Արդյո՞ք մի օր մեքենաները գիտակցություն կունենան․ ինչպե՞ս մեքենայական ուսուցումը կփոխի աշխարհը

6 նոյեմբերի, 2022  11:29

Համակարգիչները, մեքենաներն ինքնուրույն ոչ մի բան չեն սովորում, այլ կատարում են գործողություններ՝ հիմնված կոդի վրա, որը մարդիկ գրում են, որպեսզի նկարագրեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի մեքենան որոշ օրինաչափություններ հասկանալու համար, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է Toloka ընկերության մեքենայական ուսուցման բաժնի ղեկավար Ֆեդոր Ժդանովը։

«Մեքենան չի որոշում, թե ինչ սովորել։ Մեքենաներն իրականում որոշումներ չեն կայացնում, թե ինչին պետք է հետևեն, ինչն է անհրաժեշտ և ինչը՝ ոչ, այլ ավելի շուտ հետևում են ալգորիթմին, ինչը կողքից դիտողի մոտ տպավորություն է ստեղծում, որ մեքենան ոչինչ չգիտեր և հիմա գիտի ինչ-որ բան»,- ասում է նա:

Այսօր մեքենայական ուսուցման կիրառության ոլորտը զգալիորեն աճել է՝ տեքստերի դասակարգումից մինչև խելացի քաղաքներ ու տիեզերք։ Հասկանալու համար, թե որն է դրա ապագան, ըստ Ֆեդոր Ժդանովի՝ պետք է նախ հասկանալ, թե ոլորտներում են տվյալների հետ կապված որոշումներ կայացվում, որ ոլորտներում են հանդիպում շատ կրկնվող առաջադրանքները։

Ըստ նրա՝ շատ առաջադրանքներ, որոնք ունեն կատարման շատ հստակ ուղիներ, հավանաբար կավտոմատացվեն մեքենայական ուսուցման կիրառմամբ, քանի որ մեքենայական ուսուցումն ընկած է արհեստական բանականության ավելի մեծ հայեցակարգի հիմքում, իսկ արհեստական բանականությունը հաճախ կանգնած է որոշ որոշումների կամ գործողությունների հետևում, որոնք կատարում են ֆիզիկական աշխարհի որոշ սուբյեկտներ, ինչպիսիք են ռոբոտները կամ ինքնակառավարվող մեքենաները:

«Ամենուր, որտեղ տեսնում եք որոշակի կրկնվող գործողություն, կարծում եմ, որ մարդիկ կփորձեն այն ավտոմատացնել ինչ-որ մեքենաների միջոցով»,- ասում է նա։

Ի պատասխան հարցի, թե արդյոք մեքենան, ռոբոտը կարող է մի օր գիտակցություն ձեռք բերել, Ֆեդոր Ժդանովն ասում է, որ իր կարծիքով՝ այս հարցը շատ հստակ պատասխան չունի։ Իսկ խնդիրը, ըստ նրա, շատ ավելի ցայտուն է դառնում հիմա, երբ մեքենաներն ի վիճակի են ֆիքսելու այդքան շատ չկառուցվածքայնացված տվյալներ, պատկերներ, տեքստեր կամ տեսանյութեր:

«Այդ մեքենաներում պահվող գիտելիքի կամ տեղեկատվության ծավալն այնքան մեծ է, որ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե տվյալ մեքենան գիտակցություն ունի, ունի իր սեփական միտքը, բայց դա կոնկրետ ծրագիր է»,- նշում է նա:  

Ֆեդոր Ժդանովն ասում է, որ այս թեմայով իր լսած ամենահետաքրքիր քննարկումներից մեկն այն մասին էր, որ թե ինչու են մարդիկ տան որոշ իրերի անուններ դնում, օրինակ՝ շարժվող փոշեկուլներին, իսկ փոշեկուլներին, պարզվում է, ոմանք իրոք անուններ են դնում։

«Որքան արագաշարժ և անկանխատեսելի է ձեր «ուղեկիցը», լինի դա փոշեկուլը կամ գուցե փոքրիկ ռոբոտ շուն, մենք այդքան ավելի շատ ենք կարծում, որ արժե նրան անուն տալ և գուցե ուշադրություն դարձնել, թե կոնկրետ ինչպես ենք վարվում այդ իրի կամ սուբյեկտի հետ: Իրականում դա էթիկայի հարցի հետ է կապված, թե ինչպես եք վարվում ռոբոտների հետ»,- նշում է նա։

Fedor Zhdanov 2 .JPG (881 KB)

Ֆեդոր Ժդանովի խոսքով՝ էթիկայի տեսանկյունից այստեղ նաև հարց է ծագում, թե ինչպես են մարդիկ վարվում ոչ մարդկանց, օրինակ՝ ռոբոտների, կենդանիների հետ։ Նրա խոսքով՝ այս հարցին պատասխանելու եղանակներից մեկը հասկանալն է, թե հասարակությունը կամ մարդիկ ինչպես են փոխվելու, եթե սկսեն որոշակի վարք դրսևորել։

«Օրինակ՝ մարդիկ սկսում են սեղաններ կոտրել։ Եվ տվյալ հասարակությունում սեղաններ կոտրելը համարվում է նորմալ, ճիշտ է՝ լավ պահվածք չի համարվում, բայց սարսափելի էլ չէ: Արդյո՞ք սրանով տվյալ հասարակությունն ավելի վատն է դառնում, եթե նորմալ է համարում սեղաններ կոտրելը: Գուցե իմաստ չունի մարդուն 25 տարով բանտ նստեցնել, եթե նա սեղան է կոտրել։

Հիմա եթե խոսում ենք մարդ սպանելու մասին, ապա դա համարվում է քրեորեն պատժելի ծանր արարք, շատ օրենքներ են գործում, որպեսզի նման բան տեղի չունենա։ Այդ օրենքների առկայության պատճառն այն է, որ հասարակությունը մտածում է, որ եթե մարդկանց հեշտությամբ թույլ տրվի նման արարք գործել, ապա հասարակությունը քաոսի մեջ կհայտնվի»- բացատրում է նա։

Ֆեդոր Ժդանովն ասում է, որ սրանք երկու ծայրահեղ դեպքեր են, իհարկե, և կենդանիների ու ռոբոտների նկատմամբ մեր պահվածքը այս օրինակների միջև ինչ-որ տեղ է։

«Հենց սկսենք մտածել, որ ռոբոտների հանդեպ մեր վարվելակերպը կազդի հասարակության վիճակի վրա, այն իմաստով, որ հասարակությունը կարող է հայտնվել քաոսում, կամ մեր վարքագիծը կառաջացնի հասարակական որոշակի տրամադրություններ, կամ էթիկական նորմերը չեն գործի այնպես, ինչպես հիմա, այդ պահից կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ միգուցե պետք է որոշ տեսակի ռոբոտներին վերաբերվենք այլ կերպ, քան այն իրերին, որ ստեղծել ենք»,- նշում է Toloka ընկերության մեքենայական ուսուցման բաժնի ղեկավար Ֆեդոր Ժդանովը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ