Ե՞րբ NASA-ի Artemis I լուսնային առաքելությունը վերջապես պատրաստ կլինի մեկնարկի

13 հոկտեմբերի, 2022  14:03

NASA-ի մի քանի անգամ հետաձգված անօդաչու առաքելության մեկնարկը դեպի Լուսին կարող է տեղի ունենալ նոյեմբերի 14-ին։ NASA-ի հաղորդմամբ, ժամը 00:07-ին (Երևանի ժամանակով 20:07), կբացվի 69 րոպե տևողությամբ արձակման պատուհան, և եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, Artemis I անօդաչու առաքելությունը կգործարկվի Space Launch System (SLS) հրթիռի արձակմամբ, որը տիեզերք կբարձրացնի Orion տիեզերանավը:  

Արձակման նախորդ փորձերը վերջին ամիսներին հետաձգվել են տեխնիկական և եղանակային դժվարությունների պատճառով: Սկզբում տեխնիկական խնդիրներ կային, այդ թվում՝ վառելիքի արտահոսք։ Այնուհետև սեպտեմբերի 27-ին նախատեսված մեկ այլ արձակման փորձ ստիպված եղան հետաձգել «Իեն» փոթորկի պատճառով:

Հրթիռն ու տիեզերանավն այժմ Քենեդու Տիեզերական Կենտրոնի Vehicle Assembly Building-ի անգարում են: Այդ ընթացքում NASA-ի մասնագետները զննել են դրանք և ստուգել, թե որքանով են դրանք պատրաստ թռիչքի, քանի որ երկուսն էլ բավականին երկար ժամանակ՝ 2021-ի հոկտեմբերի 21-ից ամբողջությամբ հավաքված վիճակում են:

NASA-ն նախատեսում է Orion տիեզերանավով SLS հրթիռը նոյեմբերի 4-ին վերադարձնել արձակման հարթակ և արձակել տասն օր անց։ Հրթիռը արձակման նախապատրաստելու համար անհրաժեշտ կլինի որոշակի աշխատանք կատարել, այդ թվում՝ վերականգնել ջերմային պաշտպանության համակարգի փոքր վնասները, ինչպես նաև լիցքավորել կամ փոխարինել մարտկոցները, հայտնում է NASA-ն:

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա Orion տիեզերանավը տիեզերքում կանցկացնի 25,5 օր՝ մինչ վայրէջք կատարելը Խաղաղ օվկիանոսում: Այս առաքելության նպատակն է փորձարկել հրթիռը և դրան կցված Orion անօդաչու պարկուճը՝ նախապատրաստվելով դեպի Լուսին ապագա առաքելություններին, որոնցում մարդիկ կլինեն:

Եթե ​​նոյեմբերի 14-ի մեկնարկը ձախողվի, կան երկու պահեստային ամսաթվեր՝ նոյեմբերի 16, ժամը 1:04-ը եւ նոյեմբերի 19, ժամը 1:45-ը:     

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ