Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսը անցկացվելու է հոկտեմբերի 13-15-ը. բոլոր ժամանցային միջոցառումները բացառվելու են

27 սեպտեմբերի, 2023  10:15

Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսը անցկացվելու է հոկտեմբերի 13-ից 15-ը, սակայն բոլոր ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Afterparty-ն և գալա ընթրիքը, բացառվելու են: Այս մասին տեղեկացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ):

"Մենք գիտակցում ենք, որ անկախ իրավիճակի բարդությունից, տնտեսությունը պետք է գործի, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ 

Ուստի մեր թիմը շարունակում է ռազմավարական ուղղությունների և տնտեսության հիմքերն ամուր պահող միջոցառումները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն զուգահեռ։ 

Այսպիսով՝ այս տարի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Afterparty-ն և գալա ընթրիքը։ 

Դիջիթեքի բովանդակությունը լինելու է միա՛յն ձեռնարկատիրական՝ միջազգային մամուլի միջոցով ևս մեր ներուժը ցույց տալու, աշխատատեղերի հնարավորությունները բացահայտելու համար։ 

Ակնկալում ենք ձեր աջակցությունը և ակտիվ մասնակցությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ անկախ դժվարություններից տեխնոլոգիական ոլորտը շարունակում է գործել և վստահելի գործընկեր է", — ասվում է հաղորդագրության մեջ:


 
 
 
 
  • Արխիվ