Apple-ը մտադիր է մինչև 2025-ը ամբողջովին առանց շրջանակի iPhone թողարկել: Ընկերությունն արդեն դիմել է իր OLED էկրաններն արտադրողներին՝ մշակելու նոր տեսակի էկրաններ, որոնք կհամապատասխանեն ապագա սարքերի դիզայնին, հայտնում է կորեական The Elec կայքը:
Աղբյուրի համաձայն՝ Apple-ը չի ցանկանում օգտագործել ներկայիս նոր սերնդի OLED էկրանները, որոնք մի փոքր կոր եզրեր ունեն, ինչն արված է առանց շրջանակի էֆեկտ ստանալու համար: Ընկերությունը կարծում է, որ նման էկրանները կարող են օպտիկական աղավաղումներ առաջացնել և բավականաչափ հուսալի չեն։ Ուստի Apple-ը Samsung-ին և LG Display-ին առաջարկել է ստեղծել տեսանելի շրջանակներ չունեցող հարթ էկրաններ:
The Elec-ի տվյալներով՝ առանց շրջանակի էկրանով Apple-ի առաջին սմարթֆոնները կլինեն iPhone 17 Pro-ն և 17 Pro Max-ը, որոնք կթողարկվեն 2025-ին: Բացի դրանից, այս մոդելները կհամալրվեն էկրանի տակ թաքնված Face ID դեմքի սկաներով։ Նաև սելֆիի տեսախցիկը առայժմ տեսանելի կմնա։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone 15 սմարթֆոնների Pro շարքի ֆլագմանային մոդելների գինը, նաև նախորդ տարվա համեմատ ավելի պակաս թվով նոր սմարթֆոններ կարտադրի այս տարի։
Ուշագրավ է, որ Apple-ն իր պրեմիում սմարթֆոնների գինը չի բարձրացրել 2019-ից ի վեր, երբ iPhone 11 Pro-ն և 11 Pro Max-ը շուկա դուրս եկան համապատասխանաբար 999 և 1099 դոլարով: Այդուհանդերձ, ֆլագմանային մոդելների մոտավոր գինը մնում է անհայտ։
iPhone 15 շարքի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերին, թեև ավելի վաղ հաղորդվում էր, շնորհանդեսը կարող է հետաձգվել մինչև 2023-ի հոկտեմբեր։
ամիս
շաբաթ
օր