Հայաստանում կտրուկ ավելացել է հաքերային հարձակումների թիվը. ի՞նչ վիճակ է տարածաշրջանում և աշխարհում

1 նոյեմբերի, 2022  18:48

Հայաստանում 2022 թ․ երրորդ եռամսյակում հաքերները հինգ անգամ ավելի շատ օգտահաշիվներ են կոտրել, քան նախորդ եռամյսակում։ Surfshark ընկերության տվյալներով՝ եթե երկրորդ եռամսյակում Հայաստանում կոտրված օգտահաշիվների թիվը 4919 էր, ապա երրորդ եռամսյակում՝ արդեն 19,336։

1000 մարդուց 7-ի դեպքում օգտահաշվից տեղի է ունեցել ինֆորմացիայի արտահոսք։ Այս պատկերը կարելի է բացատրել այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայով. այն ուղեկցվել է հաքերային լայնածավալ հարձակումներով հայկական կայքերի և սոցիալական ցանցերում Հայաստանից գրանցված օգտատերերի վրա։

Ինչպիսի՞ն է պատկերը տարածաշրջանում

Ադրբեջանում 2022 թ․ երրորդ եռամսյակում կոտրել են գրեթե 1,5 ավելի շատ օգտահաշիվներ (10,336), քան երկրորդում (7459)։ Արտահոսքի խտությունը կազմում է 1 օգտահաշիվ 1000 մարդու հաշվով։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանում, օրինակ, երրորդ եռամսյակում կոտրել են 14,250 օգտահաշիվ, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան նախորդ երեք ամիսներին (5910)։ Այստեղ արտահոսքի խտությունը կազմում է 4 օգտահաշիվ 1000 մարդու հաշվով։

Թուրքիայում 2022 թ․ երրորդ եռամսյակում կոտրվել է 23,7 միլիոն օգտահաշիվ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 40,8 միլիոն։ Արտահոսքի խտությունը 1000 մարդու հաշվով 3 օգտահաշիվ է։

Տարածաշրջանում ամենամեծ թռիչքը գրանցվել է Իրանում, որտեղ երրորդ եռամսյակում կոտրվել է գրեթե 10 անգամ ավելի շատ օգտահաշիվ (215,000), քան երկրորդում (21,800): Դա կարելի է վերագրել երկրում սկսված լայնածավալ բողոքի ակցիաներին։ Իսլամական Հանրապետությունում արտահոսքի խտությունը 1000 մարդու հաշվով 3 օգտահաշիվ է։

Ստացվում է, որ 1000 մարդու հաշվով արտահոսքի ցուցանիշով Հայաստանը ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը տարածաշրջանում (1000 մարդու հաշվով 7 կոտրված օգտահաշիվ)։ Բայց աշխարհում, իհարկե, ավելի բարձր ցուցանիշներ կան։

Ինչպիսի՞ն է պատկերն աշխարհում

Աշխարհի ամենախոցելի երկրների վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ կոտրվել է ավելի քան 22,3 միլիոն օգտահաշիվ (1000 մարդու հաշվով արտահոսքի 153 դեպք): Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ հաքերային հարձակումների թիվը ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ հաշվի առնելով, որ երկրորդ եռամսյակում հաքերները կոտրել են Ռուսաստանում 24,5 միլիոն օգտահաշիվ։

Հաքերային հարձակումների ամենաշատ ենթարկված երկրների վարկանիշային աղյուսակը Ռուսաստանը գլխավորել է միայն վերջին երեք ամիսներին, իսկ մինչ այդ՝ 10 տարի շարունակ, աշխարհում հաքերների գլխավոր զոհը դարձել է ԱՄՆ-ը, որն այժմ հայտնվել է աղյուսակի ընդամենը 4-րդ տեղում։

Ամենաշատ հաքերային հարձակումների ենթարկված երկրների ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան (13,8 մլն կոտրված օգտահաշիվ), երրորդը՝ Ինդոնեզիան (13,3 մլն, գրանցվել է 1370% կտրուկ թռիչք)։ ԱՄՆ-ում երրորդ եռամսյակում կոտրվել է 8,5 միլիոն օգտահաշիվ։

Սակայն 1000 մարդու հաշվով արտահոսքի խտության ցուցանիշով Ֆրանսիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, իսկ Ռուսաստանը միայն երկրորդն է․ եթե Ռուսաստանում գրանցվել է 153 արտահոսք՝ 1000 մարդու հաշվով, ապա Ֆրանսիայում՝ 212 արտահոսք։

Հաքերային հարձակումներից ամենախոցելի երկրների ութնյակում են հայտնվել նաև Իսպանիան, Չինաստանը, Բրազիլիան և Թայվանը:

Իսկ Բելառուսում կոտրված օգտահաշիվների թիվն աճել է չորս անգամ՝ մինչև 539,000 հաշիվ։ Սակայն ուկրաինական օգտահաշիվների նկատմամբ հաքերների հետաքրքրությունը, այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, նվազել է 14%-ով։

Արդյո՞ք կիբեռանվտանգության հետ կապված ամեն ինչ շատ վատ է

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կիբեռանվտանգության մակարդակի մասին չի կարելի դատել մասնավոր ընկերության հրապարակած տվյալների հիման վրա։

Խնդիրն այն է, որ կոտրված սերվերը, որում պահվում են տվյալները, այդ թվում՝ Հայաստանից գրանցված օգտատերերի, կարող է գտնվել այլ երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում։

«Այս դեպքում կարելի է միայն զուգահեռներ անցկացնել տարբեր երկրների միջև։ Միևնույն ժամանակ, Հայաստանն այս տարի ունի բավականին լավ ցուցանիշներ, որոնք չի կարելի համեմատել 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի ցուցանիշների հետ, երբ 2,5 միլիոն հայերի տվյալներ արտահոսեցին։

Ըստ նույն ընկերության՝ կիբեռանվտանգության առումով հսկա համարվող Իսրայելը 2022 թ․ երրորդ եռամսյակում ունեցել է 110,000 արտահոսք, իսկ Հայաստանից՝ ընդամենը 19,000, արտահոսքի խտությունը 1000 մարդու հաշվով 13 օգտահաշիվ է, այսինքն՝ կրկնակի շատ, քան Հայաստանում։

Ադրբեջանում և Թուրքիայում թվերն ավելի համեստ են, բայց այնտեղ ինտերնետի ներթափանցման մակարդակն ավելի ցածր է, քան Հայաստանում»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց փորձագետը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ