Պոտենցիալ վտանգավոր Phaeton աստերոիդն սկսել է իրեն «տարօրինակ» պահել և ավելի արագ է պտտվում իր առանցքի շուրջ

17 հոկտեմբերի, 2022  13:55

5,4 կմ տրամագծով 3200 Phaeton անունով աստերոիդը Երկրին մոտեցող ամենամեծ աստղակերպերից մեկն է, և այդ պատճառով այն համարվում է պոտենցիալ վտանգավոր մեր մոլորակի համար։

Վերջերս գիտնականները նկատել են, որ աստերոիդն սկսել է իրեն «տարօրինակ» պահել. 3200 Phaeton-ն սկսել է ավելի ու ավելի արագ պտտվել իր առանցքի շուրջ, իսկ ամեն տարի նրա պտտման ժամկետը կրճատվում է 4 միլիվայրկյանով: Կարող է թվալ, թե տարբերությունն այնքան էլ մեծ  չէ, բայց փաստն այն է, որ սովորաբար աստերոիդների պտտման արագությունն ընդհանրապես չի փոխվում։

3200 Phaeton-ի անսովոր պահվածքը

Ճապոնական օդատիեզերական հետազոտությունների JAXA գործակալությունը նախատեսում է 2024 թ․ Phaeton աստերոիդի մոտ ուղարկել DESTINY + հետազոտական ​​առաքելությունը: 2028 թ․ գործակալության զոնդը պետք է անցնի աստերոիդի կողքով։

Առաքելությանն ընդառաջ այս աստերոիդը առավել մեծ ուշադրությամբ է ուսումնասիրվում, և դրա շնորհիվ գիտնականների խումբը՝ Արեսիբո աստղադիտարանի և Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գլխավորությամբ, նկատել է աստերոիդի անսովոր պահվածքը։

Հիմնվելով 1989-2021 թվականներին կատարված դիտարկումների տվյալների վրա՝ Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի հետազոտող Շոն Մարշալը աստերոիդն ուսումնասիրելու մոդել է ստեղծել նախքան DESTINY+ առաքելության մեկնարկը: Սակայն շուտով պարզ է դարձել, որ հաշվարկների հիման վրա արված կանխատեսումները չեն համապատասխանում իրական տվյալներին։ Օրինակ՝ աստերոիդի առավելագույն պայծառությունը չի նկատվում հաշվարկներով կանխատեսված պահին։ Գիտնականը ենթադրել է, որ տեսության և պրակտիկայի միջև եղած անհամապատասխանությունները կարելի է բացատրել աստերոիդի պտտման արագության փոփոխությամբ։ Ըստ նրա՝ միգուցե դա տեղի է ունեցել 2020 թ․ դեկտեմբերին ինչ-որ գիսաստղի հետ աստերոիդի բախման կամ որևէ այլ «փոխազդեցության» արդյունքում։

phaeton-rotation.jpg (121 KB)

Այսպիսով, ըստ գիտնականների, աստերոիդն իր առանցքի շուրջ մեկ պտույտ կատարում է 3,6 ժամում։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, դրա պտտման ժամանակահատվածը կրճատվում է տարեկան մոտ 4 միլիվայրկյանով: Նույնիսկ այս փոքր փոփոխությունը կարող է ազդել DESTINY+ դիտարկումների վրա: Աստերոիդի գտնվելու վայրը հաշվարկելու համար (երբ տիեզերանավն անցնի դրա կողքով) գիտնականները պետք է իմանան նրա պտույտի ճշգրիտ արագությունը:

Եթե ​​հաջողվի պարզել, թե ինչու է Phaethon-ն նման վարքագիծ դրսևորում, դա կարող է նոր պատկերացում տալ «պոտենցիալ վտանգավոր» համարվող աստերոիդների դասի մասին, որոնք թռչում են Երկրի կողքով այն ժամանակ, երբ այն պտտվում է Արեգակի շուրջ։

Նշենք, որ աստերոիդների պտտման արագությունը սովորաբար չի փոխվում։ Մինչ այժմ հայտնի է ընդամենը 11 դեպք (11-րդը՝ Phaethon-ն է), երբ փոխվել են աստերոիդի նախկինում գրանցված ցուցանիշները։

Որքանո՞վ է 3200 Phaeton-ը վտանգավոր մեզ համար

Գիտնականների խոսքով՝ 3200 Phaeton աստերոիդի հետ Երկրի բախում տեսանելի ապագայում չի սպասվում։ Երկրի համար այն պոտենցիալ վտանգավոր է համարվում իր մեծ չափերի և Երկրին բավական մոտ թռչելու պատճառով։

phaeton

Սակայան, իր առանցքի շուրջը 3200 Phaeton-ի պտտման արագության փոփոխության նոր տվյալների լույսի ներքո, հավանաբար, գիտնականները ստիպված կլինեն վերանայել այս աստերոիդի վտանգի աստիճանի վերաբերյալ իրենց տեսակետները:

Առայժմ հայտնի է, որ 21-րդ դարում աստերոիդը մի քանի անգամ կմոտենա Երկրին՝ դա տեղի կունենա 2050, 2060 և 2093 թվականներին։ Այն մեր մոլորակին մոտեցել է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին (թռչելով 18,1 միլիոն կմ հեռավորության վրա) և 2017 թ․ դեկտեմբերի 16-ին (անցնելով 10,31204 միլիոն կմ հեռավորության վրա, ինչը 27 անգամ շատ է Երկրից մինչև Լուսին ընկած հեռավորությունից):

Ի՞նչ է հայտնի 3200 Phaeton-ի մասին

3200 Phaeton-ը համարվում է պալադյան աստերոիդ՝ «քարե գիսաստղի» ուղեծրով։ Նրա ուղեծիրը չափազանց ձգված է, ինչի պատճառով Արեգակի շուրջ իր պտույտի ժամանակ այն հատում է Մերկուրիի, Վեներայի, Երկրի և Մարսի ուղեծրերը։ Աստերոիդն անվանվել է հունական դիցաբանությունից արևի աստծո Հելիոսի որդու պատվին, քանի որ պտտման ժամանակ այն թռչում է Արեգակին շատ մոտ։

Հենց այս աստերոիդն է «պատասխանատու» Երկվորյակներ երկնաքարային անձրև համար, որը կարելի է դիտել ամեն տարի դեկտեմբերի առաջին կեսին, և որը համարվում է երկնաքարային ամենահզոր անձրևներից մեկը։

geminides

Մասնագետների խոսքով՝ մի քանի հազար տարի առաջ 3200 Phaeton աստերոիդն իր ետևում թողել է փոշոտ հետք, որը, փաստորեն, պատասխանատու է Երկվորյակների երկնաքարային անձրևի համար։ Սա Երկվորյակների երկնաքարային անձրևը յուրահատուկ է դարձնում, քանի որ աստերոիդների մեծ մասը դուրս է գալիս գիսաստղի փոշուց, այլ ոչ թե աստերոիդից:

Երբ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, ամեն տարվա դեկտեմբերին այն հատվում է 3200 Phaeton-ի ուղեծրային ճանապարհի հետ՝ թռչելով աստերոիդի թողած փոշու և փոքր քարերի միջով։

Այս քարերը կարող են լինել ավազահատիկի չափ, բայց դրանք այրվում են Երկրի մթնոլորտում և լույսի պայծառ շողեր են արձակում։

Հետաքրքիր է, որ Phaeton-ը մեզ հայտնի երկու աստերոիդներից մեկն է, որը կապված է երկքնաքարային անձրևների հետ:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ