«Գիտուժ». դեռ հեռու ենք Հայաստանը գիտությամբ և տեխնոլոգիաներով ուժեղացնելու ճանապարհից

1 դեկտեմբերի, 2023  18:44

Նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Գիտուժ» նախաձեռնության «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով առաջին մեծ համաժողովը։

Համաժողովին ներկա էին գիտական, կրթական և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, համալսարանների ղեկավարներ, գիտական ինստիտուտների տնօրեններ, պետական հատվածի ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Գիտուժ»-ի համայնքը համոզված է, որ նպատակային և համակարգված գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքները Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացման և անվտանգության ապահովման առաջնահերթ գործիքիներից մեկն է։

Համաժողովի հիմնական նպատակն էր, մեկ հարկի տակ հավաքելով բոլոր շահագրգիռ կողմերին, անկեղծ, անաչառ ու սուր հարցադրումների միջոցով քննարկել ազգային գիտատեխնոլոգիական ու նորարարական համակարգի ստեղծման հեռանկարները և առկա մարտահրավերները։

«Գիտուժ»-ին նվիրված պանելային քննարկման ընթացում նախաձեռնության ակտիվ անդամները հատկապես ընդգծեցին, որ պետական բյուջեից իրականացվող ցանկացած ԳՀՓԿ և դրա մաս կազմող աշխատանքները պետք է ուղղած լինեն պետական խնդիրների լուծմանը և այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտակարգերում համապատասխան կարողությունների ու ենթակառուցվածքների ձևավորմանը։

Պետական բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ պանելային քննարկման ընթացքում հնչեցին մի քանի ոգևորիչ ցուցանիշներ և մտքեր, մասնավորապես գիտության կարևորության գիտակցման բարձրացում, բյուջեի ավելացում, գիտական սարքավորումների, ԱԲ սուպերհամակարգչի գնում և այս տարի գիտնականների քանակի որոշակի ավելացում։

«Գիտուժ» նախաձեռնությունը, բարձրաձայնելով ու ողջունելով վերոնշյալ դրական միտումները, իր օրակարգի նկատմամբ ազնիվ և անաչառ գտնվելու համար չի կարող նաև չնշել, որ մինչ այսօր կառավարությունում բացակայում է բնագավառի զարգացմանն ուղղված համակարգային մոտեցումը, ազգային գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների միասնական քաղաքականությունը։

Այս կապակցությամբ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշեց, որ ստեղծվում է վարչապետին կից 28 անդամից բաղկացած Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության համար մշակել ԳՀՓԿ աշխատանքների միասնական ռազմավարություն և դրանից բխող ծրագրեր։

Հուսով ենք նորաստեղծ խորհրդին կհաջողվի իրականացնել իր առջև դրված նպատակը, քանի որ առանց ԳՀՓԿԱ պետական պատվերի ձևավորման մեխանիզմների ստեղծան և այն խթանող քաղաքականության մշակման գիտությունը չի կարողանալու հիմնարար ազդեցություն ունենալ Հայաստանի մրցունակության բարձրացման՝ անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման վրա։

Հետագա պանելային քննարկումների ժամանակ գիտական, տեխնոլոգիական և կրթական համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին էկոհամակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին՝ ուրվագծելով համակարգի բարեփոխմանն ուղղված բացթողումները և վտանգավոր միտումները, համակարգային մոտեցման բացակայությունը։

«Գիտուժ»-ը մեծ պատվով և պատասխանատվությամբ է կրում շահագրգիռ խմբերի կողմից իրեն ընձեռնած մանդատը և վստահությունը։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությամբ հետամուտ լինել գիտատեխնոլոգիական և նորարարական այնպիսի ազգային համակարգի ստեղծմանը, որը օգնելու է հենց Հայաստանի Հանրապետության խնդիրների լուծմանը ու նպատակների սպասարկանը՝ հավատարիմ մնալով մեր առաքելությանը և մանդատին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ