Արհեստական բանականությունը երբեւէ կկարողանա՞ փոխարինել մարդուն լրատվության ոլորտում. CNN-ի լրագրողը՝ մեդիայի վրա տեխնոլոգիաների ազդեցության մասին

21 հոկտեմբերի, 2022  15:40

Տեխնոլոգիաներն այսօր այնքան են զարգացել, որ հասել ենք մի կետի, երբ արդեն արհեստական բանականությունը կարող է պատկերներ, տեքստեր ստեղծել, և սա ևս մեկ մարտահրավեր է դառնում լրագրության համար այն իմաստով, թե ինչպես է մեդիան առնչվելու արհեստական բանականության ստեղծած նյութերի հետ, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է CNN-ի արտասահմանյան թղթակից Լարա Ֆարրարը։

«Շատ հետաքրքիր իրավիճակ է լինելու՝ կապված արհեստական բանականության ստեղծած նյութերի հետ: Ինչպե՞ս է լրագրությունը առնչվելու արհեստական բանականության կողմից ստեղծված նյութերի հետ, ինչպե՞ս է պարզելու, արդյոք դրանք իրական են: Չեմ կարծում, որ այս հարցի պատասխանն ունենք այս պահին։ Բլոգերի ոլորտի դեպքում իրավիճակը մի փոքր տարբեր է։ Լրագրությունը փորձում է հետևել դասական կանոններին, լրագրողները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի հանրությանն ապացուցեն, որ իրենք ճիշտն են մատուցում, իրական աղբյուրներ են գտնում և այլն։ Սակայն միշտ նոր խաղացողներ ու մարտահրավերներ են ի հայտ գալու, և արհեստական բանականությունը դրանցից մեկն է լինելու», - ասում է նա։

Իսկ արդյո՞ք արհեստական բանականությունը երբևէ կկարողանա փոխարինել մարդուն լրատվության ոլորտում: Այս հարցի պատասխանը Լարա Ֆարրարը չունի, բայց նշում է, որ մի բան գիտի հաստատ՝ նման փորձերի դեպքում օբյեկտիվության, էթիկայի խնդիրներ կարող են ծագել, քանի որ մարդիկ, որոնք կմշակեն այս կամ այն ծրագիրը, ունեն չարտահայտված, անուղղակի կողմնակալություն, որը կարող է արտացոլվել իրենց ստեղծած արտադրանքում։

lara-farrar

«Լրագրությունը մշտապես բախվել է օբյեկտիվության մարտահրավերին։ Շատ առումներով օբյեկտիվությունը սուբյեկտիվ է։ Կարծում եմ, որ հարցը կլինի հետևյալը՝ կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունը լինել ավելի օբյեկտիվ, քան մարդը։ Կամ մարդիկ, որոնք ստեղծում են այդ տեխնոլոգիաները, կարող են ստեղծել տեքստ, որում կարող են լինել կողմնակալ մոտեցումներ, և դրանց պատճառով այդ տեքստը չի լինի օբյեկտիվ», - ասում է նա։

Լարա Ֆարրարի խոսով՝ գլխավոր հարցը կլինի այն, թե արդյոք մարդկային օբյեկտիվությունն ու տեխնոլոգիականը կկարողանան մրցակցել իրար հետ։

«Արդյո՞ք արհեստական բանականության օբյեկտիվությունը կարող է մրցակցել մարդու օբյեկտիվության հետ, կամ գուցե դրանք երկուսն էլ ի վերջո թերի կլինեն», - ասում է նա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ