Twitter-ում նոր վճարովի ծառայություններ կլինեն․ ինչո՞ւ է Մասկը կարգադրել տարեկան 1 մլրդ դոլար խնայել

4 նոյեմբերի, 2022  16:15

Twitter-ը նախատեսում է իր օգտատերերին նոր ու վճարովի գործառույթներ առաջարկել, իսկ ընկերության նոր գլխավոր տնօրեն Իլոն Մասկը կարգադրել է տարեկան մոտ 1 մլրդ դոլար խնայել, ինչը, ըստ որոշ մասնագետների կարող է լրջորեն խոչընդոտել ընկերության աշխատանքին հատկապես լարված ժամանակաշրջաններում։ Միևնույն ժամանակ մի քանի խոշոր ընկերություններ արդեն հրաժարվում են Twitter-ում իրենց ապրանքները գովազդելուց։

Ըստ The New York Times-ի տվյալների՝ վճարովի կարող է դառնալ հայտնիներին անհատական հաղորդագրություններ ուղարկելու և կոնկրետ տեսանյութեր դիտելու հնարավորությունը։

13 մլրդ դոլար վարկ՝ բարձր տոկոսադրույքով

Վճարովի գործառույթների մասին քննարկումները սկսվել են Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերումից անմիջապես հետո։ Պարբերականի տվյալներով՝ այս միջոցառումները միտված են արագ շահույթ ստանալուն, քանի որ Մասկը գործարքն ավարտին հասցնելու համար 13 միլիարդ դոլարի բարձր տոկոսադրույքով վարկ է վերցրել։

Հենց այդ վարկը մարելու շրջանակում էլ ընկերությունը նախատեսում է նաև կրճատել աշխատակիցների մոտ կեսին և սպասվում է, որ կրճատումները կսկսվեն հենց այսօր՝ նոյեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում է The New York Times-ը, որոշ աշխատակիցների արդեն էլեկտրոնային նամակներ են ուղարկվել կրճատումների մասին:

«Թվիթերը ճիշտ ուղու վրա դնելու համար մենք կանցնենք ողջ աշխարհում մեր աշխատուժի կրճատման դժվարին գործընթացի միջով: Մենք գիտակցում ենք, որ դա կազդի որոշ անհատների վրա, որոնք արժեքավոր ներդրում են ունեցել Twitter-ում, սակայն, ցավոք, նման քայլն անհրաժեշտ է ընկերության առաջխաղացման գործում հաջողություն ապահովելու համար», - պարբերականը մեջբերում է աշխատակիցներից ոմանց ուղարկված նամակից մի հատված։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ից արդեն թանկացել է Twitter-ում Blue՝ վերիֆիկացված օգտահաշիվ ունենալու ամսական բաժանորդագրությունը՝ 5 ԱՄՆ դոլարից դառնալով 8 դոլար, թեև Twitter-ը ձեռք բերելու առաջին իսկ օրերին Մասկը աշխատակիցներին կարգադրել էր Blue բաժանորդագրությունը դարձնել 19.99 դոլար։

Խոշոր ընկերությունները հրաժարվում են Twitter-ում գովազդից

Բրիտանական WPP գովազդային ընկերության նախկին աշխատակից Ռոբ Նորմանը The New York Times-ի իր սյունակում ավելի վաղ գրել էր, որ Twitter-ը կարծիք արտահայտելու ավելի ազատ հարթակի վերածելու՝ Մասկի գաղափարների պատճառով որոշ խոշոր գովազդատուները կարող են այլևս միջոցներ չհատկացնել Twitter-ում իրենց ապրանքները գովազդելու համար:

Մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում՝ General Mills-ը (Nestle սննդամթերքի ապրանքանիշի սեփականատերն է), Mondelez International-ը (հայտնի է Oreo թխվածքաբլիթներով) դեղագործական հսկա Pfizer-ը և ավտոարտադրող Audi-ն, արդեն որոշել են դադարեցնել Twitter-ում իրենց ապրանքները գովազդելու նպատակով հատկացող ֆինանսավորումը։

Խնայել տարեկան 1 մլրդ դոլար

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Իլոն Մասկը, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ է գնել Twitter-ը, ավելի ցածր օղակի ղեկավարներին ստիպում է ռեզերվներ գտնել՝ ընկերության ենթակառուցվածքի ծախսերը տարեկան 1 մլրդ դոլարով կրճատելու համար։ Ենթադրվում է, որ դա արվելու է ամպային ծառայությունների համար արվող ծախսերի և տվյալների կենտրոնների համար տարածքների վարձակալման ծախսերը նվազեցնելու հաշվին։

Ըստ The Washington Post-ի՝ Twitter-ի աշխատակիցների կողմից օգտագործվող Slack մեսենջերում նոր ղեկավարությունը տեղեկացրել է, որ նպատակ է դրել ենթակառուցվածքներում օրական մինչև 3 միլիոն դոլար խնայողություն անել։ Ենթակառուցվածքների ծախսերի խնայողության թիրախային նվազագույն շեմ է սահմանվել տարեկան 500 միլիոն դոլարը, և ենթադրվում է, որ այս թիրախին, ի թիվս այլ բաների, պետք է հասնեն բովանդակության մոդերացիայի նպատակով կապալառուներին վճարվող ծախսերը կրճատելու հաշվին։

Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ նման միջոցառումներից հետո Twitter-ը հազիվ թե կարողանա կայուն աշխատանք ապահովել, քանի որ ցանցի օգտագործման բարձր ակտիվության շրջանում ենթակառուցվածքը պարզապես չի կարողանա հաղթահարել օգտատերերի մեծ հոսքը: Իսկ նման բարձր ակտիվություն նկատվում է ընտրությունների կամ ակտիվ քննարկվող այլ իրադարձությունների ժամանակ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ