Էժան Xiaomi 12T Pro-ն իր կատարողականով գերազանցել է Apple-ի և Samsung-ի ֆլագմաններին Genshin Impact խաղում

24 հոկտեմբերի, 2022  12:17

Genshin Impact-ը ամենածանր ու տեխնիկական մեծ հզորություններ պահանջող բջջային խաղերից է, և ոչ բոլոր սարքերը կարող են բավարարել դրա տեխնիկական պահանջները: Կատարողական լավագույն ցուցանիշներն այս խաղում, հակառակ սպասումների, ցույց են տվել ոչ թե Apple-ի և Samsung-ի առաջատար սմարթֆոնները, այլ շատ ավելի էժան Xiaomi 12T Pro-ն։

genshin-impact-screenshot

Golden Reviewer ալիքի հեղինակը համեմատել է մի քանի ժամանակակից սմարթֆոններ և պլանշետներ՝ փորձելով հասկանալ, թե դրանցից որը կատարողական ինչպիսի արդյունքներ է գրանցում Genshin Impact խաղալու ժամանակ։ Սմարթֆոնների շարքում հաղթող է ճանաչվել Xiaomi 12T Pro-ն, որը ցույց է տվել 59,2 կադր վայրկյանում արագություն մինչև 41,5 °C տաքանալու դեպքում:

Այս հեռախոսից ավելի արագ եղել է միայն iPad mini 6-ը, բայց տարբերությունը եղել է շատ փոքր՝ 59,3 կադր վայրկյանում մինչև 41,1 °C տաքանալու դեպքում:

Ընդորում, նոր iPhone 14 Pro Max-ը, որն Apple-ի ամենահզոր սարքերից մեկն է, զբաղեցրել է երրորդ տեղը՝ 58,4 կադր վայրկյանում +46,7°C արդյունքով։  

genshin-impact-test

Հետաքրքիր է, որ Samsung-ի ոչ մի սարք նույնիսկ չի մտել լավագույն տասնյակ: Samsung Galaxy S22 Ultra-ն միայն 12-րդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Xiaomi-ի և Apple-ի մի շարք սմարթֆոնների և պլանշետների: Իսկ Samsung Galaxy Fold 4-ը, որն ունի նույն պրոցեսորը, ինչ Xiaomi 12T Pro-ն (Snapdragon 8+ Gen1), զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 13-րդ տեղը։

Նշենք, որ Xiaomi 12T Pro-ն արժե մոտ 750 դոլար: Համեմատության համար՝ iPhone 14 Pro Max-ի գինն սկսվում է 1099 դոլարից (128 ԳԲ), իսկ Samsung S22 Ultra-ն՝ 999 դոլարից:

iPad mini 6-ի գինն սկսվում է $499-ից (64GB), սակայն 256GB (Wi-Fi + Cellular) տարբերակը սկսվում է $799-ից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ