Դիզայնի փոփոխություն, մի քանի նոր հնարավորություն և ճշգրիտ որոնում տեսանյութում․ YouTube-ում թարմացումներ կարվեն

25 հոկտեմբերի, 2022  10:14

YouTube-ում առաջիկայում թարմացումներ կարվեն՝ կավելանան մի քանի նոր գործառույթներ, կփոխվի նաև դիզայնը, ինչի շնորհիվ տեսանյութերի դիտումն այս հարթակում շատ ավելի հարմարավետ կդառնա: Ընկերության ներկայացուցիչները բլոգային գրառման մեջ նշել են, որ թարմացումներն անելու հարցում իրենց ոգեշնչել են դիտողների և YouTube-ում բովանդակություն ստեղծողների համայնքի արձագանքները:

Առաջին բանը, որ օգտատերերը հավանաբար կնկատեն YouTube-ի նոր տարբերակում, գույների փոփոխությունն է, որը, մշակողների կարծիքով, ավելի հաճելի կդարձնի տեսանյութերի դիտումը։ Այժմ հավելվածում գույներն ավելի վառ են, ընդ որում՝ հավելվածի և՛ բջջային, և՛ վեբ տարբերակների համար հայտնվել է այսպես կոչված «միջավայրի ռեժիմը» ​​(ambient mode), որը ֆոնային երանգները հարմարեցնում է դիտվող տեսանյութի գույներին (այս ռեժիմն ավտոմատ կերպով կմիանա, երբ օգտագործվի ինտերֆեյսի սև տարբերակը, սակայն այն կարելի է անջատել կարգավորումներում): Հավելվածում ինտերֆեյսի սև տարբերակը նույնպես թարմացվել է՝ սևն էլ ավելի վառ է դարձել, իսկ էկրանին գույներն էլ ավելի աչքի կընկնեն։ Փոփոխությունը կվերաբերի վեբ, բջջային և SmartTV տարբերակներին:

youtube-redesign

Դիզայնի փոփոխությունների շրջանակում թարմացվելու են նաև «Բաժանորդագրվել», «Հավանել», «Կիսվել» և «Ներբեռնել» կոճակները: Տեսանյութի նկարագրության որոշ հղումներ այժմ կփոխարինվեն համապատասխան կոճակներով:

Ինչ վերաբերում է նոր հնարավորություններին, ապա կա մասշտաբայնացման հնարավորություն, որը թույլ է տալիս մեծացնել տեսանյութերը, ինչպես արվում է լուսանկարների դեպքում՝ pinch-to-zoom մեթոդով: Թեև այս գործառույթը նախկինում փորձարկվել է YouTube պրեմիում բաժանորդների համար, այն այժմ հասանելի կլինի iOS և Android սմարթֆոններ ունեցող բոլոր օգտատերերին:

Մեկ այլ օգտակար նորարարություն է ճշգրիտ որոնումը (precise seeking): Ինչպես անունն է հուշում, խոսքը տեսանյութում ցանկալի հատվածների որոնումը բարելավելու մասին է։ Տեսանյութն առաջ կամ ետ տալու միջոցով որոնելիս այժմ կա կադր առ կադր նախադիտման հնարավորություն, ինչը կհեշտացնի տեսանյութում ցանկալի հատվածը գտնելը:

Այս բոլոր փոփոխությունները, ինչպես խոստանում են մշակողները, մոտ ապագայում հասանելի կդառնան հարթակի բոլոր օգտատերերի համար։


 
 
 
 
  • Արխիվ