Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում. ինչպե՞ս հետեւել օնլայն

8 նոյեմբերի, 2022  10:20

Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում՝ երկրորդը այս տարվա մեջ: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։

Բյուրականի աստղադիտարանից NEWS.am Tech-ին հայտնում են, որ, ցավոք, Հայաստանից այն հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։

Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն:

Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։

Խավարմանը կարող եք հետևել առցանց` հետևյալ հղումով: Կամ՝ հենց մեր էջում.

Ինչպե՞ս կարելի է դիտել Լուսնի խավարումը

Ի տարբերություն արևի խավարման, որը դիտելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ակնոց, Լուսնի խավարումը լիովին անվտանգ է անզեն աչքով դիտելու համար: Նաև, ի տարբերություն արևի խավարման, որի դեպքում խավարման ամբողջ ցիկլը տևում է ընդամենը մի քանի րոպե, Լուսնի խավարումը շատ ավելի երկար է տևում։

Նոյեմբերի 8-ին Լուսնի խավարումը կտևի մի քանի ժամ։ Ամբողջական խավարումը կտևի 85 րոպե, իսկ մասնակի խավարումը՝ երկու ժամ։

Երբ տեղի կունենա Լուսնի հաջորդ խավարումը

Նոյեմբերի 8-ի խավարումը 2022-ին լուսնի երկրորդ ամբողջական խավարումն, է առաջինը տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Լուսնի ևս երկու խավարում տեղի կունենա 2023թ․։ Առաջինը տեղի կունենա մայիսի 5-6-ը և տեսանելի կլինի Արևելյան Եվրոպայից, Անտարկտիդայից, Ասիայի մեծ մասից, Ավստրալիայից, Աֆրիկայից, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսից, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներից:

Լուսնի մյուս (մասնակի) խավարումը տեղի կունենա հոկտեմբերի 28-29-ին։ Այն տեսանելի կլինի առնվազն մասամբ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից, Հյուսիսային և Արևելյան Հարավային Ամերիկայից, Արկտիկայից, Անտարկտիդա և Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներից:


 
 
 
 
  • Արխիվ