Իլոն Մասկը պահում է խոստումը և թողնում է Twitter-ի տնօրենի պաշտոնը․ նրան փոխարինողը կին է

12 մայիսի, 2023  10:11

Իլոն Մասկը կատարում է մի քանի ամիս առաջ իր հետևորդներին տված խոստումը և լքում է Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը, քանի որ մեկ այլ գործադիր տնօրեն է գտել։ Մասկը կմնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահն ու տեխնիկական տնօրենը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ X/Twitter-ի համար աշխատանքի եմ ընդունել նոր գործադիր տնօրենի: Նա աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթից։ Ես կանեմ տնօրենների խորհրդի և տեխնիկական հարցերով գործադիր տնօրենի, ինչպես նաև արտադրանքի և ծրագրային ապահովման մշակման ղեկավարի աշխատանքը, ընդհանուր գործառնական ֆունկցիաներ»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Մասկը Twitter-ը գնել է 2022-ի հոկտեմբերի վերջին և մինչ այժմ եղել է ընկերության գործադիր տնօրենը։ Դեկտեմբերին նա հարցում էր անցկացրել Twitter-ի գրանցված օգտատերերի շրջանում, թե արդյոք ինքը պետք է թողնի սոցցանցի ղեկավարի պաշտոնը: Նա խոստացել էր հավատարիմ մնալ հարցման արդյունքներին։

Twitter-ի ղեկավարի պաշտոնից Մասկի հեռանալու օգտին քվեարկել էր հարցվածների 57,5%-ը, դեմ՝ 42,5%-ը։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել էր մոտ 17 մլն մարդ։ Հետո ԶԼՄ-ներում սկսեցին տարբեր ենթադրություններ հայտնվել, թե ով է փոխարինելու Մասկին։ Ինքը՝ Մասկը, հայտարարել էր, որ կհեռանա Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, երբ այդ պաշտոնի համար գտնի «բավական հիմար ինչ-որ մեկին»։

Ավելի ուշ Մասկը հումորային գրառում էր արել՝ սոցցանցում հրապարակելով իր շան՝ Ֆլոկիի լուսանկարը, և գրելով, որ նա է նշանակվել սոցցանցի նոր տնօրեն։

Հիմա, կարծես, նա իր համար իսկական փոխարինող է գտել: Twitter-ի նոր ղեկավարի անունը չի նշվում, սակայն, ըստ The Wall Street Journal-ի, դա կլինի NBCUniversal-ի գովազդային բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն։

Ըստ The Verge-ի՝ Լինդա Յակարինոն գործընկերների հետ զրույցներում բազմիցս է հետաքրքրություն հայտնել Twitter-ի հետ փոխգործակցելու համար, հատկապես, երբ, գալիք Օլիմպիական խաղերի լուսաբանման շրջանակում NBC-ի և Twitter-ի միջև համագործակցության մասին հայտարարություն արվեց։ Վերջերս Յակարինոն Իլոն Մասկին հրավիրել էր մասնակցելու Մայամիում անցկացված արդյունաբերական կոնֆերանսին, որն ինքն էր վարում և այդ ժամանակ էլ հարցազրույց էր վերցրել նրանից։ Բացի դրանից, և՛ Իակկարինոն, և՛ Մասկը ընդհանուր քաղաքական հայացքներ ունեն, ինչը կարող է հեշտացնել նրանց համար սոցցանցի կառավարումը:

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ