Չնայած աշխարհում կա մտավախություն արհեստական բանականության վտանգների մասին՝ նման մտահոգություններ առկա են եղել գրեթե բոլոր մեծ նորարարություններից հետո, և կառավարությունը ոչ միայն բաց է ԱԲ կիրառման համար, այլև արդեն ունի հաջողված փորձ։ Այս մասին Նյու Յորքում հունիսի 19-22-ը տեղի ունեցած Orion Summit-2023-ի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
«Այս պահին նման փորձ ունենք հարկային մարմիններում, որտեղ արհեստական բանականության կիրառմամբ որոշակի հետազոտություններ են իրականացվում, և փորձում ենք բարձրացնել ստուգումների որակը։ Արդեն իսկ ունենք ցուցանիշներ, թե ԱԲ կիրառմամբ որքան ավել հարկային պարտավորություններ է հնարավոր եղել առաջադրել, և որքանով ավելի ճշգրիտ է ընտրվել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ենթակա են լինում ստուգման։ Այս պրոցեսը շարունակական է, և վերջերս թվայնացման խորհրդում հաստատվեց ևս մեկ որոշում, որով հարկային մարմինները էլ ավելի մեծ թափով կսկսեն ԱԲ գործիքներ ներդրել իրենց ամենօրյա աշխատանքում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում տարածված չէ տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ անելու պրակտիկան, նախարարը նշեց, որ դա բավականին մասնագիտացված գիտելիքներ և մեծ միջոցներ է պահանջում։
«Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է «բիզնես հրեշտակների» երկու ակումբ։ Այսպես ֆիզիկական անձինք մասնակցում են նորարարական էկոհամակարգի ձևավորմանը։ Կարծում ենք՝ հասարակության մեջ խնայողությունների մակարդակի բարձրացմանը զուգահեռ այն կսկսի ավելի ու ավելի շատ հետաքրքրված լինել նմանատիպ գործիքների զարգացմամբ։ Իհարկե այստեղ կա նաև կառավարության դերը՝ խթանելու այս պրոցեսը հարկային արտոնությունների և իրազեկման ծրագրերի միջոցով»,- ասաց նա։
Էկոնոմիկայի նախարարությունը Orion Summit 2023-ի համակազմակերպիչ է, և բավական ներկայացուցչական կազմով է մասնակցում համաժողովին՝ նախարարի, փոխնախարարի մակարդակով։ Գևորգյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ամփոփել է համաժողովի չորս օրերի արդյունքները։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և դրանց շարունակականությունը նախարարության համար առանցքային կարևորություն ունեն։
«Մենք տարիներ շարունակ բավական ակտիվություն չենք ցուցաբերել ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, և գտնում ենք, որ այս ակտիվացումը կարևոր է միջազգային պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև հայկական սփյուռքի հետ կապերի ստեղծման ու ամրապնդման համար և նմանատիպ քննարկումները միանշանակ օգնում են։
Մի շարք հանդիպումներ ենք ունեցել օրինակ Քորնելի տեխնոլոգիական համալսարանում, վենչուրային էկոհամակարգի խաղացողների հետ։ Կարծում ենք, որ այդ ամենն իր արդյունքները առաջիկայում ցույց կտա, բայց մյուս կողմից կարևոր է հասկանալ, որ նմանատիպ միջոցառումները մեկ օրում չէ, որ արդյունք են տալիս»,- ասաց փոխնախարարը։
Գևորգյանի խոսքով՝ Հայաստանն ունի ներդրումներին խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ տարբեր ոլորտներում, սակայն, դրանով հանդերձ նախորդ տարի գրանցվել է ռեկորդային արդյունք․ ներդրումների կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ գտնվել է պատմական բարձր մակարդակում։
«Մի քանի տարի է՝ կառավարությունը՝ ծրագրին համապատասխան, խոշոր ներդրումներ է սկսել իրականացնել գիտության մեջ, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, կապիտալ ծախսերի բաժինը ՀՆԱ-ում ևս գտնվել է պատմական բարձր մակարդակում անցյալ տարի։ Այս ամենով հանդերձ կարծում ենք՝ դեռ շատ անելիքներ կան, որպեսզի ներդրումային միջավայրը լինի այնպիսին, որ շատ ավելի մեծ քանակի ներդրողներ հետաքրքրված լինեն Հայաստանով»,- ասաց նա։
ամիս
շաբաթ
օր