Օդային լուսանկարահանում, ստուգումներ և ավելին. ի՞նչ դեր կարող են խաղալ դրոնները շինարարությունում

1 հունիսի, 2023  22:06

Դրոնները, որոնք նաև հայտնի են որպես անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), վերջին տարիներին իսկական հեղափոխություն են արել շինարարական նախագծերի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ոլորտում։

Ինչպե՞ս և որտե՞ղ են այսօր դրոններն օգտագործվում շինարարությունում: Եվ ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել ապագայում։

Օդային լուսանկարահանում

Դրոնները վերջերս դարձել են շինհրապարակների օդային լուսանկարահանման անփոխարինելի գործիք: Հայաստանում դրանք դեռ հազվադեպ են օգտագործվում այդ նպատակով, սակայն տեղական դրոնաշինության զարգացմանը զուգընթաց երկրում իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կփոխվի։

Դրոններն ունեն բարձր լուծաչափով տեսախցիկներ և սենսորներ, կարող են նկարահանել մանրամասներով, հստակ պատկերներ և ստեղծել շինհրապարակի տեղագրական ճշգրիտ քարտեզներ: Այս տեխնոլոգիան կարող է մասնագետներին տրամադրել արժեքավոր տեղեկություններ տեղանքի մասին, օգնել բացահայտելու հնարավոր խնդիրները և կատարելու նախագծի ավելի արդյունավետ պլանավորում։

Դրոններով օդային լուսանկարահանումը կարող է օգնել խնայելու շատ ժամանակ և ռեսուրսներ՝ նկարահանման ավանդական մեթոդների համեմատ:

Շինհրապարակի մոնիտորինգ

Շինարարական նախագծի ողջ ընթացքում դրոնները կարող են նաև օգնել իրական ժամանակում մոնիտորինգ իրականացնելու հարցում: Տեսանյութերի և վերոնշյալ օդային լուսանկարահանումների օգնությամբ դրոնները կարող են ապահովել տեղանքի դիտում թռչնի թռիչքի բարձրությունից՝ ղեկավարներին հնարավորություն տալով հետևել աշխատանքի առաջընթացին, բացահայտել հնարավոր խնդիրները և կայացնել տեղեկացված որոշումներ:

Դրոններից ստացված տվյալները կարող են նաև ինտեգրվել շենքի ինֆորմացիոն մոդելավորման (Building Information Modeling - BIM) ծրագրային ապահովմանը՝ վիզուալ և համապարփակ կերպով ներկայացնելով նախագիծը: Սա կօգնի ավելի լավ համակարգել թիմերի աշխատանքը, նվազեցնել ձևափոխումների քանակը և բարձրացնել նախագծի ընդհանուր արդյունավետությունը:

Անվտանգություն  

Դրոնների օգտագործումը կարող է զգալիորեն բարելավել անվտանգությունը շինհրապարակում: Օրինակ՝ աշխատողներին վտանգավոր գոտիներ ուղարկելու փոխարեն, ստուգումներ անցկացնելու կամ տվյալներ հավաքելու համար կարող են օգտագործվել դրոնները։ Սա նվազեցնում է դժբախտ պատահարների և վնասվածքների ռիսկը՝ ապահովելով աշխատանքային ավելի անվտանգ միջավայր:

Բացի դրանից, դրոնները կարող են գնահատել տեղանքի պայմանները բնական աղետներից կամ կառուցվածքային փլուզումներից, խափանումներից հետո՝ արժեքավոր տեղեկություն տրամադրելով արտակարգ իրավիճակների արձագանքման և վերականգնողական գործողությունների համար:

Այլ դեպքերում դրոնները կարող են օգտագործվել վերահսկելու համար, թե արդյոք աշխատողներն օգտագործում են անձնական պաշտպանության միջոցներ աշխատանքի ժամանակ։

Թերությունների և խնդիրների բացահայտում

Դրոնները կարող են նաև օգտագործվել թերություններ, ճաքեր, արտահոսքեր և այլ խնդիրներ հայտնաբերելու համար, հատկապես դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են տանիքները, շինության ճակատային մասերը և բարձր կառույցները: Դրոնների բարձրորակ տեսախցիկները և ջերմային պատկերման սենսորները կարող են օգնել անցկացնելու կառուցվածքների մանրակրկիտ ստուգում և բացահայտելու այն խնդիրները, որոնք կարող են անհապաղ միջամտություն պահանջել:

Ապագա ներուժ

Քանզի տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, ակնկալվում է, որ դրոններն ապագայում էլ ավելի մեծ դեր կխաղան շինարարությունում: Նորարարությունները, ինչպիսիք են LiDAR (Light Detection and Ranging) սենսորները և վիզուալիզացիայի ընդլայնված հնարավորությունները, ավելի կբարձրացնեն շինհրապարակները նկարահանելու և վերահսկելու դրանց հնարավորությունները:

Ավելին, արհեստական ​​բանականության ալգորիթմներով հագեցած ինքնավար դրոնները, անշուշտ, ապագայում կկարողանան կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին է նյութերի առաքումը։ Հնարավոր է, որ դրանք կարողանան կատարել նաև շինարարական որոշ գործառույթներ՝ նվազեցնելով մարդու աշխատանքի կարիքը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ