Twitter-ը հետաձգում է $8-ով կապույտ ստուգանիշի բաժանորդագրության գործարկումը. այն գուցե հասանելի լինի ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո

7 նոյեմբերի, 2022  18:17

Twitter-ը հետաձգել է 8 դոլարով վերֆիկացման մասին հավաստող կապույտ ստուգանիշի բաժանորդագրության գործարկումը, թեև աշխատակիցները, որոնք մշակում էին այս գործառույթը, հասցրել էին աշխատանքներն անել սահմանված ժամկետներում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ բաժանորդագրությունը կգործարկվի ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո։

Փորձագետների կարծիքով՝ 8 դոլարով ստուգանիշը կարող է յուրաքանչյուրին հնարավորություն տալ հանդես գալ մեկ ուրիշի անվան տակ։ Ընդ որում, նման դեպքեր արդեն եղել են, թեպետ Twitter-ն այսօր հենց դրա դեմ է պայքարում։

Օրինակ՝ վերջերս Twitter-ի ադմինիստրացիան արգելափակել է ավելի քան 2 միլիոն բաժանորդ ունեցող ամերիկացի կատակերգու և դերասանուհի Քեթի Գրիֆինի օգտահաշիվը, քանի որ իր անվան փոխարեն նա Twitter-ի իր էջում նշել էր Իլոն Մասկի անունը։

Բացի դրանից, վերջերս արգելափակել են ևս երկու քաղաքացու օգտահաշիվները, որոնք Բեն Աֆլեքի և Թոբի Մագուայերի անուններով կեղծ օգտահաշիվներ էին գրանցել, նրանց համար գնել վերիֆիկացիայի մասին հավաստող ստուգանիշը և հրապարակումներ արել՝ ազդարարելով «Բեթմեն»-ի և «Սարդ մարդը» ֆիլմերի նոր սերիայի մասին։

Եթե նախկինում Twitter-ը օգտատերերին նախազգուշացնում էր մինչև օգտահաշիվներն արգելափակելը, ապա հիմա նախազգուշացում չի լինի։ Մասկի խոսքով՝ Twitter-ում այլոց փոխարեն հանդես եկող օգտատերերը ընդմիշտ կարգելափակվեն, նույնիսկ եթե նրանք ունենան կապույտ ստուգանիշ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ, 8 դոլար վճարելով Blue բաժանորդագրության համար, չկարողանան մոլորության մեջ գցել այլ օգտատերերի և կեղծ ինքնության տակ տեղեկություններ չհրապարակեն։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ