Binance կրիպտոբորսան տուգանվել է $2,7 միլիարդով, ևս $150 մլն տուգանք կվճարի նախկին ընօրենը

21 դեկտեմբերի, 2023  21:11

ԱՄՆ դատարանը վճիռ է կայացրել Binance կրիպտոարժույթների բորսայի և նրա նախկին գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի դեմ՝ տուգանքներ սահմանելով ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի (CFTC) հարուցած փողերի լվացման գործով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։ Դատարանի որոշմամբ՝ Չանգպեն Չժաոն CFTC-ին կվճարի 150 մլն դոլար, իսկ Binance-ը՝ 2,7 մլրդ դոլար։

Իլինոյսի Հյուսիսային օկրուգի շրջանային դատարանը, մասնավորապես, Binance-ին պարտավորեցրել է փոխհատուցել 1,35 միլիարդ դոլար՝ անօրինական գործարքների դիմաց, և վճարել լրացուցիչ 1,35 միլիարդ դոլար տուգանք:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Չանգպեն Չժաոն հրաժարական տվեց և իրեն մեղավոր ճանաչեց փողերի լվացման դեմ պայքարի ԱՄՆ օրենքները խախտելու մեջ՝ որպես համաձայնագրի մի մաս, որն ավարտում է տարիներ տևած հետաքննությունը աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայում:

Binance-ի ղեկավարությունը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում «պատմական հանցավոր խախտումների համար»: Պլատֆորմն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման և պատժամիջոցների դեմ պայքարի ԱՄՆ օրենքները խախտելու և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների մասնակցությամբ ավելի քան 100,000 կասկածելի գործարքների մասին չհայտնելու մեջ:

Binance-ը նաև չի տեղեկացրել երեխաների չարաշահման նյութեր վաճառող կայքերի հետ կապված գործարքների մասին և եղել է փրկագին պահանջող վիրուսային ծրագրերի եկամուտների ամենամեծ ստացողներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը 4,3 միլիարդ դոլար տուգանք կվճարի։


 
 
 
 
  • Արխիվ