Նրանք ոչինչ չգիտեն Wi-Fi-ի կամ Google-ի մասին. ինչպե՞ս են հյուսիսկորեացիներն օգտագործում համացանցը

9 հունիսի, 2023  12:15

Հյուսիսային Կորեայի 25 մլն բնակչության համար համացանցը պարզապես գոյություն չունի: Այս երկրի միայն մի քանի հազար արտոնյալ քաղաքացիներ կարող են մուտք գործել գլոբալ ցանց, մինչդեռ նույնիսկ երկրի խիստ գրաքննված ներքին ցանցն անհասանելի է բնակչության մեծամասնության համար: Ինչպես տեղեկացնում է Wired.com-ը, այս երկրում անվճար և բաց տեղեկատվությանը հասանելիություն ստանալն անհնար է։

Հարավ-կորեական «Մարդիկ հանուն Կորեայի հաջող վերամիավորման» իրավապաշտպան կազմակերպության (People for Successful Corean Reunification (Pscore)) իրականացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես են որոշ արտոնյալներ, այդուհանդերձ, օգտվում համացանցից։ Համացանցի ազատության մասին կազմակերպության զեկույցը հիմնված է Հյուսիսային Կորեայից փախած 24 մարդու հետ հարցազրույցների և 158 այլ մարդկանց հետ անցկացված հարցումների հիման վրա: Բոլորը լքել են Հյուսիսային Կորեան 2012-2022 թվականներին: Ուսումնասիրության արդյունքները կազմակերպությունը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության համաժողովի (RightsCon) շրջանակում։

Պարզվում է, որ համացանց մուտք գործելու համար Հյուսիսային Կորեայի քաղաքացիները պետք է մի քանի օր տևող հաստատման գործընթաց անցնեն։ Երբ վերջապես մուտք տրամադրվում է, օգտատիրոջ կողքին նստում են դիտորդներ, որոնք պետք է յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գնահատեն և հաստատեն օգտատիրոջ գործողությունները։ Նույնիսկ այս ամենի հետ մեկտեղ օգտատերը ստանում է միայն փոքր ծավալի տեղեկություն, որում քիչ բան է ասվում Հյուսիսային Կորեայից դուրս գտնվող աշխարհի մասին:

«Ինձ պատմել էին Համաշխարհային սարդոստայնի մասին, և ես նույնիսկ ստիպված էի սովորել այս թեման քննության համար, բայց ես համացանցի մասին միայն տեսական գիտելիքներ ունեի, - կազմակերպության հետազոտողներին ասել է երկրից փախած նախկին բնակիչներից մեկը,- Ես գիտեի, որ դա ինչ-որ ցանց է, որտեղ կարող ես տեղեկություն փնտրել, բայց գաղափար չունեի, թե դա իրականում ինչ է»:

Երկրի մեկ այլ նախկին բնակիչ ասել է, որ Հյուսիսային Կորեայում իրենք ոչինչ չգիտեն Wi-Fi-ի մասին, առավելևս՝ Google-ի մասին։

Հետազոտողը, ում իրական անունը չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով, Հյուսիսային Կորեայում ապրելու ընթացքում հինգ անգամ է օգտվել համացանցից։ Նա համացանցից օգտվել է Չինաստան կատարած ճանապարհորդության ժամանակ և մեծ հույսեր էր կապում այդ փորձառության հետ, բայց իրականում մուտքը համացանցին սահմանափակ էր և կար մշտական ​​հսկողություն։  

«Գրադարանավարը նստում է համացանց օգտագործող երկու քաղաքացիների միջև և անընդհատ հետևում, թե ինչ են նրանք փնտրում համացանցում,- ասել է նա,- Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ էկրանն ավտոմատ սառում էր, և գրադարանավարը պետք է մատնահետքով նույնականացում կատարեր համացանցի հետագա օգտագործումը թույլ տալու համար»:

Նրա խոսքով՝ մոտակայքում մշտապես եղել է նաև պետական ​​անվտանգության աշխատակից։

Հետազոտողի խոսքով՝ մարդկանց թույլատրվում էր համացանցից օգտվել մեկ ժամ, իսկ եթե ինչ-որ մեկը ավելի շատ ժամանակ էր ուզում, պետք էր նոր թույլտվություն ստանալ։ Համացանցից օգտվելու համար իշխանություններից թույլտվություն ստանալու համար մոտ երկու օր էր պահանջվում, ընդորում՝ դրան պետք է հավանություն տան տարբեր պաշտոնյաներ։

Ինչպես տեղեկացնում է Wired.com-ը, վերջին տասնամյակում Հյուսիսային Կորեայում թվային սարքերի թիվն աճել է, և այսօր մեծահասակների մոտ 50-80 տոկոսն ունի բջջային հեռախոսներ, որոնցով կարող է տեքստային հաղորդագրություններ ուղարկել և զանգահարել ընտանիքի անդամներին: Այս հեռախոսների օգտագործումը նույնպես խստորեն վերահսկվում է. տվյալների փոխանցման արագությունը ցածր է, սարքերը էկրանի սքրինշոթ են անում մի քանի րոպեն մեկ, և այդ հեռախոսներում կարելի է դիտել միայն կառավարության կողմից հաստատված բովանդակությունը:

Հյուսիսային Կորեայում համացանցին անսահմանափակ մուտք ունեն միայն մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք կապված են երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև որոշ օտարերկրացիներ: Իսկ «մի քանի հազար» մարդ, ներառյալ պետական ​​պաշտոնյաները, հետազոտողները և ՏՏ ոլորտի ուսանողները, կարող են մուտք գործել համացանցի հատուկ, գրաքննված տարբերակ։ Բացի դրանից, որոշ գիտնականներ և հետազոտողներ, որոնց թույլատրվում է որոշ արտասահմանյան ճանապարհորդություններ, երբեմն կարող են մուտք գործել համաշխարհային ցանց, երբ գտնվում են արտասահմանում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ