Ինչո՞ւ չարժե նոր Nvidia GeForce RTX 4060 Ti վիդեոքարտ գնել

24 մայիսի, 2023  22:18

Նոր GeForce RTX 4060 Ti վիդեոքարտը շատ շուտով կհայտնվի վաճառքում, սակայն դրա վերաբերյալ արդեն բազմաթիվ բացասական արձագանքներ են հրապարակվել, որոնց հեղինակները կոչ են անում չգնել այն։

Ինչպես տեղեկացնում է DTF կայքը, 8 ԳԲ հիշողությամբ NVIDIA RTX 4060 Ti-ն փորձարկվել է ժամանակակից 15 խաղերում՝ տարբեր լուծաչափերով և գրաֆիկական կարգավորումներով։ TechSpot պորտալի անցկացրած փորձի արդյունքները ցույց են տվել, որ նոր վիդեոքարտն ակնհայտ առավելություններ չունի իր մրցակիցների նկատմամբ։ 1080 պիքսել լուծաչափում այն ցույց է տվել միջին FPS (կադր վայրկյանում) արդյունք, որը հավասար էր RTX 3070 վիդեոքարտի ցուցանիշին։ NVIDIA RTX 4060 Ti-ի արդյունքը մի փոքր ավելի լավ է, քան AMD Radeon RX 6700 XT-ի և RTX 3060 Ti-ի դեպքում:

Իսկ 1440 պիքսել լուծաչափին անցնելու դեպում RTX 4060 Ti-ի կատարողականն էլ ավելի է վատացել՝ զիջելով RTX 3070-ին: Ավելին, նոր RTX 4060 Ti-ն 4K լուծաչափով խաղերի դեպքում ցուցաբերում է միջինը 38 FPS ցուցանիշ, ինչը նշանակում է, որ այն հարմար չէ գրաֆիկական բարձր պարամետրերով խաղերը հարմարավետ խաղալու համար։

Ճառագայթների հետագծի ֆունկցիան միացնելու դեպքում թեստերը նույնպես շատ միջակ արդյունքներ են գրանցել. դեպքերի մեծ մասում վիդեոքարտը զիջել է RTX 3070-ին և միայն մի փոքր է գերազանցել RTX 3060 Ti-ին: Միակ բացառությունը Cyberpunk 2077 խաղն է եղել, որի ժամանակ 1080 պիքսել լուծաչափի դեպքում RTX 4060 Ti-ն 18%-ով գերազանցել է RTX 3060 Ti-ին:

Մասնագետները համարում են, որ RTX 4060 Ti-ի հիմնական թերություններից մեկը հիշողության բացակայությունն է. 8 ԳԲ-ը բավարար չէ ժամանակակից խաղերում գրաֆիկական բարձր պարամետրերով լավ կատարողականություն ապահովելու համար: Hardware Unboxed-ի թեստերը նույնպես հաստատել են դա։  

Նոր RTX 4060 Ti-ն, իհարկե, ունի նաև իր դրական կողմերը: Դրանք ներառում են, մասնավորապես, աղմուկի և ջերմաստիճանի ցածր մակարդակը. TechSpot-ի տվյալներով՝ ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ վիդեոքարտի կորպուսի առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցել 62 աստիճան Ցելսիուսը, օդափոխիչն աշխատել է 1500 պտույտ/րոպեում հզորությամբ: Վիդեոքարտն առանձնանում է իր բարձր էներգաարդյունավետությամբ և ծանրաբեռնված աշխատանքի դեպքում սպառում է ընդամենը 165 Վտ, ինչը նույնպես կարելի է առավելություն համարել։

Այս առավելությունները, սակայն, բավարար չեն, որպեսզի փորձագետները խորհուրդ տան գնել նոր RTX 4060 Ti-ն: Ոլորոտի շատ մասնագետներ, այդ թվում՝ Gamers Nexus YouTube-յան ալիքից Սթիվ Բերկը, կոչ են անում չգնել վիդեոքարտը՝ դրա թանկ լինելու պատճառով (արժե 400 դոլար): Փորձագետների կարծիքով` իր հնարավորություններով NVIDIA RTX 4060 Ti-ն արժանի կլիներ իր գնին, եթե այն արժենար մոտ $300:


 
 
 
 
  • Արխիվ