 դոլարով, ապա այժմ մեկ բաժնետոմսի արժեքը նվազել է մինչև 190 դոլար։ Տարվա կտրվածքով բաժնետոմսերի արժեքի նվազումը գնահատվում է -43,93%:
Ընկերության բաժնետոմսերը մոտավորապես նույնքան արժեին 2020 թ․ նոյեմբերին՝ COVID-19 համաճարակի ամենաթեժ պահին։
Հոկտեմբերի 28-ին Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք բերեց Twitter-ը։ Ըստ Barron's պարբերականի՝ Twitter-ի ակտիվների գնման հետ կապված մնացած ծախսերը հոգալու համար Մասկը հոկտեմբերի վերջին ստիպված է եղել 5-10 միլիարդ դոլարի չափով Tesla-ի բաժնետոմսեր վաճառել։
Հետաքրքիր է, որ Twitter-ի ձեռքբերմանը նախորդող ժամանակահատվածում Մասկը չի վաճառել բաժնետոմսեր, սակայն նոյեմբերի 4-8-ը վաճառել է Tesla-ի՝ իրեն պատկանող 19,5 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր 3,95 միլիարդ դոլարով:
Որոշ փորձագետների կարծիքով՝ Tesla-ի բաժնետոմսերի գնանկումը միայն մասամբ է պայմանավորված Մասկի գործողություններով, քանի որ վերջին երեք օրվա ընթացքում փոխվել են ընկերության 319 միլիոն բաժնետոմսերի սեփականատերերը, մինչդեռ Մասկը վաճառել է ընդամենը 19,5 միլիոն բաժնետոմս՝ նշված քանակից 6%-ից ոչ ավելի։
Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի՝ իրեն պատկանող 17,6 միլիոն բաժնետոմս, որը կազմել է ընդհանուր 15 միլիարդ դոլար: Բայց քանի որ Twitter-ի գործարքի ֆինանսավորման մեխանիզմը հրապարակային չէր, դժվար է դատել, թե արդյո՞ք Մասկը Tesla-ի լրացուցիչ բաժնետոմսեր կվաճառի Twitter-ի հետ կապված ծախսերը հոգալու համար:
Մասկին ներկայումս պատկանում է Tesla-ի 446 մլն բաժնետոմս, ինչը կազմում է ընկերության մոտ 12% բաժնեմասը։
ամիս
շաբաթ
օր