Tecno-ն ընդարձակվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

1 սեպտեմբերի, 2023  14:21

Իր բյուջետային սմարթֆոններով հայտնի Tecno ընկերությունը ցուցադրել է Phantom Ultimate կոնցեպտային սմարթֆոն, որի էկրանը մեծանում է, այս մասին հայտնում է GSMArena կայքը։

Նշվում է, որ ծալովի էկրանով հեռախոսն ունի հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս 1,3 վայրկյանում էկրանի անկյունագիծը 6,55 դյույմից մեծացնել մինչև 7,11 դյույմ։

Այս տեխնոլոգիան եզակի չէ. այլ արտադրողներ նախկինում ևս ցուցադրել են նման նախատիպեր, սակայն դրանցից ոչ մեկը սարքի զանգվածային արտադրություն չի սկսել: Պատճառը, թերևս, այն է, որ այս սմարթֆոնները զգալի առավելություն չունեն ծալվող սմարթֆոնների նկատմամբ, որոնք ծալված և բացված վիճակներում էկրանի չափերի ավելի նկատելի տարբերություն են առաջարկում։

Ըստ Tecno-ի՝ Phantom Ultimate-ն ունի LTPO AMOLED էկրան՝ 2296x1596 պիքսել լուծաչափով։ Սարքի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ էկրանի մի մասը, ստանդարտ վիճակում,  կարող է օգտագործվել ժամը և ծանուցումները հետևի վահանակին ցուցադրելու համար։ Սարքի հաստությունը 9,93 մմ է։ Սմարթֆոնի այլ բնութագրերի և գործառույթների մասին չի հաղորդվում։

Phantom Ultimate.jpg (62 KB)

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Tecno-ն նախատեսո՞ւմ է ապագայում շուկա դուրս բերել Phantom Ultimate-ը, թե սա պարզապես ընկերության հնարավորությունների ցուցադրումն է։

Ավելի վաղ ընդարձակվող էկրանով կոնցեպտային պրոդուկտներ էին ներկայացրել նաև Lenovo-ն և Motorola-ն։ Վերջինս ներկայացրել էր ընդարձակվող էկրանով սմարթֆոն, իսկ Lenovo-ն՝ նոութբուք։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ