Wildberries-ը նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու երաշխիքային վճարը

8 հունիսի, 2023  10:25

Հանրահայտ Wildberries առցանց շուկան նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու համար սահմանված երաշխիքային վճարը. այժմ վաճառողները պետք է վճարեն 10,000 ռուբլի՝ նախկին 30,000-ի փոխարեն:

Անցյալ տարի այս վճարը կազմում էր նույնքան՝ 10,000 ռուբլի, սակայն 2022-ի հոկտեմբերին շուկան միակողմանիորեն և առանց վաճառողներին ծանուցելու հանկարծակի բարձրացրեց նոր վաճառողների գրանցման չվերադարձվող երաշխիքային վճարը մինչև 30,000 ռուբլի: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հենց հաճախորդներն էին խնդրել դա անել։

«2022-ի սեպտեմբերին հարթակում խարդախության դեպքերը կանխելու նպատակով (կեղծ ապրանքային քարտերի և անձնական հաշիվների ստեղծում) նոր վաճառողների համար անձնական հաշիվ գրանցելու համար ներդրվել է երաշխիքային վճար՝ 30,000 ռուբլի: Ծրագրի գործողության ընթացքում խարդախության դեպքերի թիվը հասցվել է գրեթե զրոյի»,- հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչները նաև նշում են, որ շարունակում են մշակել նոր լուծումներ և մեխանիզմներ, որպեսզի հարթակում գրանցվելու դեպքում իրավաբանական անձանց համար հուսալի նույնականացում ապահովեն և այդպիսով կանխեն խարդախների ներթափանցման ու գնորդներին խաբելու դեպքերը։

Այս տարվա հունվարին Wildberries-ը նաև 10,000 ռուբլի չվերադարձվող պարտադիր վճար սահմանեց պատվերների ստացման կետ բացելու համար։ Այս որոշումը ևս հիմնավորվեց խաբեբաների դեմ պայքարով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաշխիքային վճարի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել կեղծ օգտահաշիվների քանակը և կարող է լրացուցիչ պաշտպանել այն ձեռնարկատերերին, որոնք իրենց ապրանքները վաճառում են հարթակի միջոցով։

Վերջերս Wildberries-ը ԱՊՀ մի շարք երկրների ձեռնարկատերերի համար արտոնյալ ծրագիր է գործարկել, որը գործում է հարթակում նոր բիզնես հաշիվներ բացելու պարագայում: Իսկ մայիսի 24-ից հարթակը սեփական առևտրային միջնորդավճարը հայ ձեռներեցների համար նվազեցրել է մինչև 2%։ Խոսքը վերաբերում է այն ձեռներեցներին, որոնք հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսուլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:

Միևնույն ժամանակ, շուկան ակնհայտորեն չի պատրաստվում չեղարկել ապրանքների վճարովի վերադարձի պրակտիկան։ Ընկերության ղեկավարությունը վստահ է, որ եթե վճարովի վերադարձը չեղարկվի, «կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ