Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. սովետական առաջին համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ». Forbes

11 դեկտեմբերի, 2023  14:55

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով:

Հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023-ին գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ հանդիսացող հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները:

Քրեյգը Սմիթը նաև նշում է, որ Հայաստանը նաև ներգրավում է օտարերկրյա ներդրումներ։ Մասնավորապես, ամենահզոր տեխնոլոգիական ընկերություններից շատերն են ներկայացված Հայաստանում՝ Adobe, Microsoft, Google, IBM, Cisco և այլն։ Արդյունքում երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2023 թ. Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է ունենալու՝ երկիրը դարձնելով տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսությունը:

«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան գիտելիքահեն, բարձր եկամուտ ապահովող արտադրանքի մեջ է»,- Forbes-ի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարն այդ մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, և լոգիստիկ ծախսերը թույլ չեն տալիս ֆիզիկական ապրանք արտահանել մրցունակ գներով:

Ամսագրի հեղինակն իր հերթին հղում է արել տարբեր միջազգային վարկանիշների, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Հայաստանի տեխնոլոգիական վերելքը Forbes-ը բացատրում է ոչ միայն իր պատմական ժառանգությամբ՝ որպես ԽՍՀՄ գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկի, այլև հայկական սփյուռքի մեծ ներուժով:

Պարբերականը նաև նշում է, որ իրենց կապը հայրենի երկրի հետ պահպանում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են «Մոդեռնա» բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Apple ընկերության նախկին տեխնիկական տնօրեն և macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավետիս Թևանյանը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ