Apple-ը ներկայացրել է Vision Pro-ն՝ խառը իրականության երկար սպասված սարքը․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

6 հունիսի, 2023  12:04

Apple ընկերությունը, երեկ տեղի ունեցած Apple WWDC միջոցառման ժամանակ, ներկայացրել է Vision Pro խառը իրականության սարքը, որը համատեղում է լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) առանձնահատկությունները: Նորույթը բավական հետաքրքիր բնութագրեր ունի և բավական թանկ արժե։

Նորույթը առաջին հերթին ներկայանում է որպես լրացված իրականության սարք, սակայն այն թույլ է տալիս ամբողջությամբ անցնել եռաչափ վիրտուալ իրականության ռեժիմին՝ հատուկ անալոգային անիվի միջոցով, որը նման է Apple Watch-ի անիվին: Vision Pro-ն չի ներառում ֆիզիկական կարգավորիչներ: Հավելվածների միջև ամբողջ կառավարումն ու շարժումն իրականացվում է հայացքի, ժեստերի, ինչպես նաև ձայնային հրամանների միջոցով:

Apple Vision Pro 1.png (259 KB)
Սարքն ունի հինգ սենսոր, 12 տեսախցիկ և էկրան, համալրված է ակտիվ հովացման համակարգով և ներկառուցված Audio Pods-ով՝ ձայնի տարածման աջակցությամբ և աշխատում է հատուկ այս սարքի համար ստեղծված visionOS օպերացիոն համակարգով։

Zeiss ընկերությունը ականջակալի համար մշակել է հատուկ մագնիսական օպտիկական բարձիկներ, որոնք ամրացված են ականջակալին, ինչի շնորհիվ սարքը կարող են օգտագործել նաև ակնոց կրող մարդիկ։

Apple Vision Pro-ն ունի արտաքին լարով մարտկոց, որը կարելի է կրել գոտու հատվածում կամ դնել գրպանը: Մեկ լիցքավորմամբ սարքն աշխատում է մինչև երկու ժամ։ Ցանկության դեպքում այն կարող է միացված լինել էլեկտրամատակարարմանը:

Apple Vision Pro 3.jpg (85 KB)

Նորույթի հետաքրքիր առանձնահատկությունը EyeSigh արտաքին թվային էկրանն է, որը կցուցադրի օգտատիրոջ աչքերը, ինչը շրջապատի մարդկանց թույլ կտա հասկանալ, թե արդյոք օգտատերը գտնվում է վիրտուալ իրականության մեջ։

Apple Vision Pro 4.png (243 KB)

Նորույթն ունի տպավորիչ բնութագրեր. iPhone-ի էկրանի մեկ պիքսելի տարածքում Vision Pro-ի էկրանը տեղավորում է 64 պիքսել: Դրա շնորհիվ էկրանի վրա, որը բաղկացած է երկու վահանակից (մեկական յուրաքանչյուր աչքի համար) ցուցադրվում է 23 միլիոն պիքսել։ Նորույթն աջակցում է 4K-ից ավելի բարձ լուծաչափ և ունի HDR-ի աջակցություն:

Սարքն օգտագործում է երկու պրոցեսոր։ Հիմնական չիպը M2 է: Դրան ուղեկցում է R1 օժանդակ պրոցեսորը, որը պատասխանատու է 12 տեսախցիկի, հինգ սենսորների և վեց միկրոֆոնների աշխատանքի համար։ M2 չիպը պատասխանատու է Vision Pro-ի կատարողականության համար, R1-ը՝ AR կամ VR գործառույթների համար:

Apple M2 chip.jpg (180 KB)

Apple Vision Pro-ի VisionOS օպերացիոն համակարգը կարող է ծանոթ թվալ iOS և iPadOS օգտատերերին: Այն ունի հիմնական էկրան, որը ցուցադրում է տարբեր հավելվածների և վիջեթների պատկերակները, որոնց տակի ֆոնը թափանցիկ է, ուստի սարքն օգտագործելիս կթվա, թե դրանք լողում են օդում։ Յուրաքանչյուր ինտերֆեյսի տարր գրված է 3D-ով։ Բաց հավելվածների պատուհանները կարելի է փոխել ըստ անհրաժեշտության և ճաշակի և տեղափոխել այնտեղ, որտեղ ցանկանում եք: Ինտերֆեյսի գրաֆիկական տարրերը արձագանքում են օգտատիրոջ աչքերի շարժումներին, կոնկրետ հավելված ընտրելու համար հարկավոր է աշխատել ձեռքերով:

Apple Vision Pro 6.png (264 KB)

Vision Pro 4K վիրտուալ էկրանը կարող է ցուցադրվել նաև Mac-ի միջոցով: Սարքն ունի նաև Magic Trackpad-ի և Magic Keyboard-ի աջակցություն: Այլ կերպ ասած, Vision Pro-ի հետ կարող են օգտագործվել Bluetooth աքսեսուարները: Նորույթն ունի նաև FaceTime-ի հատուկ տարբերակի աջակցություն, որը թույլ է տալիս տեսնել ձեր զրուցակցի թվային տարբերակները զանգերի ժամանակ։ Նոր զրուցակիցներն ավելանում են թվային ինտերֆեյսին՝ օդում լողացող թվային ավատարների տեսքով։

Vision Pro-ն աշխատում է նաև որպես անհատական ​​կինոթատրոն։ Կարելի է հարմարեցնել էկրանի չափը, և սարքի օպերացիոն համակարգը կմեթցնի շրջակա տարածքը և կմիացնի ձայնի տարածման գործառույթը։ Սարքով հնարավոր է դիտել նաև 3D ֆիլմեր։

Apple Vision Pro 5.jpg (270 KB)

Vision Pro-ն ունի նաև Apple Arcade խաղային գրադարանի աջակցություն: Ընկերությունը խոստանում է, որ Vision Pro-ն վաճառքի սկզբում այն կունենա հարյուրավոր տարբեր խաղերի և բազմաթիվ տարբեր հավելվածների աջակցություն։

Apple-ը Vision Pro-ն անվանում է ընկերության կողմից երբևէ ստեղծված «ամենաառաջադեմ էլեկտրոնային սարքը»: Դրա զարգացման համար, որը տարիներ է տևել, օգտագործվել է ավելի քան 5000 արտոնագիր: Նորույթը վաճառքի կհանվի հաջորդ տարվա սկզբին, գինը՝ 3499 դոլար։ Սկզբում նորույթը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում։ Այնուհետև կընդլայնվի վաճառքի աշխարհագրությունն ըստ երկրների։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ