Գործադիր տնօրեն և բողոքների թեժ գծի օպերատոր․ Իլոն Մասկի նոր պաշտոնները Twitter-ում

1 նոյեմբերի, 2022  10:13

Մինչև վերջերս Իլոն Մասկը շարունակում էր իրեն անվանել «Թվիթերի ղեկավար» և պնդում, որ «պատկերացում չունի», թե ով է Twitter-ի գործադիր տնօրենը: Այնուամենայնիվ, ստորագրված փաստաթուղթը, որը Մասկն ուղարկել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով, ցույց է տվել, որ Twitter-ում գործադիր տնօրեն, այդուհանդերձ, կա։ Եվ նա Իլոն Մասկն է։ 

Ավելին, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, Մասկը վերացրել է Twitter-ի ինը հոգուց բաղկացած տնօրենների խորհուրդը և դարձել ընկերության միանձնյա ղեկավարը։ Միևնույն ժամանակ Twitter-ի իր օգտահաշվի նկարագրության մեջ նա գրել է, որ ինքը բողոքների թեժ գծի օպերատորն է։

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ուղարկված փաստաթուղթը նաև ցույց է տվել, որ ապրիլի 11-ից հոկտեմբերի 4-ը Մասկը գրեթե ամեն ամիս Twitter-ի բաժնետոմսեր է գնել, նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ վիճել է ընկերության ղեկավարության հետ սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների քանակի վերաբերյալ և ասել, որ հրաժարվում է գործարքից։

Պարզվել է նաև, որ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին պահպանել է ընկերությունում իր 2,4% բաժնետոմսը՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 18 մլն բաժնետոմս: Սակայն, պարզվում է, որ ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Ալ-Վալիդ բեն Թալալ Ալ Սաուդն է (որը նաև Twitter բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը տնօրինող հոլդինգի սեփականատերն է): Այս փաստը անհանգստացրել է սենատոր Քրիս Մերֆիին, և նա Օտարերկրյա ներդրումների կոմիտեին կոչ է արել վերլուծել Twitter-ի հետ Իլոն Մասկի գործարքը և պարզել, թե արդյոք այստեղ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ կա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն և արդեն սկսել է NYSE ֆոնդային բորսայից դուրս գալու ընթացակարգը՝ նոյեմբերի 8-ից նրա բաժնետոմսերն այլևս չեն վաճառվի հանրային շուկաներում։ Twitter-ը մասնավոր ընկերության վերածելը Մասկին կարող է մի շարք առավելություններ տալ: Մասնավորապես, ընկերությունն այլևս կարիք չի ունենա հաշվետվություններ հրապարակել, նաև կարգավորող մարմինների ուշադրությունն ավելի քիչ կլինի: Բայց մյուս կողմից Մասկը կունենա միանձնյա վերահսկողություն ընկերության կառավարման վրա, ամբողջությամբ կփոխի Twitter-ը՝ և՛ բովանդակությունը, և՛ ֆինանսավորումը, և դրանով նա կարող է հաշվի չառնել ներդրողների շահերը։

Այնուամենայնիվ, դժվար թե Մասկը երկար մնա Twitter-ի միակ ղեկավարը։ Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում նա տնօրենների նոր խորհուրդ կընտրի ներդրողներից և իր մերձավոր շրջապատից։

Հիշեցնենք, որ 2022 թ․ հոկտեմբերի 28-ին Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով պաշտոնապես գնեց Twitter-ը, անմիջապես հեռացրեց ընկերության ողջ ղեկավարությանը և Twitter-ում գրառում արեց՝ «թռչունն ազատ է» (the bird is freed):

Twitter-ի ձեռքբերումն ավարտելուց 24 ժամ չանցած՝ նա որոշեց փոխել սոցցանցի գլխավոր էջը և բարձրացնել վերիֆիկացված էջերի ամսական վճարը:


 
 
 
 
  • Արխիվ