Վտանգավո՞ր է մարդու համար տիեզերքում երկար մնալը․ նոր ուսումնասիրությունը հետաքրքիր տվյալներ է վերհանել

9 հունիսի, 2023  18:32

Տիեզերքում երկար մնալը կարող է բացասաբար ազդել տիեզերագնացների առողջության վրա. նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե մարդը տիեզերքում անցկացնում է վեց ամիս կամ ավելի, դա որոշակի ազդեցություն է ունենում նրա ուղեղի և ընդհանրապես ֆիզիկական վիճակի վրա, ուստի խորհուրդ է տրվում առնվազն երեք տարի ընդմիջում կատարել հաջորդ թռիչքից առաջ։

Ուսումնասիրության հեղինակները սկանավորել են 30 տիեզերագնացների գլխուղեղը երկշաբաթյա, վեցամսյա և մեկամյա տիեզերական թռիչքներից առաջ: Տիեզերագնացներին սկանավորել են նաև տուն վերադառնալուց հետո, և համեմատել երկու արդյունքները: Ինչպես պարզվել է, տիեզերագնացները, որոնք Միջազգային տիեզերակայանում վեց ամսից ավելի են անցկացրել, նրանց մոտ նկատելիորեն մեծացել են ուղեղի խոռոչները՝ ուղեղի ողնուղեղային հեղուկով լցված հատվածները։

Ուղեղ-ողնուղեղային հեղուկը պաշտպանում և սնուցում է ուղեղը, ինչպես նաև հեռացնում է թափոնները: Երբ մարդը տիեզերքում է, նրա մարմնում առկա հեղուկները շարժվում են, իսկ ուղեղը սեղմվում է գանգի վերին հատվածին, ինչը հանգեցնում է ուղեղի խոռոչների մեծացմանը։

Հետազոտությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 30 տիեզերագնաց, որոնցից ութը երկշաբաթյա առաքելություն են իրականացրել, 18-ը՝ վեցամսյա, իսկ չորսը շուրջ մեկ տարի անցկացրել են ուղեծրում։ Գիտնականները նկատել են, որ ողնուղեղային հեղուկով լցված խոռոչների մեծացման աստիճանը տատանվում է՝ կախված ուղեծրում մարդու գտնվելու տևողությունից։ Առավել նկատելի է եղել առաջին և երկրորդ խմբերի տարբերությունը, բայց երկրորդի և երրորդի միջև տարբերությունը շատ ավելի փոքր է եղել, այսինքն՝ վեց ամիս անց փորոքների աճը կարծես թե դանդաղում է։ Տիեզերագնացների համար, որոնք ընդամենը երկու շաբաթ են անցկացրել տիեզերքում, ազդեցությունը նվազագույն է եղել, ինչը լավ նորություն է տիեզերական արդյունաբերության կոմերցիոն սեգմենտի համար։

Հետազոտությանը մասնակցող 11 տիեզերագնացները առաքելությունների միջև ավելի քան երեք տարի ժամանակ են ունեցել վերականգնվելու համար։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաջորդ թռիչքից հետո գիտնականները ֆիքսում էին, որ նրանց մոտ ուղեղի խոռոչները մեծանում են: Յոթ տիեզերագնաց առաքելությունների միջև վերականգնվելու համար ավելի քիչ ժամանակ է ունեցել, սակայն նրանց դեպքերում հաջորդական թռիչքներից հետո խոռոչները ևս քիչ են աճել:

Գիտնականները դեռ հստակ չգիտեն, թե որքան ժամանակ է պահանջվում տիեզերագնացների վերականգնման համար, սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ թռիչքից 6-7 ամիս անց ուղեղը վերականգնվում է իր սկզբնական մակարդակի մոտ 55-64%-ով: Ստացված տվյալների հիման վրա գիտնականները ենթադրել են, որ խոռոչների ամբողջական վերականգնումը տևում է առնվազն երեք տարի։

Այս ուսումնասիրության արդյունքները կարող են մեծ նշանակություն ունենալ ապագա երկարաժամկետ տիեզերական առաքելությունների համար. NASA-ն, օրինակ, գործընկերների հետ միասին, պատրաստվում է իրականացնել Artemis առաքելությունը, որի ժամանակ տիեզերագնացները պետք է որոշակի ժամանակ անցկացնեն Լուսնի վրա: Ավելին, ապագայում նախատեսվում է նաև մարդկանց ուղարկել հեռավոր տիեզերք, այդ թվում՝ Մարս։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ