Հայաստանն ունի շատ մոտիվացված կիրթ բնակչություն, տաղանդներ, լավ աշխարհագրություն, ինչի շնորհիվ այն լավագույն վայրերից մեկն է ՏՏ ոլորտի զարգացման, ներդրումների համար և հենց այդ պատճառով էլ Bitvore Inc. ընկերությունը ցանկանում է ներկայացուցչություն ունենալ Հայաստանում, Նյու Յորքում տեղի ունեցած Orion Summit 2023-ի շրջանակում NEWS.am Tech-ի հետ հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Օզ Էլեոնորան։
«Կարծում եմ՝ Հայաստանը զարմանալի հնարավորություններ ունի։ Ես սիրեցի երկիրը, երբ այցելեցի Հայաստան։ Ես տեսա բավական կիրթ բնակչություն՝ շատ մոտիվացված, ավելին անելու ձգտմամբ։ Կարծում եմ՝ ձգտումն առաջնահերթ կարևորություն է, քանի որ եթե մարդիկ, եթե պրոֆեսիոնալները չունեն ձգտում, ապա ոչ ոք չի կարող դառնալ առաջ տանող ուժը, այդպես չէ՞»,- ասաց նա:
Օզ Էլեոնորան այցելել է նաև հայաստանյան մի քանի համալսարաններ և նշում է, որ դրանք ունեն գերազանց ակադեմիական ծրագրեր, տալիս են գերազանց STEM շրջանավարտներ: «Սա հիանալի միջավայր է։ Դրան զուգահեռ ակադեմիական կրթությունը շատ ուժեղ է ձեզ մոտ, դա ձեզ տալիս է բոլոր բաղադրիչները համաշխարհային շուկայում խաղացող լինելու համար:
Մեր ընկերությունը ցանկանում է գործարք կատարել, որպեսզի կարողանանք ներկայություն ունենալ Հայաստանում։ Մենք ցանկանում ենք դա անել, քանի որ տեսնում ենք, որ Հայաստանը տարածաշրջանային կենտրոն է դառնում, իսկ տարածաշրջանը Եվրոպան է, Միջին Արևելքը, Աֆրիկան և Ասիան: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը լավագույն վայրն է, որովհետև դա ամենահեշտ հասանելի վայրն է, այն գտնվում է կենտրոնական վայրում, կրոնի շնորհիվ երկիրը շատ բաց է, շատ ճկուն է, երիտասարդ տաղանդներ ունի, անվտանգ է և ունի որակյալ ակադեմիական կրթություն: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը հիանալի որակներ ունի»,- ասում է նա։
Bitvore Inc.-ը հաջողված ստարտափ է, որն ունի Bitvore Cellenus պրոդուկտը, որն արհեստական բանականությամբ է աշխատում և տվյալներ, վերլուծություններ է տրամադրում ֆինանսական ինստիտուտներին՝ հեշտացնելով որոշումների կայացման պրոցեսը։
Հարցին, թե ի՞նչն է ստարտափին դարձնում լավը, այսինքն՝ այնպիսի ստարտափ, որը կարող է լավ ներդրումներ ներգրավել, նա պատասխանում է, թե շատ կարևոր է հավատարիմ մնալ սեփական տեսլականին նույնիսկ եթե սկզբում ոչ բոլոր ներդրողներն են դա հասկանում, նույնիսկ եթե երբեմն նույնիսկ շուկան չի հասկանում դա։
«Սակայն եթե դուք իսկապես հավատում եք դրան, եթե իսկապես խոսում եք ամբողջ թիմի հետ և բացատրում, որ դա մեկ անհատի խնդիր չէ, եթե ձեր թիմն իսկապես հավատում է տեսլականին, հավատարիմ ենք մնում դրան, ապա հետո ականատեսն եք լինում, թե ինչպես են շուկան և ներդրողներն իրենք գալիս, քանի որ այսպիսին է եղել մեր փորձը: Մենք հավատարիմ մնացինք մեր տեսլականին, մնացինք կարգապահ, անցանք շատ դժվար ժամանակներով, և այժմ շուկան և ներդրողներն ընդունում են մեզ»,- ասում է նա։
Bitvore Inc. ընկերության տնօրենն ասում է, որ շատ է հավանել տեղի մրգերն ու բանջարեղենը, և կարծում է, որ դրանք առանձնահատուկ համ ու տեսք ունեն ջրի շնորհիվ։ «Կարծում եմ, որ ջուրն ամենակարևոր բաներից մեկն է: Մեր պանելային քննարկումներից մեկի ժամանակ մեկն ասում էր՝ նավթ չունենք, գազ չունենք։ Ես ուզում էի ասել՝ այո՛, բայց դուք ջուր ունեք։ Դա ավելի թանկ է, քան նավթն ու գազը։ Կարծում եմ, որ դա առաջնահերթ ու ամենակարևոր բանն է»,- ասում է նա։
Օզ Էլեոնորան, որը Կարիբյան ավազանում գտնվող Կուրակաո կոչվող կղզում է ծնվել և մեծացել, ասում է, որ Հայաստանն ունի միլիարդատերեր, որոնք ստեղծել են տեխնոլոգիական մեծ ընկերություններ, ճարտարապետական խոշոր ընկերություններ, ինչը շատ յուրահատուկ է դարձնում երկրի հնարավորությունները:
«Դուք հավանաբար ունեք առնվազն երկու, գուցե երեք տասնյակ միլիարդատերեր ամբողջ աշխարհում, որոնք հայկական արմատներ ունեն։ Այնպես որ, դուք ունեք նաև կապիտալի տարրը, որը կարող եք վերադարձնել երկիր և օգնել ձեր ձեռներեցների դասին, որպեսզի նրանք աճեն։ Կարծում եմ, որ դա հիանալի է»,- նշում է նա:
Օզ Էլեոնորան նշում է, որ օտարերկրացիներից շատերի մոտ սխալ տպավորություն կա, որ Հայաստանը վայր է, որտեղ բռնություններ են տեղի ունենում, անընդհատ պատերազմ է։
«Ինչ-ինչ պատճառներով մարդիկ կարծում են, որ Հայաստանը պատերազմական գոտու մեջտեղում է, իսկ դա այդպես չէ: Դա ամենևին էլ այդպես չէ, շատ հանգիստ, շատ ապահով, շատ գեղեցիկ և շատ հյուրընկալ վայր է: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչու մարդիկ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, նրանք չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը»,- ասում է նա։
Նշենք, որ NEWS.am Tech-ը Orion Summit 2023-ի ինֆորմացիոն հովանավորն է։
ամիս
շաբաթ
օր