Երկնաքերի չափերի պոտենցիալ վտանգավոր աստղակերպը Հելոուինի օրը կանցնի Երկրի կողքով

31 հոկտեմբերի, 2022  12:22

Վերջերս հայտնաբերված «պոտենցիալ վտանգավոր աստղակերպը, որը երկնաքերի չափեր ունի, այսօր՝ Հելոուինի օրը, կթռչի Երկրի կողքով։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ 2022 RM4 անունն ստացած աստղակերպի տրամագիծը 330-740 մետր է, դա մի փոքր քիչ է աշխարհում ամենաբարձր երկնաքերի՝ Դուբայի Բուրջ Խալիֆի բարձրությունից (828 մետր)։

Նոյեմբերի 1-ին 2022 RM4-ը առավելագույնս կմոտենա մեր մոլորակին՝ 2,3 մլն կիլոմետր, ինչն ընդամենը 6 անգամ է ավելի Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորությունից։ Տիեզերական չափորոշիչներով՝ սա չափազանց մոտ է։ Երկրի կողքով թռչելու ժամանակ աստղակերպի արագությունը կկազմի մոտ 84 500 կմ/ժ, ինչը մոտավորապես 68 անգամ գերազանցում է ձայնի արագությունը։

2022թ. նոյեմբերի 2-ին աստղակերպին կարելի է հետեւել հարավային կիսագնդից։ Դա կփորձեն անել Կանբերայի տիեզերական խոր կապի 70 մետրանոց կայանից եւ ավստրալական աստղադիտակների կոմպակտ զանգվածից։

Near-Earth_asteroid_2022_RM4

2022թ. նոյեմբերի 3-ին աստղակերպը կհասնի ամենամոտ Արեւամերձ կետին (պերիգելի)։

Ինչպես է ՆԱՍԱ-ն փնտրում վտանգավոր աստղակերպերը

Ինչպես նշել է Space.com-ը, ցանկացած տիեզերական օբյեկտ, որը գտնվում է Երկրից 193 միլիոն կիլոմետր հեռու, ՆԱՍԱ-ն նշում է որպես «երկրամերձ օբյեկտ»։ Իսկ ցանկացած խոշոր օբյեկտ մեր մոլորակից մոտ 7,5 միլիոն կիլոմետրի սահմաններում որակվում է որպես «պոտենցիալ վտանգավոր»։ Երբ մասնագետները հայտնաբերում են նման օբյեկտներ,  սկսում են ուշադիր ուսումնասիրել դրանք, որպեսզի պարզեն կանխատեսված հետագծերից շեղման նշանները, որոնք կարող են հանգեցնել Երկրի հետ կործանարար բախման։

Այսօրվա դրությամբ ՆԱՍԱ-ն հետեւում է մոտ 28 000 աստղակերպերի դիրքին եւ ուղեծրին՝ Երկրի հետ բախման իրազեկման համակարգի (Asteroid Terrestrial-impact Last Alert System, ATLAS) օգնությամբ: Վերջինս բաղկացած է չորս աստղադիտակներից, որոնք կատարում են գիշերային ողջ երկնքի լիակատար սկանավորում յուրաքանչյուր 24 ժամը մեկ։ Արձակման պահից՝ 2017թ., ATLAS-ը հայտնաբերել է ավելի քան 700 երկրամերձ աստղակերպեր եւ 66 գիսաստղեր։

ATLAS-ի հայտնաբերած երկու աստղակերպերը՝ 2019 MO-ն եւ 2018 LA-ն, իսկապես բախվել են Երկրի հետ. առաջինը պայթել է Պուերտո Ռիկոյի հարավային ափին, երկրորդը՝ Բոտսվանայի եւ Հարավային Աֆրիկայի սահմանին։ Բայց քանի որ երկու աստղակերպերն էլ մեծ չէին, ոչ մի վնաս դրանք չեն պատճառել։

Ներկա պահին ՆԱՍԱ-ն արդեն գնահատել է երկրամերձ բոլոր օբյեկտների հետագիծը մինչեւ դարի վերջ ընկած ժամանակահատվածի համար։ Լավ նորությունն այն է, որ առաջիկա հարյուրամյակում ապոկալիպտիկ բախումներ վտանգավոր աստղակերպերի հետ չեն սպասվում։

asteroid-earth

Բայց փոքր աստղակերպերն էլ կարող են բավական խնդիրներ ստեղծել, անգամ եթե ապոկալիպսիսի չհանգեցնեն, ինչպես «Մի՛ նայիր վեր» ֆիլմում։

  • Օրինակ, 2021 թ. մարտին Վերմոնտի երկնքում պայթել է բոուլինգի գնդակի չափ մետեոր։ Պայթյունի ուժը համարժեք է եղել 200 կիլոգրամ տրոտիլի պայթյունին։
  • 2013 թ. Չելյաբինսկի (Ռուսաստանի կենտրոնական մաս) մթնոլորտում պայթած մետեորիտը առաջ էր բերել 400-500 կիլոտոննա տրոտիլի պայթյունին համարժեք պայթյուն՝ դա 26-33 անգամ ավելի էներգիա է, քան եղել է Հիրոսիմայի պայթյունի ժամանակ։ Պայթյունի հետեւանքով քաղաքը եւ նրա շրջակայքը պատվել էին հրե գնդերով, որոնք վնասել են շենքեր, կոտրել պատուհանների ապակիներ եւ վնասվածքներ հասցրել մոտ 1500 մարդու։

Սրանք, հասկանալի է, Երկրի հետ աստղակերպերի բախման ընդամենը մի քանի դեպքեր են։

Երկրի պաշտպանությունն աստղակերպերին բախման վտանգի դեպքում

Եթե ապագայում դեպի մեզ ուղղվող վտանգավոր աստղակերպ հայտնվի, հարկ կլինի Երկրի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալ, եւ մասնագետներն այդ միջոցն արդեն փնտրում են։ Հենց այդ նպատակով թռչող սարքը DART (Double Asteroid Redirection Test) առաքելության շրջանակում բախվել է Դիմորֆ աստղակերպի հետ եւ հաջողությամբ փոխել նրա ուղեգիծը։ Եթե հանկարծ նման բան պատահի, կարելի կլինի փորձել փոխել նաեւ այլ աստղակերպերի թռիչքի ուղեգիծը՝ դրանց հարվածելով բավական խոշոր թռչող սարքերով։

Աստղակերպերի ուղեծրի փոխման առաքելության ուղղությամբ այժմ աշխատում է նաեւ Չինաստանը։ Առաքելությունը դեռեւս գտնվում է ամենավաղ փուլերում, եւ դրա շրջանակում գիտնականները նախատեսում են արձակել 23 «Չանչժեն-5» հրթիռ Բեննու աստղակերպի դեմ, որը 2175 եւ 2199 թթ․ միջեւ Երկրին կմոտենա 7,4 մլն կիլոմետր։ Երկրի հետ Բեննուի բախման հավանականությունը մեծ չէ՝ 1-ը 2700-ից, բայց քանի որ աստղակերպը բավական մեծ է (տրամագիծը հավասար է Էմփայր-սթեյթ-բիլդինգին), բախման հետեւանքները կարող են աղետալի լինել։

Aennu asteroid

Հրթիռներից յուրաքանչյուրը, որոնք Չինաստանը նախատեսում է արձակել այդ աստղակերպի դեմ, կշռում է 992 տոննա։ Գիտնականների հաշվարկներով, որոնք հրապարակվել են Icarus-ում, դրանց միաժամանակյա հարվածն աստղակերպին կփոխի նրա ուղեգիծը 9 000 կիլոմետրով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ