Google-ում եւ Facebook-ում գովազդների հարկման արդյունքում Հայաստանում 1 մլրդ դրամի ԱԱՀ է հայտարարագրվել

27 հոկտեմբերի, 2022  20:33

Տարեսկզբից Հայաստանում Google-ում եւ Facebook-ում տեղադրվող գովազդների հարկման արդյունքում 1 միլիարդից ավելի ավելացված արժեքի հարկ է հայտարարագրվել, որից այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամը: Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

2021 թվականին հանրապետությունում ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց՝ 2022 թվականից ԱԱՀ-ով պետք է հարկվեն գովազդային եւ այլ վճարովի ծառայությունները, որոնք Հայաստանի քաղաքացիներն ու ձեռնարկությունները ինտերնետի միջոցով ստանում են Google-ից, Facebook-ից, Instagram-ից, Netflix-ից և այլ առցանց հարթակներից։

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ, ըստ հաշվարկների, այս փոփոխությունների արդյունքում տարեկան առնվազն 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկեր կհավաքվեն։ Ավելին, օրենքի նախագծի հեղինակները վստահ էին, որ այն հավասար մրցակցություն կսահմանի տեղական եւ դրսի ընկերությունների միջև, որոնք Հայաստանում ծառայություններ են մատուցում։

Նոր օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի հունվարի 1-ից, եւ այս ընթացքում ԱԱՀ վճարողների ռեգիստրում գրանցվել է առցանց ծառայություններ մատուցող 42 ընկերություն։

«Ունենք 42 ընկերություն, որոնք գրանցվել են հարթակում, 94 ներկայացված հաշվարկ՝ ըստ եռամսյակների: Երեք եռամսյակի արդյունքներով 1 միլիարդից ավելի ԱԱՀ է հայտարարագրվել, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տարին 1 միլիարդով կփակենք: Իհարկե, այս տարին կարող ենք համարել որպես փորձարկման տարի: Սա հնարավոր եղել խոշոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում: Մենք նաեւ տեղեկություններ ունենք, թե որ ընկերությունները դեռեւս գրանցված չեն հարթակում: Նույն գործընկերային տրամաբանությամբ շարունակում ենք աշխատանքը: Մյուս տարի բոլորովին այլ արդյունք ենք ունենալու եկամուտների տեսքով», - ասաց Ռուստամ Բադասյանը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ