Huawei-ը թողարկել է աշխարհում առաջին խելացի ժամացույցը, որը կարող է չափել արյան մեջ շաքարի մակարդակը

1 հունիսի, 2023  10:22

Huawei-ը թողարկել է աշխարհում առաջին խելացի ժամացույցը, որը ոչ ինվազիվ ճանապարհով կարող է չափել արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը: Huawei Watch 4-ը չի ցուցադրում շաքարի ճշգրիտ մակարդակը, սակայն այն կարող է զգուշացնել, երբ այն բարձրանում է:

Ինչպես տեղեկացնում է Huawei Central-ը, խելացի ժամացույցը գլյուկոզայի մակարդակի մասին եզրակացություն է անում՝ հիմնվելով սրտի բախումների հաճախության և էլեկտրասրտագրության վերջին շաբաթվա տվյալների վրա, ինչը նշանակում է, որ օգտատերը պետք է յոթ օր շարունակ կրի ժամացույցը։

Նոր ժամացույցն ունի նաև eSIM, GPS և աշխատանքի Always-on Display ռեժիմի աջակցություն: Այն աշխատում է HarmonyOS 3.0 օպերացիոն համակարգի ներքո։

Huawei Watch 4 շարքը բաղկացած է երկու մոդելից՝ բազային և Pro: Երկու սարքերն էլ ունեն 1,5 դյույմանոց էկրան (466 x 466 պիքսել լուծաչափով), ջրադիմացկուն են մինչև 50 մետր խորության դեպքում։ Դրանք տարբերվում են կորպուսում կիրառված նյութերով, չափերով և մարտկոցի հզորությամբ. ինչ-ինչ պատճառներով մարտկոցների հզորությունները նշված չեն, սակայն հաղորդվում է, որ Huawei Watch 4-ը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև երեք օր, իսկ Huawei Watch 4 Pro-ն՝ մինչև չորս կամ նույնիսկ հինգ օր։

Huawei Watch 4-ի գինն սկսվում է 2700 յուանից (մոտ 380 դոլար), մինչդեռ Pro մոդելինը՝ 3400 յուանից (մոտ 480 դոլար):

Հիշեցնենք, որ արյան մեջ շաքարի մակարդակը ոչ ինվազիվ մեթոդով չափելու տեխնոլոգիա մշակում է նաև Apple-ը։ Թեև ընկերությունը վերջին 10 տարիների ընթացքում տեխնոլոգիան փորձարկել է հարյուրավոր մարդկանց վրա, այն դեռ կոնցեպտի ապացուցման փուլում է: Սակայն ընկերությունն արդեն որոշակի առաջընթաց է գրանցել և մտադիր է այն օգտագործել Apple Watch-ում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ