Hubble-ը տուրբուլենտ աստղաբուծարանի գեղեցիկ լուսանկար է արել

18 հոկտեմբերի, 2022  22:27

Hubble տիեզերական աստղադիտակը Երկրից մոտ 1250 լուսատարի հեռավորության վրա գտնվող Օրիոնի համաստեղության Հերբիգ-Հարոյի HH 1 և HH 2 աստղային օբյեկտների գեղեցիկ լուսանկար է արել։

HH 1-ը կարելի է տեսնել պատկերի վերին աջ անկյունում. սա փայլուն ամպ է պայծառ աստղի վերևում: Իսկ HH 2-ը ներքևի ձախ մասում գտնվող ամպն է:

Herbig Haro objects

Հերբիգ-Հարոյի օբյեկտները լուսավոր կուտակումներ են, որոնք կարելի է տեսնել որոշ նորածին աստղերի շուրջ։ Նրանք ձևավորվում են, երբ այս երիտասարդ աստղերի կողմից արտանետվող գազի շիթերն աներևակայելի մեծ արագությամբ բախվում են շրջակա գազերի և փոշու հետ: Այս օբյեկտների մասնիկներն իսկապես շարժվում են մեծ արագությամբ. համաձայն 2002 թ․ Hubble տիեզերական աստղադիտակի դիտումների շնորհիվ ստացված տվյալների՝ փոշու և գազի մասնիկները HH 1-ում շարժվում են ավելի քան 400 կմ/վ կամ 1,400,000 կմ/ժ արագությամբ։

Թեև Հերբիգ-Հարոյի երկու օբյեկտներն էլ հստակ երևում են նկարում, երիտասարդ աստղային համակարգը, որը «պատասխանատու է» դրանց ստեղծման համար, թաքնված է տեսադաշտից. այն գտնվում է պատկերի կենտրոնում երևացող փոշու հաստ ամպերի հետևում: Այնուամենայնիվ, նկարում երևում է, թե ինչպես է երիտասարդ աստղերից մեկի կենտրոնական մութ ամպից դուրս պրծնում իոնացված գազի վառ շիթը:

Նախկինում ենթադրվում էր, որ այս շիթի ծագման աղբյուրը պայծառ աստղն է, որը կարելի է տեսնել շիթերի և HH 1 ամպի միջև, բայց այժմ հայտնի է, որ այն պարզապես կրկնակի աստղ է, որը ձևավորվել է մոտակայքում և կապված չէ այդ ամպի հետ:

Տուրբուլենտ աստղաբուծարանի այս լուսանկարն արվել է Hubble 3-ի (Wide Field Camera 3) միջոցով՝ 11 տարբեր ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամանուշակագույն ֆիլտրերի կիրառմամբ: Այդ ֆիլտրերից յուրաքանչյուրը զգայուն է էլեկտրամագնիսական սպեկտրի միայն մի փոքր մասի նկատմամբ, և դրանց շնորհիվ աստղագետները կարող են ուսումնասիրել տիեզերքում տեղի ունեցող հետաքրքիր գործընթացները։

Նկարն արվել է գիտնականների երկու խմբի խնդրանքով, որոնք աշխատում են երկու տարբեր հետազոտությունների վրա։ Առաջինն ուսումնասիրում է այս նկարում երևացող Հերբիգ-Հարոյի օբյեկտների կառուցվածքն ու շարժումը՝ ավելի լավ հասկանալու ֆիզիկական գործընթացները, որոնք տեղի են ունենում, երբ երիտասարդ աստղերի հոսքերը բախվում են շրջակա գազի և փոշու հետ:

Երկրորդ հետազոտությունն ուսումնասիրում է հենց արտահոսքերը, որպեսզի հիմք դնի James Webb տիեզերական աստղադիտակի միջոցով ապագա դիտարկումների համար։ James Webb-ը, ի տարբերություն Hubble-ի, կարող է «տեսնել», թե ինչ կա երիտասարդ աստղերին շրջապատող փոշու ամպերից այն կողմ:

Հիշեցնենք, որ վերջերս Hubble և James Webb աստղադիտակները նկարել էին միևնույն գալակտիկան, սակայն բոլորովին այլ կերպ էին ցույց տալիս այն։ Երկու աստղադիտակների պատկերների համեմատությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ IC 5332 գալակտիկայի կառուցվածքը, ասում են գիտնականները: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ