Գիտնականները հայտնաբերել են տիեզերքում գազային ամենամեծ ամպը, որը 20 անգամ ավելի մեծ է Ծիր Կաթինից

5 նոյեմբերի, 2022  16:42

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է ատոմային գազի հսկայական ամպ, որը մոտ 20 անգամ մեծ է Ծիր Կաթինի գալակտիկայից։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված նրանց ուսումնասիրությունում։

Չինաստանում գործող գիտնականները Հինգ հարյուր մետր բացվածքով գնդաձև աստղադիտակի (FAST) օգնությամբ պարզել են, որ Պեգաս համաստեղությունում գտնվող և իրար կիպ կպած հինգ գալակտիկաները, որոնք հայտնի են, որպես Ստեֆանի կվինտետ, պատված են ատոմային գազի հսկայական ամպով, որն ունի 2 միլիոն լուսատարի լայնություն։

Ստեֆանի կվինտետի յուրաքանչյուր գալակտիկա կազմված է միլիոնավոր աստղային կուտակումներից. չորսն իրականում փոխազդում են միմյանց հետ, մինչդեռ մեկը բավական մոտ է Երկրին։

«Սա ատոմային գազից բաղկացած ամենամեծ կառուցվածքն է, որը երբևէ հայտնաբերվել է գալակտիկաների խմբի շուրջ», - ասել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային աստղադիտարանի աստղագետ Սյու Կոնգը, որը նաև հետազոտության առաջատար հեղինակն է:  

Գազային ամպի առեղծվածը նոր հարցեր է առաջացրել

Ըստ հետազոտողների, հայտնագործությունն առեղծված է և աստղագետներից կպահանջի կրկին մտածել այն մասին, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում գազը գալակտիկաների խմբերի եզրերին։  

Գիտնականները նշում են, թե քանի որ ատոմային ջրածինն ավելի ազատ է տեղաշարժվում գալակտիկաների միջով, քան ատոմային գազային ամպի մյուս բաղադրիչները, այն հեշտությամբ ցրվում է, երբ գալակտիկայի օբյեկտները փոխազդում են միմյանց հետ: Հետազոտողների խոսքով՝ Ստեֆանի կվինտետում ցրված ջրածինը ժամանակի պարկուճ է, որը կարող է գիտնականներին պատմել մոտ մեկ միլիարդ տարի առաջ տեղի ունեցած նման իրադարձությունների մասին։

Գազային այս ամպը հատկապես հետաքրքիր գտածո է, քանի որ աստղագետներն ակնկալում էին, որ ուլտրամանուշակագույն լույսը կփոխի ամպում առկա ջրածնի բնույթը: Ուլտրամանուշակագույն լույսը իոնացնում է ատոմային գազի ամպում առկա ատոմները, ինչը նշանակում է, որ նրանք կստանան կամ կկորցնեն էլեկտրոններ և արդյունքում կդառնան լիցքավորված: Բայց Ստեֆանի կվինտետում նկատված գազը իոնացված չէ։

Հետազոտությունում գիտնականները բացատրում են, որ իոնացման բացակայությունը հուշում է այն մասին, որ գազը կարող է գալակտիկական ձևավորումների մնացորդ լինել: Աստղերից հեռու ատոմային ջրածնի ցրված ամպերը գոյություն ունեն ինքնուրույն, ինչը կարող է վկայել, որ դրանք գալակտիկաներ ձևավորող փոխազդեցությունների կողմնակի արտադրանք են: Հնարավոր է նաև, որ Ստեֆանի կվինտետը շրջապատող ամպն արձակվել է երկու գալակտիկաների միջև շատ վաղուց տեղի ունեցած բախման հետևանքով։ Այս հարցի պատասխանը կարող է փոխել առ մարդկության պատկերացումներն այն մասին, թե ինչպես են ծնվում և շարունակում զարգանալ գալակտիկաները:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ