ԱՄՆ-ում պահանջում են փակել TikTok-ը երկրում․ արդյո՞ք սոցցանցը գրաքննում է ընտրությունների մասին տեսանյութերը

8 նոյեմբերի, 2022  19:27

ԱՄՆ-ում կրկին պահանջում են, որպեսզի չինական սոցցանց TikTok-ի գործունեությունն արգելվի երկրում, քանի որ ամերիկացի օգտատերերի տվյալները կարող են հայտնվել Չինաստանի կառավարության տրամադրության տակ։ Օրերս արած մի ուսումնասիրություն էլ պարզել է, որ TikTok-ը գրաքննում է ԱՄՆ-ում ընտրությունների վերաբերյալ տեսանյութերը։

Bloomberg-ին տված հարցազրույցում Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի հանրապետական ​​անդամ Բրենդան Քարրը հայտարարել է, որ TikTok-ի աշխատանքը պետք է արգելվի երկրում։ Նա մատնացույց է արել ԱՄՆ-ից տվյալների հոսքի հնարավորությունը դեպի Չինաստան՝ նշելով, որ դա կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար։

Հաղորդակցության դաշնային հանձնաժողովն իրավասություն չունի այս հարցում, իսկ TikTok-ին ամիսներ շարունակ քննադատող Բրենդան Քարրը, որի կուսակցությունը հանձնաժողովում չունի մեծամասնություն, չի կարող շատ բան անել, որպեսզի TikTok-ը չգործի ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, այլ գերատեսչություններ ևս քննարկում են TikTok-ի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հարցը:

Հանձնաժողովը դիտարկում է նաև այլ նախաձեռնություններ, օրինակ՝ Չինաստանից հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքի սահմանափակումը՝ տվյալների գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով: Բրենդան Քարրն ասել է, որ ինքը նույնպես աջակցում է այդ գաղափարին։

Քարը նաև ասել է, թե ցանկանում է, որ Twitter սոցցանցը, որն այժմ պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, պաշտպանի քաղաքական խոսքը իր հարթակում: Նա կարծում է, որ կառավարությունը կարող է միջամտել դա իրականացնելու համար:

«Չեմ կարծում, որ մենք պետք է ապավինենք միայն Իլոն Մասկի կամ որևէ այլ միլիարդատիրոջ բարեգործությանը,- ասել է Քարը,- Ես կարծում եմ, որ մենք պետք է այնպիսի կանոնակարգեր սահմանենք, որոնք կպաշտպանեն քաղաքական խոսքը թվային քաղաքի հրապարակում»:

Արդյո՞ք TikTok-ը գրաքննում է ԱՄՆ-ում ընտրությունների մասին տեսանյութերը

TikTok-ը, ինչպես գրեթե յուրաքանչյուր այլ հարթակ, ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ ամիսներ շարունակ քարոզում է ընտրությունների հարցում իր արդար քաղաքականության մասին: Սակայն Accelerate Change ոչ առևտրային կազմակերպության իրականացրած փորձը ապացուցում է հակառակը․ TikTok-ն ավելի քիչ մարդկանց է ցույց տալիս այն տեսանյութերը, որոնք ԱՄՆ-ում ընտրությունների մասին ակնհայտ դետալներ են պարունակում։

Հետազոտության շրջանակում Accelerate Change-ը ինֆլուենսերների մասնակցությամբ քվեարկությանն առնչվող 10 զույգ տեսահոլովակ է հրապարակել TikTok-ում: Բոլոր տեսանյութերն ունեցել են միանման բովանդակություն, բացառությամբ մեկի, որում ինֆլուենսերը բարձրաձայն ասում է «ընտրություններ», «քվեարկություն», «միջանկյալ ընտրություններ» և «դուրս եկեք և քվեարկեք»: Մյուս տարբերակում փորձի մասնակիցը ոչ թե բարձրաձայն է ասում դա, այլ այդ նույն բովանդակությամբ ձեռագիր ցուցապաստառներ է պահում։

Տեսանյութերը միասին ունեցել են մոտ 370,000 դիտում: Սակայն հատկանշական է, որ այն տեսանյութը, որոնցում ինֆլուենսերը բարձրաձայն է արտասանում վերոնշյալ բառերը, 65%-ով ավելի քիչ դիտումներ է ունեցել, քան տեսանյութերը, որոնցում ձեռագիր ցուցապաստառներ էին ցուցադրվում։

TikTok-ի որոշ աշխատակիցներին հասանելի են Բրիտանիայում և ԵՄ-ում օգտատերերի տվյալները

Անցած շաբաթ TikTok-ը հայտարարեց, որ Չինաստանում իր որոշ աշխատողների հասանելի են Միացյալ Թագավորության և Եվրոպական Միության տարածքում գրանցված օգտատերերի տվյալները: Ընկերությունը պարզաբանել է, որ դա անհրաժեշտ է այդ աշխատողներին՝ իրենց աշխատանքն անելու համար։  

Էլեն Ֆոքսը, Եվրոպայում TikTok-ի տվյալների գաղտնիության հարցերով ղեկավարը, հայտարարել է, որ գլոբալ թիմն օգնում է, որպեսզի հարթակից օգտվողների համար անվտանգ և հաճելի փորձառություն ապահովվի։

Թեև TikTok-ը եվրոպացի օգտատերերի տվյալները ներկայում պահում է ԱՄՆ-ում և Սինգապուրում, ընկերությունը Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Իսրայելում, Ճապոնիայում, Մալայզիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Միացյալ Նահանգներում գտնվող որոշ աշխատակիցների թույլ է տալիս հեռավար կարգով մուտք ունենալ TikTok եվրոպական օգտատերերի տվյալներին։

«Մեր ջանքերը կենտրոնացած են եվրոպացի օգտատերերի տվյալներին հասանելիություն ունեցող աշխատակիցների թիվը սահմանափակելուն, տարածաշրջանից դուրս տվյալների հոսքը նվազագույնի հասցնելու և եվրոպական օգտատերերի տվյալները տեղում պահպանելու վրա»,- վստահեցրել է նա։

Նախկինում ԱՄՆ-ում ևս պահանջել էն արգելել TikTok-ի աշխատանքը

Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ում պահանջում են արգելել TikTok-ի աշխատանքը երկրում։ 2020թ․ ԱՄՆ ազգային անվտանգության հանձնաժողովը TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերությունից պահանջել էր վաճառել իր ԱՄՆ-ում գործող մասը՝ նշելով, որ մտավախություն ունեն, որ օգտատերերի տվյալները կարող են հասանելի դառնալ Չինաստանի իշխանություններին։

Այս տարվա հունիսին TikTok-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ում գրանցված օգտատերերի մասին տեղեկատվությունը տեղափոխել է սերվերներ, որոնք սպասարկում են ծրագրային ապահովման ամերիկյան Oracle ընկերության կողմից Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:

Այս տարվա հոկտեմբերին TikTok-ը հերքել է տեղեկությունները, թե ByteDance-ի չինական թիմը նախատեսում է օգտագործել հավելվածը՝ ԱՄՆ քաղաքացիների գտնվելու վայրը տեղորոշելու նպատակով։ TikTok-ի տարածած հայտարարությունում ասվում էր, որ իրենք երբեք չեն օգտագործել հարթակը ամերիկյան կառավարությանը, ակտիվիստներին, հասարակական գործիչներին կամ լրագրողներին «թիրախավորելու» համար:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ