Ի՞նչ վտանգներ կարող են թաքնվել էժան Android TV Box-երում

30 մայիսի, 2023  22:12

Անհայտ արտադրողների Android TV Box-երը կարող են գրավիչ գնում թվալ, հատկապես, եթե դրանք ավելի էժան են, քան շուկայում առկա անալոգների մեծ մասը: Սակայն դրանց հետ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ. գնելով էժան սարք՝ կարող եք բախվել մի շարք խնդիրների, ինչպես զգուշացնում են Google-ի մասնագետները։

Android TV box-ը սարք է, որը միացվում է Android-ով աշխատող հեռուստացույցի և հնարավորություն է տալիս տեսաբովանդակություն դիտել պատվերով, խաղեր խաղալ և դիտել կանոնավոր ցանցային հաղորդումներ մեծ էկրանին: Պարզապես անհրաժեշտ է միայն լավ ինտերնետ կապ և հեռուստացույց, որն ունի Android օպերացիոն համակարգի աջակցություն:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, որոշ ցածրակարգ Android TV Box արտադրողներ գովազդում են իրենց սարքերն այնպես, ասես դրանք աշխատում են Android TV օպերացիոն համակարգով, բայց իրականում դրանք աշխատում են Android-ի սովորական տարբերակով, որը չունի հատուկ անվտանգության մեխանիզմներ: Եթե ​​օգտատերը հավելվածներ է ներբեռնում նման սարքի վրա, ապա այն անպաշտպան է հնարավոր չարամիտ ծրագրերի նկատմամբ, որոնք կարող են ներդրված լինել այդ հավելվածների մեջ:

Վստահելի արտադրողների պարագայում այս սարքերում անպայման տեղադրված է Google Play Protect պաշտպանությունը, որը հայտնաբերում է վնասակար հավելվածները և արգելափակում դրանք։

«Օգտատիրոջ անվտանգությունն ու գաղտնիությունը Android TV ՕՀ էկոհամակարգի առաջնահերթություններն են: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ Android TV ՕՀ-ի բազայի վրա արտադրված Android TV Box-երը համապատասխանում են անվտանգության և գաղտնիության խիստ քաղաքականությանը», - ասվում է Google-ի տարածած հաղորդագրությունում:

Եթե ​​ունեք նման սարք, ապա Google-ը խորհուրդ է տալիս Android TV կայքում ստուգել, թե արդյոք ձեր սարքի արտադրողը հաստատված արտադրողների ցանկում է: Նաև լավ կլինի ստուգել՝ արդյոք ձեր սարքն ունի Play Protect-ի հավաստագրում: Դա անելու համար պարզապես պետք է այցելել Google Play խանութ և սեղմել վերին աջ անկյունում գտնվող պրոֆիլի պատկերակին, գտնել Play Protect և Play Protect certification: Այստեղ դուք կարող եք տեսնել, արդյոք ձեր սարքը հավաստագրված է, թե ոչ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ