Մեր գալակտիկայի կենտրոնում թելանման առեղծվածային կառուցվածքներ են հայտնաբերվել. ի՞նչ կարող են դրանք լինել

6 հունիսի, 2023  22:32

Տիեզերքում կան բազմաթիվ առեղծվածներ, որոնք գիտնականները դեռ չեն կարողանում պարզել: Մեր գալակտիկայում, մասնավորապես՝ Ծիր Կաթինում, ևս շատ անհասկանալի բաներ կան: Վերջերս Հարավային Աֆրիկայում գտնվող MeerKAT ռադիոաստղադիտակի միջոցով գիտնականները մեր գալակտիկայի կենտրոնում հազարավոր թելման կառուցվածքներ են հայտնաբերել, որոնց մասին քիչ բան է հայտնի:

Մեր գալակտիկայում առաջին թելանման կառուցվածքները հայտնաբերվել են ավելի քան 40 տարի առաջ: Դրանք ռելյատիվիստական էին․ դրանք էլեկտրոնների հոսքեր էին՝ լույսի արագությանը մոտ արագությամբ: Մինչև 150 լուսատարի երկարություն ունեցող թելանման կառուցվածքները գտնվում էին միմյանց զուգահեռ և մեր գալակտիկայի հարթությանը ուղղահայաց, ինչի համար դրանց կոչում են նաև «տավիղի լարեր»։

Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի աստղաֆիզիկոս Ֆարհադ Յուսեֆ-Զադեն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է այս երևույթը: Նա կարծում է, որ «լարերը», ամենայն հավանականությամբ, կապված են Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչի գործունեության հետ, որը հայտնի է որպես Աղեղնավոր A* (Sagittarius A*, Sgr A*): Փորձագետի կարծիքով՝ «լարերը» կարող են լինել մասնիկների հոսքեր, որոնք դասավորված են մագնիսական դաշտի ուժային գծերի երկայնքով, որոնք հստակ տեսանելի են ռադիոտիրույթում։

MeerKAT ռադիոաստղադիտակի միջոցով 200-ժամյա նոր դիտարկումը հայտնաբերել է կառուցվածքներ, որոնք նման են նախկինում հայտնաբերվածներին, բայց միևնույն ժամանակ տարբեր են՝ 5-10 լուսատարի երկարությամբ հազարավոր թելանման կարճ կառուցվածքներ, որոնք գտնվում են մեր գալակտիկայի հարթությանը զուգահեռ և կենտրոնից շառավղով շեղվում են բոլոր ուղղություններով։

Գիտնականները մեկ տարուց ավելի ծախսել են այս օբյեկտների քարտեզագրման վրա. նրանք նաև նշել են շեղման ճշգրիտ երկարությունները և անկյունները: Հնարավոր է, որ այս կառուցվածքները ևս Աղեղնավոր A* սև խոռոչի գործունեության արդյունք են, իսկ ավելի ճիշտ մի իրադարձության, որը խոռոչի  հետ տեղի է ունեցել մոտ 6 միլիոն տարի առաջ. խոսքը կարող է լինել այն մասին, որ սև խոռոչի վրա մեծ քանակի նյութի է միաժամանակ թափվել և, որպես հետևանք, ակրեցիոն սկավառակի ակտիվությունը կտրուկ աճել է՝ էներգիայի արտանետմամբ։

«Անակնկալ էր հանկարծ հայտնաբերել այս կառուցվածքների նոր պոպուլյացիա, որոնք կարծես թե ուղղված են դեպի սև խոռոչը,- ասել է Յուսեֆ-Զադեն,- Ես ապշեցի, երբ սա տեսա։ Մենք ստիպված ենք եղել քրտնաջան աշխատել, որպեսզի հաստատենք, որ ինքներս մեզ չենք խաբում։ Եվ մենք պարզեցինք, որ այս թելերը պատահական չեն, այլ կարծես կապված են մեր սև խոռոչի արտահոսքի հետ: Ուսումնասիրելով դրանք՝ մենք կարող ենք ավելին իմանալ սև խոռոչի պտույտի և ակրեցիոն սկավառակի ուղղվածության մասին։ Հաճելի է, երբ կարգ ու կանոն ես գտնում մեր գալակտիկայի միջուկի քաոսային դաշտի մեջտեղում»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ