Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ներկայացնում է նոր` ARFI ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը, որը լինելու է էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք: Այս մասին NEWS.am Tech-ին տված հարցազրույցում ասաց ARFI ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը:
Հարթակը, ըստ նրա, հնարավորություն կտա և՛ լոկալ բիզնեսներին ֆինանսավորում ներգրավել, և՛ ներդրողներին ամբողջ աշխարհից մասնակցություն ունենալ պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում։ Հարթակի անունը «Armenia Financed» բառակապակցության հապավումն է, որը նշանակում է «ֆինանսավորված է Հայաստանում»։ Հարթակը կգործի այս տարվա սեպտեմբերից:
Էդգար Էվոյանը նախ ներկայացրեց, թե ինչ է Crowdfunding-ը, որի մշակույթը Հայաստանում նոր-նոր է ձևավորվում. «Քրաուդֆանդինգը նոր ուղղություն է: Բոլորին երևի հայտնի է Kickstarter-ը, Indiegogo-ն, որոնք կոչվում են Revort Crowdfunding հարթակներ: Դա նշանակում է, որ գնում ես ապրանք, որն առաքվելու է ասենք, երեք ամիս հետո: Դա ավելի շատ իրենց սպառողներն են գնում: Օնլայն գնումներ իրականացնող սպառողը օգտվում է նաև Revort Crowdfunding-ի հարթակներից` Kickstarter-ից, Indiegogo-ից, գնում է ապրանք, որից երեք ամիս հետո այն առաքում է:
Իսկ ներդրումային Crowdfunding-ը չի վաճառում այնտեղ ապրանք, այնտեղի ապրանքը ֆինանսական գործիքներն են՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր: Այսինքն՝ ընկերությունները թողարկում են բաժնետոմսեր, պարտատոմսեր և տեղաբաշխում այսպիսի հարթակներում: Ավելի շատ ներդրողներն են գնում այդ բաժնետոմսերն ու պարտատոմսերը և այդ իմաստով նաև մեր թիրախային խումբը տարբերվում է: Մի կողմից նրանք սպառողներ են, մյուս կողմից՝ ներդրողներ: Գնելուց հետո նրանք դառնում են այդ պարտատոմսերի սեփականատերը և ARFI-ն կազմակերպում է այդ ամբողջ գրանցման գործընթացը ներդրողների Կենտրոնական դեպոզիտարիայում բացված առանձին արժեթղթերի հաշվում: Այդ ամենը կազմակերպվում է մեր միջոցով»,- ընդգծեց նա:
Հարցին, թե երբ և ինչպես որոշվեց ստեղծել ARFI ներդրումային Crowdfunding հարթակը, Էվոյանը պատասխանեց. «Միտքը ծնվել է դեռևս 2020-ին: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, ինչպես գիտեք, ավելի շատ զբաղված էր մեծ նախագծերում համաֆինանսավորում իրականացնելու միջոցով դրսից օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ: Սակայն ընկերությունների կողմից մեծ պահանջարկ եղավ, որոնք ավելի փոքր գումար էին ուզում իրենց ֆինանսավորման համար: Մյուս կողմից ներդրողների կողմից բավականաչափ հետաքրքրություն կար՝ արդյոք իրենք չեն կարող մասնակցել այդ ներդրման գործընթացին: Եվ ծնվեց այս գաղափարը՝ ամեն ինչ անել օնլայն և նաև հնարավորություն տալ ավելի փոքր ընկերություններին ֆինանսավորումներ ներգրավել օնլայն հարթակում: Այս տարբերակը, կարծես թե, ամբողջ աշխարհում օգտագործվող ամենաարդյունավետ միջոցն է»:
Ընկերության տնօրենը ներկայացրեց, թե ինչպես ընկերությունները կարող են ներգրավվել այս գործընթացում. «Ընկերություններն ուղարկում են հայտ օնլայն հարթակով և մենք իրենց ուղարկում ենք քննարկման օր ու ժամ ընտրելու հնարավորություն: Դրանից հետո ընկերության ներկայացուցիչները հանդիպում են մեզ հետ, ներկայացնում են ծրագիրը: Այդ պրոցեսը տեղի է ունենում offline տարբերակով, քանի որ այդ պրոցեսը երկարատև է: Միջինը այն տևում է մեկ ամիս, որից հետո հաստատման գործընթացն է տեղի ունենում, ինչից հետո էլ գործընթացը բաժանվում է երկու ուղղության՝ իրավական և մարկետինգային: Իրավականը նշանակում է, որ իրենք պետք է վերակազմակերպվեն բաց բաժնետիրական ընկերության, որն օրենքի պահանջ է: Երկրորդը մարկետինգային նյութերի պատրաստման գործընթացն է, որովհետև մեր հարթակում տեղադրվում է տեսահոլովակ իրենց մասին, որը կապ է ստեղծում էմոցիոնալ ներդրողների և ընկերության միջև: Այդ երկու պրոցեսների դեպքում էլ մարկետինգային նյութերը մենք ենք պատրաստում»:
Էդգար Էվոյանը նշեց, որ արդեն ավելի քան 260 ընկերություններից հայտեր են ստացել, որոնցից ընդամենը 10-ն են հաստատվել ու տեղադրվելու են հարթակում. «Մենք արդեն տեխնիկական առումով պատրաստ են և սպասում ենք ընկերություններին: Հիմա իրավական ու մարկետինգային փուլում ենք: Իրենց կողմից պատրաստ լինելուն պես, կհայտարարենք գործարկման օրը և արդեն բոլորին հասանելի կլինի հարթակը ներդրումներ իրականացնելու համար: Մենք նախատեսում ենք, որ ամենաուշը դա կլինի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին»:
Հարցին՝ քաղաքացիները կարող են մտնել հարթակ, ընտրել ընկերությունը, որտեղ ուզում են ներդրում անել և անել ներդրում, նա պատասխանեց. «Մինչ այդ անցնում են նույնականացման գործընթաց, որը շատ պարզ գործընթաց է: Եթե ներդրողը փաստաթղթերի որևէ խնդիր չունի, խնդիր չեմ տեսնում, որ շատ արագ նույնականացվելուց հետո ներդրողը կկարողանա ներդրում իրականացնել: Ընդ որում, ներդրում իրականացնելու գործընթացն էլ է պարզեցված: Նույնիսկ առանց վճարելու կարող են ներդրում իրականացնել, որովհետև ունեն չորս օր մտածելու ժամանակ: Երբ այդ չորս օրն անցնում է, նոր ձեզնից կպահանջվի վճարային քարտ կցել և վճարել ներդրման համար: Բայց այդ ընթացքում ցանկացած պահի կարող եք ներդրումը չեղարկել»:
Էվոյանի խոսքով՝ իրենք ունեն խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հնարավորություն, նույնիսկ միայն խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների առանձին սենյակ են ուզում ստեղծել, բայց առհասարակ հիմնական թիրախային խումբը ներդրողների տեսանկյունից, փոքր գումարով ներդրում իրականացնող մեր սփյուռքահայությունն է և Հայաստանի ժողովուրդը: «Հայաստանում հնարավորությունները բավականաչափ սահմանափակ են: Բարձր ռիսկային, միաժամանակ բարձր եկամտաբերություն խոստացող ծրագրերը քիչ են, որտեղ հնարավոր է ներդրում իրականացնել օնլայն տարբերակով ու շատ պարզ: Այդ տեսանկյունից մենք հնարավորություն ենք տալու բոլոր հայկական ՏՏ ստարտափներին, ընդհանրապես արտադրությամբ և ծառայություններով զբաղվող ցանկացած ընկերության»,- ընդգծեց Էվոյանը:
Նշենք, որ Orion Summit 2023-ը, որի մասնակիցներից մեկն էր Էդգար Էվոյանը, անցկացվել է հունիսի 19-23-ը Նյու Յորքում, միջոցառման ինֆորմացիոն գործընկերը NEWS.am Tech-ն է։ Իրադարձություններով հագեցած չորս օրերի ընթացքում գագաթնաժողովի ավելի քան 100 մասնակիցներ քննարկել են մի շարք հարցեր, թե ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել համաշխարհային ներդրումների համար, ինչպես նպաստել երկրի և դրա տնտեսության զարգացմանը և ինչ դեր կարող են խաղալ այս ամենում ժամանակակից տեխնոլոգիաները։
ամիս
շաբաթ
օր