Մասկի հետ գործարքի նախապատրաստում և սեփական կրիպտո դրամապանակ. ի՞նչ է կատարվում Twitter-ում

26 հոկտեմբերի, 2022  16:48

Իլոն Մասկը և Twitter-ը պատրաստվում են ավարտին հասցնել սոցցանցը գնելու գործարքը, որը նախատեսված է հոկտեմբերի 28-ին. երկար բանակցություններից հետո Մասկը համաձայնել է գնել ընկերությունը 44 միլիարդ ԱՄՆ դոլարով (54,20 դոլար մեկ բաժնետոմսի համար):

Այսօր շատերն են անհամբեր սպասում հոկտեմբերի 28-ին. գործարքի փակմանն ընդառաջ Twitter-ն արգելափակել է ընկերության աշխատակիցների բորսային հաշիվները։ Մինչեւ հոկտեմբերի 28-ը նաև կասեցվել է Մասկի դեմ դատական ​​գործը․ հայցի հիմնականում նպատակ ուներ պարտադրել Մասկին, որպեսզի կատարի իր իրավաբանական պարտավորությունները։

Ի՞նչ ապագա է Twitter-ին սպասվում այս գործարքից հետո:

Գործարք Մասկի հետ

Մասկը, ինչպես հայտնի դարձավ, այս գործարքի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունեցավ Twitter բաժնետոմսերի գնի բարձրացման և ներդրողների մի մասի հեռանալու պատճառով, որոնք նախապես համաձայնել էին օգնել նրան։ Սակայն, ըստ վերջին տվյալների՝ Մասկին հաջողվել է բանակցել միջազգային ներդրողների հետ՝ Twitter-ը գնելու նպատակով իրեն 13 միլիարդ դոլարի փոխառու միջոցներ տրամադրելու համար․ այս գործարքի համար հենց այդքան գումար էր պակասում միլիարդատիրոջը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, պահանջվող գումարը Մասկի հաշիվներին կփոխանցվի հոկտեմբերի 27-ին, իսկ գործարքը կփակվի սահմանված ժամկետին՝ հոկտեմբերի 28-ին։

Սեփական կրիպտո դրամապանակ

Ինսայդեր Ջեյն Մանչուն Վոնգի տվյալներով՝ Twitter-ը ներկայումս աշխատում է «դրամապանակի նախատիպի» վրա, որին հնարավոր կլինի «կրիպտո արժույթներ փոխանցել և հանել»՝ առանց երրորդ կողմի սերվերների անհրաժեշտության:

Նման նորամուծությունը կարող է Twitter-ը վերածել լիարժեք Web3-ի հարթակի, որը միանգամայն կհամապատասխանի Իլոն Մասկի տեսլականին և այս հարթակի հետագա զարգացմանն ուղղված նրա ծրագրերին:

Այնուամենայնիվ, նույնիսկ այսօր այս հարթակը բավականին հարմարեցված է կրիպտո աշխարհին։ Անցյալ տարի Twitter-ը գործարկեց մի գործառույթ, որի միջոցով օգտատերերը կարող են բիթքոյններով թեյավճարներ ուղարկել իրենց սիրելի հեղինակներին: Պլատֆորմում օգտատերերը կարող են նաև իրենց պրոֆիլի լուսանկարների վրա ցուցադրել թոքեններ (NFT): Կա նաև կրիպտոարժութային դրամապանակները պրոֆիլներին կցելու հնարավորություն (սա վերաբերում է NFT-ին, Bitcoin-ին և Ethereum-ին):

Եթե ​​հարթակում հայտնվի լիարժեք գործող կրիպտո դրամապանակ և դրա հետ մեկտեղ թվային ակտիվներ ուղարկելու և ստանալու հնարավորություն՝ առանց երրորդ կողմի ծառայությունները միացնելու անհրաժեշտության, ապա սա լուրջ քայլ կլինի ողջ աշխարհում կրիպտո արժույթներն ավելի հանրահայտ դարձնելու ճանապարհին:

Կարճատումներ և օպտիմալացում Twitter-ում

Հետաքրքիր և խոստումնալից նորամուծությունների հետ մեկտեղ Twitter-ը նաև խնդիրների է բախվում. ըստ լուրերի, Մասկը նախատեսում է կրճատել ընկերության աշխատակիցների երեք քառորդը, օպտիմալացնել ընկերության՝ իր կարծիքով ուռճացված ՏՏ ենթակառուցվածքը և զգալիորեն նվազեցնել ծախսերը։

Որոշ փորձագետների կարծիքով՝ կրճատումները և արմատական ​​փոփոխությունները կարող են բացասաբար ազդել ընկերությունում մնացած աշխատակիցների աշխատանքի վրա։ Սակայն Մասկը վստահ է, որ կարող է Twitter-ը վերածել բարգավաճող ընկերության և երեք տարում կրկնապատկել ընկերության հասույթը։ 


 
 
 
 
  • Արխիվ