Հայ գիտնականները որոշել են դեղագործության համար խաղողի կորիզներից բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանները

7 հունիսի, 2023  13:30

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանում և Արցախում տարածված Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները և քիմիական բաղադրությունը: Որոշվել են նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Հալենային և նոր հալենային դեղապատրաստուկների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Սլավիկ Դադայանն ասել է, որ խաղողի կորիզներից անջատված յուղը (grape seed oil) լայն համբավ ունի համաշխարհային սննդարդյունաբերության, դեղագործական արտադրության և գեղարարության (կոսմետոլոգիա) բնագավառներում:

«Այն պարունակում է մոնո- և պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին E, կարոտինոիդներ և ֆենոլային միացություն­ներ, որոնք նպաստում են օրգանիզմի հակաօքսիդանտային, իմունապաշտպանիչ, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունների բարելավմանը: Այդ միացություն­ները չեն սինթեզվում մարդու օրգանիզմում, դրանք կարելի է ստանալ միայն սննդա­մթերքի հետ: Մեր հետազոտության նպատակն էր Արենի և Խինդողնի տեսակների մեջ և վերամշակման առաջնային արգասիքներում պարզել կենսաբանորեն և դեղաբա­նորեն ակտիվ բաղադրամասերի առկայությունը և դրանց անջատման համեմատաբար պարզ մեթոդների մշակման հնարավորությունը»,- ասել է նա։

Սննդի և դեղագործական արդյունաբերության համար Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից լուծամզման եղանակով բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանների որոշման արդյունքում յուղի ելքը կազմել է 9.5%: Ցույց է տրվել, որ Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից ստացվող յուղերը պարունակում են 1.118 մգ % տոկոֆերոլներ, 3.2 մգ % կարոտինոիդներ, С, P, E վիտամիներ, իսկ դրանց մշակման արգասիք քուսպերը պարունակում են արժեքավոր ազատ օրգանական թթուներ՝ թրթնջկաթթու (0.093 մգ/մլ), գինեթթու (3.105 մգ/մլ), կիտրոնաթթու (0.48 մգ/մլ): Ցույց է տրվել, որ Fe, Cu, Zn, Ca, Mg մակրոտարրերը և Mn, Co, Cd, V, Se, Cr, As, Pb միկրոտար­րերը հետազոտվող կորիզների նմուշներում առկա են թույլատրելի չափաքանակների սահմաններում: Պարզվել է, որ խաղողի հումքի օգտագործված  երկու տեսակներն էլ պիտանի են կոմպլեքս և անթափոն մշակման արտադրության համար:

«Աշխատանքն ունի և՛ կիրառական, և՛ հիմնարար նշանակություն. այն նպատակաուղղված է ազգաբնակչության առողջ սննդակարգի բարելավմանը»,- ասել է Սլավիկ Դադայանը: Նա նաև նշել է, որ կատարված ուսումնասիրության վերջնարդյունքում իրականցվել է խաղողի հետազոտված հումքերի և դրանց առաջնային քուսպերի մշակման անթափոն արտադրության լաբորատոր տեխնոլոգիական սխեմա, որը կարող է հետաքրքրել շահագրգիռ կազմակերպություններին:

«Սև և սպիտակ խաղողի կորիզների յուղերի համեմատական հետազոտությունը` կախված կորիզների մանրեցման աստիճանից և գազային ածխաթթու գազի հոսքի արագությունից» թեմայով սույն հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: 

Հետազոտության առաջին փուլի արդյունքների մասին անգլերենով հոդված է տպագրվել է ԵՊՀ-ի գիտական տեղեկագրում (Dadayan A. S., Stepanyan L.A., Sargsyan T.H., Poghosyan A.S., Minasyan E.V., Israelyan M. H., Hovhannisyan A.M., Dadayan S. A. // Study of oil and pomace from grape seeds for the identification of prereouistes of their complex processing / Proceedings of the Yerevan stateuniversity. Chemistry und biology, 2022, 56 (1), p. 18-30):

Հետազոտական աշխատանքում ներգրավված է եղել չորս երիտասարդ գիտաշխատող:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ