15 000 դոլարի ֆինանսավորում՝ 3 հաղթող ստարտափների համար. ՔՈԱՖ-ի շրջանավարտների համար ստարտափ ինկուբացիոն ծրագիր է մեկնարկում

17 հոկտեմբերի, 2022  18:40

Հայաստանի գյուղաբնակ երիտասարդները հնարավորություն կստանան կյանքի կոչելու իրենց նորարարական ստարտափ գաղափարները կրթական տեխնոլոգիաների (EdTech), Ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), զբոսաշրջության, ագրարային տեխնոլոգիաների (Agritech) և կանաչ լուծումների (Green Solutions) ոլորտներում։

Դա հնարավոր կդառնա արդեն երկրորդ տարին անընդմեջ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) շրջանավարտների համար անցկացվող ստարտափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ, որն այս տարի կիրականացվի հայ-ֆրանսիական բիզնես աքսելերատոր StartDoon-ի հետ համագործակցությամբ:  

Այս տարվա ծրագիրը բաղկացած կլինի երեք փուլից:

Առաջին` նախաինկուբացիոն փուլով նախատեսվում է կազմակերպել 4-ամսյա դասընթացներ ավագ դպրոցի մոտ 150 աշակերտների համար ձեռնարկատիրական նախագծերին նախապատրաստվելու, ինչպես նաև հետագա ստարտափ ինկուբացիոն փուլում նրանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով:

Երկրորդ փուլում կընդգրկվեն ՔՈԱՖ-ի 30 շրջանավարտ տարբեր մարզերից, որոնք կմասնակցեն 8-շաբաթյա ինտենսիվ վերապատրաստման ծրագրին` հնարավորություն ստանալով վավերացնել տարբեր բիզնես գաղափարներ:

Փուլը կավարտվի «փիչինգ» միջոցառմամբ, որի ընթացքում շրջանավարտներին կտրամադրվի 5-ական րոպե` իրենց գաղափարները ստարտափ փորձագետներից և ՔՈԱՖ-ի անձնակազմից կազմված ժյուրիին ներկայացնելու համար:

Մրցույթի արդյունքում կընտրվեն երեք հաղթող ստարտափներ, որոնց միջև կբաշխվի 15 հազար դոլարի ֆինանսավորումը, ինչը կուղղվի նրանց բիզնես նախաձեռնությունները սկսելուն: Ինկուբացիոն ծրագրի հաղթողներն իրենց տեղը կապահովեն նաև վերջին` նախաաքսելերացիոն փուլում: Փուլը նախատեսված է շուկա դուրս գալու և աքսելերատորներին, ներդրումներին և եկամուտներին պատրաստվելու համար։

Սա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի շրջանավարտների համար նախաձեռնված արդեն երկրորդ ստարտափ ինկուբացիոն ծրագիրն է: Առաջինը նախորդ տարի էր անցկացվել:

«Նախորդ տարվա պիլոտային ծրագրի արձանագրած հաջողությունը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների տաղանդն ու ներուժը: ՔՈԱՖ-ի Շրջանավարտների ստարտափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ երեք ստարտափ արդեն իսկ գտնվում են իրենց բնակավայրերում սեփական բիզնես սկսելու վաղ փուլում: ՔՈԱՖ-ը շարունակում է սերմանել և խթանել քաղաքացիական պատասխանատվության մշակույթը՝ խրախուսելով երիտասարդ շահառուներին իրենց համայնքներում ստանձնելու նորարարության և առաջընթացի շարժիչ ուժի դերը»,- ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

Ծրագրի ողջ ընթացքում և դրանից հետո դիմորդներին կտրամադրվի ոլորտին առնչվող մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև շուկայի ռեսուրսների հասանելիություն, կապեր ստեղծելու հնարավորություններ և բիզնեսին վերաբերող համապարփակ դասընթացներ:

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ