Տալ ճիշտ կրթություն, ստեղծել ազդեցություն ունեցող պրոդուկտներ․ IBM-ի փորձագետը՝ ԱԲ կիրառման մարտահրավերների մասին

18 հոկտեմբերի, 2022  20:32

Արհեստական բանականության մասին խոսելիս՝ հիմնականում նկատի է առնվում աշխատանքի, կրկնվող առաջադրանքների ավտոմատացումը, այսօր շատ գործընթացներ կան, որոնց կատարման համար դեռ շատ մարդկային ռեսուրս է հարկավոր և հենց այդ հարցն են փորձում լուծել արհեստական բանականության միջոցով, ասում է IBM ընկերության արհեստական բանականության և տվյալների փորձագետ, ճանաչողական լուծումների ճարտարապետ Քիմ Դրեսենդորֆերը, ում հետ NEWS.am Tech-ի հետ զրույցել է Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում։

«Վերջին տարիներին հենց սա է տեղի ունենում այս ոլորտում՝ օգտագործվում է արհեստական բանականությունը այսպիսի գործընթացները հնարավորինս ավտոմատացնելու համար», - ասում է նա։

Արհեստական բանականության ոլորտի միտումները

Ըստ մասնագետի՝ եթե խոսենք արհեստական բանականության կիրառման ոլորտում առկա միտումների մասին, ապա հիմնական միտումը հասանելի ողջ տվյալները իրար համադրելն է և կանխատեսման նոր շղթայի միջոցով նոր հիպոթեզ ստեղծելը։

«Օրինակ՝ ինչ տեղի կունենա, երբ համադրենք տեքստային տվյալները պատկերների և կառուցվածքային տվյալների հետ։ Մենք այդքան էլ շատ չենք վերլուծել ֆիլմերը, տեքստերը, կենդանի լեզուն և այլն։ Եթե առաջ նայենք հնարավորություններին, ապա մենք բավական բարդ՝ արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ կարող ենք ունենալ, որոնց միջոցով հնարավոր կլինի բարդ առաջադրանքներ կատարել և ավելի լավ ու արդյունավետ կատարել մեր աշխատանքը»,- ասում է նա։

ԱԲ կիրառման ի՞նչ մարտահրավերներ կան աշխարհում

Քիմ Դրեսենդորֆերի կարծիքով՝ այսօր արհեստական բանականության կիրառման հետ կապված հիմնական մարտահրավերներից մեկը վախն է, շատ մարդկանց մոտ կա այդ վախ առ այն, թե ինչ է արհեստական բանականությունը, ինչպես կարող է այն օգտագործվել և այլն։ Ըստ նրա՝ այստեղ կարևոր դեր է խաղում նաև մեդիան, մասնավորապես, թե ինչպես է ներկայացնում այն։   

«Կարծում եմ, որ արհեստական բանականության մասին խոսելիս կա վախ, նախապաշարմունք, բայց կարող եմ վստահ ասել, որ շատ հեռու ենք այն ամենից, ինչ Առնոլդ Շվարցենեգերն էր փորձում ներկայացնել իր ֆիլմերում [ծիծաղում է – խմբ․], դա տեղի չի ունենա», – ասում է նա։

Իսկ ամենամեծ մարտահրավերը, ըստ նրա, կրթությունն է, կարևոր է մարդկանց ճիշտ կրթություն տալ, որպեսզի մարդը կարողանա աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ առաջ գնալ, այլ ճանապարհ չկա։

Kim Dressendoerfer.JPG (1.47 MB)
«Չգիտեմ Հայաստանում ինչպես է դա արվում, բայց կարող եմ ասել, որ վերջին 17 տարում Գերմանիայում դպրոցական կրթական համակարգը չի փոխվել՝ նույն գրքերն են և նույն թեմաները։ Բայց աշխարհը փոխվել է», - ասում է նա։

Քիմ Դրեսենդորֆերի խոսքով՝ նոր տեխնոլոգիաների ի գալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մարդիկ գրեթե երկու տարին մեկ հաճախականությամբ պետք է փորձեն տեսնել օրինաչափությունները, արժեքները կամ գործողությունները, որոնք այլևս չեն ծառայում իրենց և փոխեն դրանք ավելի լավ տարբերակներով։

«Եթե մենք դա նաև չենք սովորեցնում դպրոցներում, եթե սերունդներին չենք ասում, որ ահա այսպիսին է լինելու կյանքը, նրանց համար հետո շատ դժվար կլինի։ Մյուս կողմից, կլինեն առաջադրանքներ, որոնք կրկնվող են և պետք է դուրս բերվեն արհեստական բանականության տիրույթից, մենք պետք է վստահ լինենք, որ հաջորդ սերնդի ձայնը նույնպես լսելի կլինի և նրանք կկարողանան պատշաճ կատարել իրենց աշխատանքը», - ասում է նա։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ԱԲ-ով զբաղվող հայկական ընկերությունները

IBM-ի արհեստական բանականության և տվյալների փորձագետն առաջին անգամ է այցելում Հայաստան և շատ բան չգիտի այստեղի ՏՏ էկոհամակարգի մասին։ Սակայն մեկ-երկու օրն էլ բավական է եղել, որպեսզի հասկանա, որ այստեղ հսկայական ուշադրություն է դարձվում նորարարությունների վրա, և շատ ընկերություններ փորձում են բաց չթողնել նորարարության ալիքի վրա լինելու հնարավորությունը և դրա համար մեծ ուշադրություն են դարձնում տաղանդավոր կադրեր ներգրավելուն և իրենց խնդիրներին տալու նորարարական այնպիսի լուծումներ, որոնք նախկինում չեն արվել։ 

 Kim Dressendoerfer 3.JPG (1.23 MB)

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ԱԲ-ով զբաղվող հայաստանյան ընկերություններին, Քիմ Դրեսենդորֆերն ասում է, որ պետք է ստեղծեն լուծումներ, որոնք ազդեցություն ունեն և խիստ նորարարական են, պետք է ներդրումներ արվեն։

«Եթե որևէ երկիր ցանկանում է տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր ունենալ, ապա պետք է ներդրումներ անի, որպեսզի կարողանա լուծումներ գտնել։ Դա երկար գործընթաց է, արհեստական բանականության վրա հիմնված որևէ լուծում գտնելու համար տարիներ են պահանջվում։ Այդտեղ պետք է հետևողական աշխատանք արվի, ուշադրությունը պետք է կենտրոնացվի տաղանդավոր կադրերի վրա, որոնք ստեղծում են այդ լուծումները», - ասում է նա։


 
 
 
 
  • Արխիվ