Իլոն Մասկը $70 մլրդ է կորցրել. Twitter-ը գնելու գործարքից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը հասել է 2 տարվա նվազագույնին

9 նոյեմբերի, 2022  10:47

Twitter-ի ձեռքբերումը բացասաբար է ազդել Tesla-ի գործերի և Իլոն Մասկի կարողության վրա.  սոցիալական ցանցի ձեռքբերման մասին առաջին լուրերի ի հայտ գալուն պես Tesla-ի բաժնետոմսերի գինն սկսել է նվազել և այսօր հասել է երկու տարվա նվազագույնին, իսկ Մասկը դրա հետևանքով 70 միլիարդ դոլար է կորցրել։ Մասկի կարողությունը ներկայումս գնահատվում է 194,8 մլրդ դոլար։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ներդրողները մտավախություն ունեն, որ Մասկն հիմա իր գրեթե ողջ ուշադրությունը կենտրոնացնում է Twitter-ի վրա և անտեսում էլեկտրական ավտոմեքենաների իր բիզնեսը։ Իսկ քանի որ այս ոլորտում մրցակցությունը մեծանում է, սեփական բիզնեսն այս աստիճան անտեսելը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։

Tesla-ի բաժնետոմսերը հասել են 2020 թ․ համաճարակի մակարդակին

Եթե ​​2021 թ․ նոյեմբերին Tesla-ի մեկ բաժնետոմսը վաճառվում էր 400 դոլար և ավելի, իսկ 2022 թ․ ապրիլին ավելի քան 350 դոլարով, ապա այժմ մեկ բաժնետոմսի արժեքը նվազել է մինչև 190 դոլար։ Տարվա կտրվածքով բաժնետոմսերի արժեքի նվազումը գնահատվում է -43,93%:

Ընկերության բաժնետոմսերը մոտավորապես նույնքան արժեին 2020 թ․ նոյեմբերին՝ COVID-19 համաճարակի ամենաթեժ պահին։

Մասկը Tesla-ի՝ մոտ 4 մլրդ դոլարի բաժնետոմ է վաճառել

Հոկտեմբերի 28-ին Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք բերեց Twitter-ը։ Ըստ Barron's պարբերականի՝ Twitter-ի ակտիվների գնման հետ կապված մնացած ծախսերը հոգալու համար Մասկը հոկտեմբերի վերջին ստիպված է եղել 5-10 միլիարդ դոլարի չափով Tesla-ի բաժնետոմսեր վաճառել։

Հետաքրքիր է, որ Twitter-ի ձեռքբերմանը նախորդող ժամանակահատվածում Մասկը չի վաճառել բաժնետոմսեր, սակայն նոյեմբերի 4-8-ը վաճառել է Tesla-ի՝ իրեն պատկանող 19,5 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր 3,95 միլիարդ դոլարով:  

Որոշ փորձագետների կարծիքով՝ Tesla-ի բաժնետոմսերի գնանկումը միայն մասամբ է պայմանավորված Մասկի գործողություններով, քանի որ վերջին երեք օրվա ընթացքում փոխվել են ընկերության 319 միլիոն բաժնետոմսերի սեփականատերերը, մինչդեռ Մասկը վաճառել է ընդամենը 19,5 միլիոն բաժնետոմս՝ նշված քանակից 6%-ից ոչ ավելի։

Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի՝ իրեն պատկանող 17,6 միլիոն բաժնետոմս, որը կազմել է ընդհանուր 15 միլիարդ դոլար: Բայց քանի որ Twitter-ի գործարքի ֆինանսավորման մեխանիզմը հրապարակային չէր, դժվար է դատել, թե արդյո՞ք Մասկը Tesla-ի լրացուցիչ բաժնետոմսեր կվաճառի Twitter-ի հետ կապված ծախսերը հոգալու համար:

Մասկին ներկայումս պատկանում է Tesla-ի 446 մլն բաժնետոմս, ինչը կազմում է ընկերության մոտ 12% բաժնեմասը։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ