ՏՏ մասնագիտություններ․ ինչո՞ւ չի կարելի թերագնահատել UX և UI դիզայներների աշխատանքը

5 նոյեմբերի, 2022  11:00

Կայքից կամ հավելվածից օգտվելու պարզությունից և հարմարավետությունից է կախված՝ օգտատերը կվերադառնա դրան, թե՝ ոչ։ Սրանով է կարևորվում ՏՏ դիզայներների դերը դրանց ստեղծման գործընթացում։ Փորձենք հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում UI և UX դիզայներների մասնագիտացումները, ինչումն է դրանց տարբերությունը և ինչու են այս տերմինները հաճախ միասին օգտագործվում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում UX դիզայնը

UX հապավումը բացվում է որպես User Experience կամ օգտատիրոջ փորձառություն։ Այս մասնագետի խնդիրն է ստեղծել կամ մշակել այնպիսի թվային արտադրանք, որը կլինի առավելագույնս արդյունավետ, հասանելի, վստահելի և կլուծի օգտատերերի հիմնական խնդիրները (կլինի օգտակար): Այսինքն՝ նրանք պետք է ստանան կայքի կամ հավելվածի տրամաբանական կառուցվածք, որի շնորհիվ օգտատերը անմիջապես կկողմնորոշվի՝ ինչպես օգտվել և ինչ կարող է ստանալ դրանից։ 

UI դիզայները՝ թվային էսթետ

UI-ը User Interface (օգտատիրոջ ինտերֆեյս) բառակապակցության հապավումն է։ UI դիզայների խնդիրն է ստեղծել թվային արտադրանքի ինտերֆեյսի ինտերակտիվ և վիզուալ պատկերը։ Այսինքն՝ այս մասնագետը ստեղծում է կոճակներ, գովազդային բաներներ, պատկերակներ (icons), ընտրում տառատեսակներ, գույներ և տեսողական այլ բաղադրիչներ, որոնք օգտատերն օգտագործում է արտադրանքն օգտագործելիս։ Աշխատանքի գլխավոր առանձնահատկությունն ընտրված բոլոր բաղադրիչները ներդաշնակեցնելն է՝ ստեղծելով աչքի համար հաճելի համակցություն՝ համապատասխան ընկերության կորպորատիվ ոճին։

ui_ux1.jpg (249 KB)

Շատ դեպքերում այս երկու մասնագիտությունները միավորվում են՝ ստեղծելով UI/UX դիզայների մասնագիտությունը, որը պատասխանատու է կայքի էսթետիկ ու ֆունկցիոնալ որակի և հարմարավետության համար։

Աշխատանքի ընթացքում UI/UX դիզայներները հիմնականում օգտագործում են հետևյալ ծրագրերը՝ Maze, Sketch, Adobe XD, Balsamiq, Figma, Invision, Zeplin, Marvel, Axure, Framer, UXPin, Flinto և այլն։

Մի փոքր վիճակագրություն

  • UX-ում ներդրումների վերադարձելիությունը կազմում է մինչև 9900%.
    Այսինքն, օրինակ՝ $1 ներդրումը UX-ում բիզնեսին կարող է բերել շուրջ $100 եկամուտ։
  • Օգտատիրոջ փորձառության բարելավումը բերում է առանցքային կատարողական ցուցանիշի (KPI, key parameter indicator) 80% աճի։ KPI ցուցանիշը ցույց է տալիս, թե բիզնեսը որքանով է հասել իր նպատակներին։ Այս ցուցանիշը սահմանում է բիզնեսը, օրինակ՝ ամսվա ընթացքում 1000 վաճառք կամ $2000 դոլարի եկամուտ և այլն։
  • Օգտատերերի հարմարավետ ինտերֆեյսը հանգեցնում է կայքի փոխարկման դրույքի (conversion rate) 200% աճի։ Փոխարկման դրույքը կայքում որևէ նպատակային գործողություն (գնում, նամակագրություն և այլն, կրկին սահմանվում է բիզնեսի կողմից) կատարած այցելուների թվի և այցելուների ընդհանուր թվի հարաբերությունն է։
  • Մարդկանց ընդամենը մեկ տոկոսն է կարծում, որ իրենց այցելած առցանց առևտրի հարթակները համապատասխանում են իրենց ակնկալիքներին։
  • Այցելուների 90%-ը չի վերադառնում կայք վատ UX-ի պատճառով։
  • Սմարթֆոնների օգտատերերը հինգ անգամ ավելի հակված են լքել կայքերը, եթե դրանք օպտիմիզացված չեն սարքավորման համար։
  • Կայքի գործարկման ընդամենը մեկ վայրկյան ուշացումը 7%-ով նվազեցում է փոխարկումների (conversions) թիվը։
  • Առցանց բիզնեսների 70%-ը ձախողվում է վատ UX-ի պատճառով։
  • Հաճախորդների 75%-ը կայքի հուսալիության մասին կարծիք է կազմում՝ հիմնվելով դրա էսթետիկ տեսքի վրա։
  • Մարդկանց 59%-ը կայքի տպավորիչ դիզայն է նախընտրում, 41%-ը` պարզ։
  • Այցելուների՝ կայք չվերադառնալու հիմնական պատճառներից մեկը (52%) ոչ էսթետիկ տեսքն է, հաջորդը (46%) կայքում ընկերության գործունեության մասին ոչ բավարար կամ ոչ հասանելի տեղեկատվությունը։

UI/UX դիզայների մասնագիտությունը Հայաստանում

Հայկական շուկայում հիմնականում UI և UX դիզայներների մասնագիտությունները մեկտեղվում են։ Գաղտնիք չէ, որ մասնագիտությունը մեծ պահանջարկ է վայելում այստեղ, այսպիսով պահանջարկ ստեղծելով նաև այն սովորեցնելու դասընթացների համար, որոնք խոստանում են ամիսների ընթացքում ծանոթացնել դրա բոլոր նրբություններին և պատրաստել աշխատանքի պատրաստ մասնագետներ։ 

Համաձայն Glassdoor հարթակի՝ UI/UX դիզայներների աշխատավարձը Հայաստանում տատանվում է ամսական 150,000-1,000,000 դրամի միջակայքում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ