Մեր գալակտիկայի կենտրոնում 36,000 լուսատարի մեծությամբ տաք գազի հսկա պղպջակներ են գոյանում: Եվ դրանք, ինչպես պարզել են գիտնականները, ավելի բարդ կառուցվածք ունեն, քան սովորաբար ենթադրվում էր:
Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, «eRosita պղպջակներն» անվանվել են eRosita ռենտգենյան աստղադիտակի պատվին, որը հայտնաբերել է դրանք: Ծիր Կաթինում կան նաև այսպես կոչված «Ֆերմի պղպջակներ», որոնք հայտնաբերված են համանուն գամմա-ճառագայթների աստղադիտակի միջոցով, սակայն, չնայած իրենց նման ձևին, դրանք մոտ կիսով չափ մեծ են և ավելի քիչ էներգետիկ:
Այս կառույցները տարածվում են մեր գալակտիկան շրջապատող գազի միջով, և ինչպես ասում է հետազոտության գլխավոր հեղինակ, Օհայոյի Կոլումբուս պետական քոլեջի աստղագիտության պրոֆեսոր Անջալի Գուպտան, գիտնականները հույս ունեն, որ իրենց ուսումնասիրությունը կօգնի բացահայտել աստղերի ձևավորման նոր մեխանիզմները և բացատրել, թե ինչպես են գալակտիկաներն առաջանում։
eRosita պղպջակների մասին նոր բացահայտումներն արվել են 2005-ից 2014 թվականներին կատարված դիտարկումների հիման վրա: Նախկինում ենթադրվում էր, որ պղպջակները տաքանում են Ծիր Կաթինից արտանետվող գազի հարվածային ալիքների միջոցով, սակայն այժմ գիտնականները պարզել են, որ պղպջակների ներսում գազի ջերմաստիճանը ոչնչով չի տարբերվում դրանցից դուրս գտնվող գազի ջերմաստիճանից: Այս պղպջակների պայծառությունը տալիս է ոչ թե ջերմաստիճանը, այլ նյութի բարձր խտությունը։
Գալակտիկական պղպջակների ի հայտ գալու մեխանիզմները նույնպես դեռ լիովին պարզված չեն։ Վարկածներից մեկի համաձայն՝ այս փուչիկները «փչում են» գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչի Աղեղնավոր A*-ի գործունեության արդյունքում։ Բայց դրանցում որոշակի տարրերի առկայությունը վկայում է այն մասին, որ դրանց ի հայտ գալու պատճառը կարող է լինել աստղերի ինտենսիվ ձևավորումը Ծիր Կաթինի կենտրոնում:
«Մեր տվյալները հաստատում են այն տեսությունը, որ այս պղպջակները, ամենայն հավանականությամբ, ձևավորվել են գալակտիկայի կենտրոնում աստղագոյացման ինտենսիվ ակտիվության, և ոչ թե սև խոռոչի ակտիվության պատճառով»,- ասել է թիմի անդամ, Օհայո նահանգի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Սմիթա Մաթուրը:
Գիտնականները հույս ունեն լրացուցիչ տեղեկություններ ստանալ «eRosita պղպջակների» մասին նոր տիեզերական առաքելությունների դիտարկումների միջոցով:
ամիս
շաբաթ
օր