Microsoft Designer․ արհեստական բանականության նոր գործիքը պատկերներ է ստեղծում տեքստային նկարագրություններից

13 հոկտեմբերի, 2022  12:25

Microsoft ընկերության նոր հավելվածը՝ Designer-ը, կարող է պատկերներ ստեղծել տեքստային նկարագրությունից։ Բավական է բառերով նկարագրել, թե կոնկրետ ինչ եք ուզում տեսնել, և DALL-E նեյրոնային ցանցը կփորձի բառերը վերածել պատկերների։

Նոր հավելվածը Microsoft 365 ծառայության մի մասն է, սակայն այն հասանելի կլինի նաև Microsoft Edge բրաուզերի օգտատերերին։ Այսպիսով, հենց բրաուզերում օգտատերերը կկարողանան յուրօրինակ պատկերներ ստեղծել սոցիալական ցանցերի համար, և դրա համար ստիպված չեն լինի դիմել լրացուցիչ ծրագրերի օգնությանը։ Օգտատերերը կարող են նաև պատկերներ ստեղծել՝ օգտագործելով Image Creator գործիքը Bing որոնման համակարգում, քանի որ այն աշխատում է նույն նեյրոնային ցանցի հիման վրա, ինչ Designer-ը:

Ընկերության մեկ այլ նորարարություն Microsoft Create կայքն է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել գրաֆիկա, տեսանյութեր և այլ թվային բովանդակություն՝ օգտագործելով պատրաստի կաղապարներ և մի շարք այլ գործիքներ:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Meta-ն նույնպես ներկայացրել էր արհեստական բանականություն, որը կարող է տեքստի հիման վրա պատկերներ ստեղծել։ Նախագիծը կոչվում էր Make-a-Scene և շուտով դրան հաջորդեց նոր նախագիծ՝ Make-A-Video, որն ունի ավելի զարգացած արհեստական բանականություն, որը թույլ է տալիս մարդկանց տեքստային նկարագրությունները վերածել կարճ տեսահոլովակների: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ