Ինչպե՞ս Google Cloud-ը միավորեց երկու «հայազգի» ընկերությունների

11 դեկտեմբերի, 2023  17:23

Հայազգի Անի և Հովիգ Սաֆոյանների կողմից ստեղծված SADA-ն օգնել է «հայկական ծագում» ունեցող մեկ այլ ընկերության` Hexact-ին՝ ապահովելու օգտատերերի 4 անգամ աճ, այն էլ առանց ծախսերն ավելացնելու։ Այս case study-ն օրերս հրապարակեց Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի 6X մրցանակակիր գործընկեր SADA-ն: 

Համագործակցելով SADA-ի հետ՝ Hexact-ը կարողացել է կենտրոնանալ նորարարական արտադրանքների մշակման և մատակարարման վրա՝ միաժամանակ օպտիմալացնելով անընդհատ ընդլայնվող իր ենթակառուցվածքը։

Hexact-ն առաջարկում է առանց կոդի լուծումների պորտֆոլիո, որի շնորհիվ հնարավոր է կատարել տվյալների արդյունահանման, տեսակավորման, հարստացման և այլ առօրյա խնդիրների հետ առնչվող ժամանակատար և կրկնվող առաջադրանքները։ Hexomatic-ը և ընկերության մյուս հարթակներն ունեն ավելի քան 250,000 օգտատեր ամբողջ աշխարհում և օրական մշակում են 20 միլիոն առաջադրանք:

Օգտագործելով Google Cloud-ի հարուստ գործիքակազմը՝ Hexact-ը նախնական մեկնարկից մի քանի ամիս անց արդեն մոտ էր սպառման նախապես սահմանված շեմերին հասնելուն: Բացի դրանից, հաշվի առնելով, թե ինչպես էր տեղադրվել օրիգինալ Google Cloud-ի ենթակառուցվածքը, լուծումներն օպտիմալացման կարիք ունեին՝ ավելի արագ աշխատելու համար: Այսպիսով՝ գնահատելով ընկերության կարիքները, Google Cloud-ը Hexact-ին առաջարկեց օգտվել SADA-ի պրոֆեսիոնալ ծառայություններից՝ որպես վստահելի լուծումների մատակարար գործընկեր։ 

Երկու ընկերությունները կնքեցին 3 տարվա պայմանագիր, որի շրջանակում SADA-ն օգնեց Hexact-ին վերլուծել և օպտիմալացնել ամպային միջավայրը:

«SADA-ն մեզ շատ օգնեց՝ ցույց տալով կամ բացատրելով Google Cloud-ի հնարավորությունները, երբեմն ներգրավելով Google Cloud թիմին, որը մեզ շատ լավ խորհուրդներ էր տալիս։ Այս օգնության շնորհիվ մենք կարողացանք կատարելագործել պրոդուկտները և մեծացնել մեր օգտատերերի բազան: SADA-ն և Google Cloud-ը կատարում են ամպային հաշվարկների ամենաշատ ռեսուրս պահանջող աշխատանքները, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ մեր հաճախորդների և նրանց լուծումներ տրամադրելու վրա»,- նշել է Hexact-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Hexact-ն օգտագործել է SADA-ի հնարավորություններն ամբողջ աշխարհում՝ շփվելով թիմի անդամների հետ, այդ թվում՝ նախագծի մենեջերի, ամպային ենթակառուցվածքի ավագ ինժեների, ծրագրային ապահովման ինժեների և լուծումների ճարտարապետի հետ։ Ընկերությունն աշխատում էր ինչպես SADA-ի ԱՄՆ-ի այնպես էլ Երևանում գտնվեղ Գլոբալ մատակարարման կենտրոնի մի խումբ ծրագրավորողների հետ։ 

«SADA-ի շուրջօրյա աշխատելու ունակությունը հատկապես օգտակար էր, քանի որ մենք ցանկանում էինք արագ թարմացնել մեր Google Cloud ենթակառուցվածքը։ Շատ հարմար է, քանի որ մեր ծրագրավորողները կարող են խոսել SADA-ի թիմի անդամների հետ իրենց մայրենի լեզվով: Մենք հասկացանք, որ հաղորդակցությունն իսկապես հեշտ էր ընթանում, և նույն ժամային գոտում գտնվելը լրացուցիչ բոնուս է»,- ասել է Ասլանյանը, որի թիմի հիմնակաան մասը գտնվում է Հայաստանում։ 

SADA-ի հետ աշխատելու արդյունքում Hexact-ը կարողացել է կենտրոնանալ իր հաճախորդների համար նորարարական պրոդուկտների առանձնահատկությունների մշակման և մատակարարման վրա՝ SADA-ի օգնությամբ անընդհատ օպտիմալացնելով ենթակառուցվածքը։

«Համագործակցելով SADA-ի հետ՝ մենք մեր ծառայությունների պահանջարկի քառապատիկ աճը սպասարկելու հնարավորություն ստացանք: Ամենալավն այն է, որ մեր ծախսերը գրեթե նույն են, ինչ նախկինում, քանի որ SADA-ն օգնում է մեզ մշտապես բարելավել և թարմացնել մեր կողմից կիրառվող Google Cloud միջավայրը»,- նշել է Ասլանյանը։

Օրերս լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը հայտարարեց, որ ձեռք է բերել ամպային բիզնեսի և տեխնոլոգիաների առաջատար խորհրդատու և Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA ընկերությունը:


 
 
 
 
  • Արխիվ