Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են միմյանց շուրջը պտտվող գերզանգվածային սև խոռոչների երկակի համակարգ

9 հունիսի, 2023  22:25

Աստղագետներն առաջին անգամ հայտնաբերել են միմյանց շուրջը պտտվող գերզանգվածային սև խոռոչների երկակի համակարգի գոյության մասին ապացույցներ: Դրանք գտնել հաջողվել է երկու սև խոռոչներում նյութի կուտակման արդյունքում արձակվող շիթերից ստացվող ազդանշանների շնորհիվ:

Այս հետաքրքրաշարժ երևույթը հայտնաբերվել է OJ 287 գալակտիկայում, որը գտնվում է Խեցգետին համաստեղության ուղղությամբ՝ մոտ 5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: Աստղագետները դրան հետևում են 1888-ից։ Ավելի քան 40 տարի առաջ Տուրկուի համալսարանի աստղագետ Աիմո Սիլլանպան և նրա գործընկերները նկատել են, որ այս գալակտիկայի ճառագայթման մեջ կա երկու ցիկլից բաղկացած հետաքրքիր օրինաչափություն. մեկը տևում է մոտ 12 տարի, երկրորդը՝ մոտ 55 տարի: Գիտնականները ենթադրել են, որ այս երկու ցիկլերը միմյանց շուրջը պտտվող երկու սև խոռոչների ուղեծրային շարժման արդյունք են: Ավելի կարճ ցիկլը կարող է լինել ուղեծրային ցիկլ, մինչդեռ ավելի երկար ցիկլը կարող է լինել ուղեծրի ուղղվածության դանդաղ էվոլյուցիայի արդյունք:

Ուղեծրային շարժումը դրսևորվում է մի շարք պոռթկումներով, որոնք տեղի են ունենում, երբ երկրորդական սև խոռոչը լույսի արագությունից փոքր-ինչ ցածր արագությամբ ընկղմվում է առաջնային սև խոռոչի կուտակման սկավառակի մեջ: Երկրորդական սև խոռոչի այս կերպ ընկղմման արդյունքում սկավառակի նյութը տաքանում է, և տաք գազն արտանետվում է ընդարձակվող պղպջակների տեսքով: Այս տաք պղպջակներից ամիսներ են պահանջվում սառչելու համար, իսկ մինչ այդ դրանք լույս են ճառագում և առաջացնում լույսի բռնկում, որն ավելի պայծառ է, քան մեկ տրիլիոն աստղի լույսը և տևում է մոտ երկու շաբաթ:

Տասնամյակներ շարունակ Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի գիտնականները Մաուրի Վալտոնենի և Մումբայում (Հնդկաստան) գտնվող Թաթայի հիմնարար հետազոտությունների ինստիտուտից նրա գործընկեր Ահամվեդե Գոպակումարի գլխավորությամբ, փորձում էին գնահատել կուտակման սկավառակ երկրորդական սև խոռոչի ընկնելու ժամանակը: Ի վերջո, նրանք կարողացել են մոդելավորել ուղեծիրը և գուշակել, թե կոնկրետ երբ տեղի կունենան այդ բռնկումները:

1983, 1994, 1995, 2005, 2007, 2015 և 2019 թվականներին հաջողությամբ իրականացված ուսումնասիրությունները գիտնականներին թույլ տվեցին տեսնել կանխատեսված բռնկումները և հաստատել OJ 287 գալակտիկայում գերզանգվածային զույգ սև խոռոչների առկայությունը:

«Կանխատեսված բռնկումների ընդհանուր թիվը 26 է, և գրեթե բոլորը նկատվել են։ Այս զույգի ավելի մեծ սև խոռոչի զանգվածն ավելի քան 18 միլիարդ անգամ գերազանցում է մեր Արեգակի զանգվածը, այն դեպքում, երբ դրա ուղեկիցը մոտ 100 անգամ ավելի թեթև է: Դրանց ուղեծիրը երկարաձիգ է, ոչ թե շրջանաձև»,- ասել է պրոֆեսոր Ահամվիդու Գոպակումարը:

Առայժմ աստղագետները չեն կարողացել ֆիքսել այս երկու սև անցքերից փոքրից արձակվող ուղիղ ազդանշան: Մինչև 2021-ը դրա գոյության մասին կարելի էր կռահել միայն անուղղակիորեն՝ դատելով բռնկումներից և նրանից, թե այն ինչպես է ավելի մեծ սև խոռոչի շիթին ստիպում տատանվել:

OJ 287 գալակտիկայի 2021/2022 թվականներին իրականացված դիտարկումները, որոնց ժամանակ կիրառվել են մեծ թվով տարբեր տեսակի աստղադիտակներ, հետազոտողներին թույլ են տվել առաջին անգամ ապացույցներ ձեռք բերել կուտակման սկավառակի միջով անցնող երկրորդ սև խոռոչի և դրանից բխող ազդանշանների առկայության մասին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ