James Webb աստղադիտակը միաձուլվող գալակտիկաների ցնցող պատկեր է նկարել

19 հոկտեմբերի, 2022  22:10

James Webb տիեզերական աստղադիտակն IC 1623 անունով հայտնի օբյեկտի ապշեցուցիչ լուսանկար է արել։ IC 1623-ը միահյուսված և միաձուլվող գալակտիկաների զույգ է, որոնք գտնվում են Կետուսի համաստեղությունում՝ Երկրից մոտ 270 միլիոն լուսատարի հեռավորության վրա:

Լուսանկարում երևացող գործընթացը կոչվում է գալակտիկաների միաձուլում. IC 1623-ում երկու գալակտիկաներ ընկղմվում են միմյանց մեջ, և ակնկալվում է, որ նրանց բախումը կհանգեցնի աստղաձևավորման կատաղի ալիքի, ինչի արդյունքում նոր աստղեր կձևավորվեն։ 

IC-1623-new

Քանի որ գալակտիկաների այս զույգը լավ տեսանելի է ինֆրակարմիր սպեկտրում, այն կարող է իդեալական թիրախ լինել Webb տիեզերական աստղադիտակով նկարահանումների համար: Աստղագետների թիմը կարողացել IC 1623-ը նկարել էլեկտրամագնիսական սպեկտրի ինֆրակարմիր հատվածում՝ օգտագործելով Webb աստղադիտակի երեք առաջադեմ գիտական ​​գործիքները՝ MIRI-ն, NIRSpec-ը և NIRCam-ը: Այս լուսանկարը ցույց է տալիս Webb աստղադիտակի աննախադեպ հնարավորությունները, որոնք կարող են օգնել գալակտիկական էկոհամակարգերում բարդ փոխազդեցություններն ուսումնասիրելու գործում։

2021 թ․ Hubble տիեզերական աստղադիտակը նույնպես լուսանկարել է IC 1623 օբյեկտը (լուսանկարը՝ ստորև): Այստեղ՝ գալակտիկաների վերևում, կարելի է տեսնել նարնջագույն և շագանակագույն շրջաններ. իրականում դա փոշի է, որից այն կողմ Hubble-ը, ի տարբերություն Webb աստղադիտակի, չի կարող «տեսնել»:

IC-1623-old

Եթե ​​համեմատենք երկու պատկերները, ապա կարող ենք տեսնել, որ մուգ շագանակագույն հատվածները շատ ավելի պայծառ են Webb աստղադիտակի արած լուսանկարում, իսկ ֆոնային գալակտիկաները, որոնք նույնպես հայտնվել են կադրում, ավելի լավ են երևում։

Նոր լուսանկարում երևում են նաև բեկված ճառագայթներ, որոնք իրականում գոյություն չունեն՝ դրանք կադրում են հայտնվել Webb աստղադիտակի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով։ Այս ճառագայթները կադրում հայտնվում են լույսի բեկման արդյունքում, որն առաջանում է երկրորդական հայելին պահող մասերի պատճառով և մի փոքր խախտում դրա կառուցվածքը ստացված պատկերում։ Նման ճառագայթները կարող են հայտնվել նաև այլ աստղադիտակների, այդ թվում՝ Hubble-ի պատկերներում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ