Սև խոռոչը դուրս է նետում նախկինում կլանած աստղը․ նման բան առաջին անգամ է նկատվում

13 հոկտեմբերի, 2022  10:20

Այն ամենը, ինչ ընկնում է սև խոռոչի մեջ, մնում է այնտեղ ընդմիշտ, նույնիսկ լույսը չի կարող լքել այն: Այսպես, համենայնդեպս, ընդունված էր համարել։ Այժմ, սակայն, գիտնականներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է սև խոռոչը դուրս նետում տարիներ առաջ կուլ տված աստղի մնացորդները:

Ինչպես տեղեկացնում է The Harward Gazette-ը, 2018 թ․ հոկտեմբերին Երկրից 665 միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող գալակտիկայում մի փոքրիկ աստղ չափազանց մոտ է թռել սև աստղին, ինչի հետևանքով պատառոտվել է, մասնատվել, ապա սև աստղը կուլ է տվել նրան։

Աստղագետների համար այս իրադարձության մեջ որևէ արտասովոր բան չկար. տիեզերքում դա տեղի է ունենում մշտապես: Սակայն առավել քան անսպասելի էր այն, որ աստղը վերջերս դուրս է նետել կլանված նյութի մի մասը: Այսօր՝ այդ աստղը կլանելուց մոտ երեք տարի անց, սև խոռոչը կրկին լուսավորում է երկինքը, և այդ ժամանակվանից ի վեր այն ոչ մի նոր բան կուլ չի տվել:

«Դա մեզ անակնկալի բերեց, քանի որ նախկինում ոչ ոք նման բան չէր տեսել», - ասել է Իվետ Սենդեսը, որը Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի (Հարվարդի քոլեջի և Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի համատեղ ծրագիր է) գիտաշխատող է և այս ֆենոմենը վերլուծող նոր հետազոտության առաջատար հեղինակը:

Գիտնականների թիմը եկել է այն եզրակացության, որ այժմ սև խոռոչը կլանած նյութի մի մասը դուրս է մղում այնպիսի արագությամբ, որը կիսով չափ հավասար է լույսի արագությանը: Սակայն գիտնականները չեն հասկանում, թե ինչու դա սկսեց տեղի ունենալ աստղի կլանումից մի քանի տարի անց:

Գիտնականներն իրենց դիտարկումները նկարագրել են Astrophysical Journal-ում: Հավանաբար այս երեւույթի ուսումնասիրությունը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ սև խոռոչների վարքը: Միևնույն ժամանակ Սենդեսը տեղի ունեցածը համեմատում է ուտելուց հետո «զկռտոցի» հետ։

Գիտնականները անսովոր ալիք են նկատել, երբ վերանայել են մի քանի տարի առաջ տեղի ունեցած մակընթացության խաթարման իրադարձությունը (tidal disruption event, TDE): Այս երևույթը տեղի է ունենում, երբ աստղը բավական շատ է մոտենում հսկայական զանգված ունեցող սև խոռոչի եզրերին, ինչից հետո խոռոչի մակընթացային ուժերը պատառոտում ու մասնատում են այն։

Նյու Մեքսիկոյում գտնվող Very Large Array ռադիոաստղադիտարանի տվյալները ցույց են տվել, որ 2021 թ․ հունիսին սև խոռոչը խորհրդավոր կերպով «վերակենդանացել է»։ Այնուհետև գիտնականները սկսել են տվյալներ հավաքել Երկրի տարբեր մասերում տեղակայված մի քանի աստղադիտարաններից։

«Արդեն ավելի քան տասը տարի մենք ռադիոաստղադիտակներով ուսումնասիրում ենք մակընթացության խաթարման իրադարձությունները, և երբեմն տեսնում ենք, որ դրանք փայլում են ռադիոալիքներով, երբ սև խոռոչի կողմից աստղի կլանման ժամանակ դուրս են նետում նյութի մի մասը, - ասում է Հարվարդի համալսարանի և Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագիտության պրոֆեսոր, նոր հետազոտության համահեղինակ Էդո Բերգերը: - Սակայն AT2018hyz-ի դեպքում առաջին երեք տարիների ընթացքում ռադիոլռություն էր, և այժմ այն ​​հանկարծակի սկսեց լուսարձակել և դարձավ երբևէ նկատված ամենավառ մակընթացության խաթարումներից մեկը»:

Գիտնականները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել այս երեւույթը։ Չի բացառվում, որ դա տեղի է ունենում բավականին հաճախ, պարզապես ոչ ոք այնքան երկար չի ուսումնասիրել աստղեր կլանող սև խոռոչներին, որպեսզի դա տեսնի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ