Ինչպե՞ս են չարագործները JBL անլար բարձրախոսների օգնությամբ Peugeot և Toyota ավտոմեքենաներ գողանում

20 հոկտեմբերի, 2022  10:15

Ֆրանսիայում չարագործները սովորել են, թե ինչպես գողանալ կիբերանվտանգ համարվող Peugeot և Toyota մեքենաները: Դրա համար նրանց անհրաժեշտ է միայն Bluetooth-ով աշխատող մոդիֆիկացված JBL բարձրախոս և ընդամենը մեկ րոպե ժամանակ:

Այս մեթոդի մասին ոստիկանությունը պատահաբար է իմացել։ Վերջերս Փարիզի մոտ գտնվող Սեն է Մարն թաղամասում ոստիկանությունը ձերբակալել է ավտոմեքենայի գողության մեջ կասկածվող երկու անձի։ Գողացված Peugeot-ի (2008 թ․ արտադրության) խուզարկության ժամանակ նրանք հայտնաբերել են Bluetooth-ով աշխատող JBL մոդիֆիկացված բարձրախոս, որին ամրացված է եղել «արագ մեկնարկի» ծրագրային բանալի, ինչի միջոցով էլ կասկածյալները կարողացել էին գործի դնել ավտոմեքենաների շարժիչները և գողանալ դրանք։

Ավտոմեքենայի դռները բացելուց և ներս մտնելուց հետո առևանգողները USB լարի միջոցով բարձրախոսը միացրել են ավտոմեքենայի աուդիոհամակարգին և կարողացել են գործի դնել շարժիչը։ Այդ ամենն անելու համար նրանցից ընդամենը մեկ րոպե է պահանջվում:

Սև շուկայում մոդիֆիկացված այսպիսի բարձրախոսները, ինչպես հայտնում է cybernews.com-ը, վաճառվում են 5000 եվրոյով։ Գինը, իհարկե, բավականին մեծ է, բայց չարագործների արած «ներդրումը» արագ փոխհատուցվում է, քանի որ նրանք գողանում են ավտոմեքենաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է 20 000 դոլար արժենալ։

Փոփոխված բարձրախոսի հետ նույնիսկ տրվում է YouTube-յան տեսանյութ, որը բացատրում է, թե ինչպես ճիշտ օգտագործել սարքը: Չարագործները պնդում են, որ այս սարքի միջոցով կարող են գողանալ նաև բարձրակարգ այլ ապրանքանիշերի ավտոմեքենաներ, ինչպիսիք են Toyota-ն և Lexus-ը:

Սա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավտոմեքենաների գողության միակ դեպքը չէ։ Վերջերս աշխարհում քիչ չեն եղել դեպքերը, երբ մեքենաների գողերը նման ծրագրեր են օգտագործել՝ առանց օրիգինալ բանալու ավտոմեքենան ապակողպելու, շարժիչը գործարկելու և այն գողանալու համար:

Կոնկրետ այս դեպքը հետաքրքիր է նրանով, որ այն պարզելը հեշտ չի եղել, քանի որ առանց հատուկ տեխնիկական փորձաքննության անլար բարձրախոսը ոստիկանների մոտ կասկած չէր հարուցի. երիտասարդներն այսօր նման բարձրախոսներ ամենուր են տանում իրենց հետ։ 


 
 
 
 
  • Արխիվ