James Webb-ը ջուր է հայտնաբերել խորհրդավոր գիսաստղի վրա

16 մայիսի, 2023  22:06

James Webb տիեզերական աստղադիտակը ջրի գոլորշի է հայտնաբերել 238P/Read գիսաստղի շուրջը, որը գտնվում է Յուպիտերի և Մարսի միջև գտնվող աստերոիդների հիմնական գոտում: Հնարավոր է, որ ջուրը Երկրի վրա հայտնվել է հենց այս գոտու գիսաստղերի շնորհիվ։ Միաժամանակ գիտնականները գիսաստղի վրա ածխաթթու գազի հետքեր չեն հայտնաբերել։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, աստերոիդների հիմնական գոտում կարելի է գտնել ոչ միայն աստերոիդներ, այլև օբյեկտներ, որոնցում պարբերաբար կարելի է նկատել կոմա (գազի ամպ) կոչվող լուսապսակ և գազի և փոշու պոչ: Այս օբյեկտները վերջերս դասակարգվել են որպես գիսաստղեր։ 238P/Read-ը այս գոտու երեք գիսաստղերից մեկն է:

Նախկինում ենթադրվում էր, որ բոլոր գիսաստղերը ծագում են Կոյպերի գոտուց, որը գտնվում է  Նեպտունից այն կողմ, կամ այսպես կոչված Օորտի ամպում, Արեգակնային համակարգի ծայրամասում, որտեղ սառույցը կարող է պահպանվել՝ լինելով արևից հեռու: Երբ գիսաստղը մոտենում է Արեգակին, դրա վրայի սառույցը սկսում է գոլորշիանալ, ինչի շնորհիվ այն կարող է ստանալ յուրահատուկ գազային ամպ և պոչ, որով այն կտարբերվի աստերոիդներից:

238PRead

Շատ աստղագետներ կարծում էին, որ սառույցը կարող է պահպանվել նաև Յուպիտերի ուղեծրի ներսում գտնվող աստերոիդների գոտում, որտեղ ավելի տաք է, քան Նեպտունից այն կողմ: Աստղադիտակի օգնությամբ արված հայտնագործությունը հաստատել է դա:

«Նախկինում մենք դիտարկում էինք օբյեկտներ հիմնական գոտում՝ գիսաստղերի բոլոր բնութագրերով, բայց միայն Webb-ի նման ճշգրիտ սպեկտրային տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ այդ էֆեկտը միանշանակ ստեղծվում է ջրային սառույցի կողմից: 238P/Read գիսաստղի՝ Webb-ի կատարած դիտարկումների շնորհիվ կարող ենք ցույց տալ, որ վաղ Արեգակնային համակարգի ջրային սառույցը կարող է գոյատևել աստերոիդների գոտում»,- ասել է Մերիլենդի համալսարանի աստղագետ, հետազոտության գլխավոր հեղինակը Մայքլ Քելլին։

Հետաքրքիր է, սակայն, որ 238P/Read գիսաստղը ածխաթթու գազ չի պարունակել: Ըստ գիտնականների՝ սովորաբար գիսաստղի ցնդող նյութերի մոտ 10%-ը կազմում է ածխաթթու գազը, որը հեշտությամբ գոլորշիանում է արեգակնային ջերմության ազդեցության տակ։ Այնուամենայնիվ, 238P/Read-ում ածխաթթու գազ չի հայտնաբերվել:

Ահա թե ինչպիսի տեսք ունի ջրի և ածխածնի երկօքսիդի առկայությունը ստուգելու նպատակով 238 P/Read-ի (սպիտակ) և 109 P/Hartley 2 (կապույտ) գիսաստղերի սպեկտրալ վերլուծությունը.

238PRead-2

Գիտնականների կարծիքով՝ հնարավոր է, որ գիսաստղն իր առաջացման պահին ածխաթթու գազ է պարունակել, սակայն ժամանակի ընթացքում Արեգակի ազդեցության տակ ամբողջությամբ կորցրել է այն։ Քանի որ ածխաթթու գազն ավելի հեշտ է գոլորշիանում, քան ջրային սառույցը, գիսաստղի ածխաթթու գազի պաշարները կարող էին անհետանալ միլիարդավոր տարիներ անց: Բայց հնարավոր է նաև, որ աստերոիդների հիմնական գոտուց գիսաստղ կարող էր ձևավորվել Արեգակնային համակարգի առանձնապես տաք հատվածում, որտեղ ածխաթթու գազը հասանելի չէր:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ